22 Մարտ 2013, 16:49
1542 |

Ատամհատիկից մինչև բուհ

Քարակերտ գյուղում մարտի 22-ին բացվեց Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոն: Վերջինս նպատակ ունի աջակցել դպրոցականներին՝ ընտրելու ճիշտ մասնագիտություն: Ծրագիրը նախաձեռնել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ «HSBC Բանկ Հայաստան»-ի ֆինանսավորման և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի օժանդակության շնորհիվ՝ «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի ու Review ամսագրի հետ համագործակցությամբ:

Ինչպես Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի բացման ժամանակ ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, HSBC-ն չափազանց մեծ կարևորություն է տալիս կրթությանը, քանի որ այն լավ ապագա ունենալու ամենաիրական գրավականն է: «Համոզված ենք, որ Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի գաղափարը հաջողվելու է և հուսով ենք, որ մոդելը ապագայում հնարավոր կլինի կիրառել Հայաստանի մասշտաբով»,- նշեց Քլեմենցը:

Ծրագիրն իրականացվելու է 2013-ի մարտից մինչև 2014-ի հունիս: Նախաձեռնությանը մասնակցելու են Արմավիրի և Արագածոտնի մարզերի 9 գյուղերի 10 դպրոցներ: «7-11-րդ դասարանների աշակերտների հետ կաշխատեն ծրագրի համակարգողները, համապատասխան փորձագետներ և հոգեբաններ: Նրանցից յուրաքանչյուրի համար կստեղծվի տեղեկատվական բազա, ծրագրի ընթացքում աշակերտները կայցելեն զանազան բուհեր, տեխնիկական մասնագիտական կենտրոններ ու կազմակերպություններ, որպեսզի առավել իրատեսական պատկերացում ունենան կրթական և աշխատանքային միջավայրերի մասին»,- ընդգծեց Մասնագիտական կողմնորոշման ծրագրի ղեկավար Նարինե Թադևոսյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի բացումը շատ կարևոր է երեխաների գիտակցության մեջ մասնագիտությունների վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը կոտրելու և յուրաքանչյուր մասնագիտության կարևորությունը ցույց տալու համար: «Մասնագիտություն ընտրելը հեշտ բան չէ: Հայերի մոտ ընդունված է ատամհատիկի ժամանակ արդեն կես-կատակ, կես-լուրջ որոշել, թե երեխան ինչ է դառնալու, բայց մասնագիտության ընտրությունը նախ և առաջ ենթադրում է ինքնաճանաչում. երեխան պետք է հասկանա, թե որ ոլորտում ունի առավելություններ, որպեսզի ճիշտ կողմնորոշվի այսօր գոյություն ունեցող բազմազան մասնագիտությունների և արագ փոփոխվող աշխարհում»,- նշեց նա:

Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի բացման շրջանակում «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն ու Review ամսագիրը ներկայացրեցին և դպրոցականներին նվիրեցին համատեղ հրատարակած Խոակիմ դե Պոսադայի և Էլեն Սինգերի «Մի' կերեք զեֆիրը… առայժմ» գիրքը: Այն պատմում է, թե ինչպես 40 տարի առաջ Սթենֆորդում սկսվեց մի զարմանալի գիտափորձ. 600 չորսամյա երեխաներից յուրաքանչյուրին տվեցին մի կտոր զեֆիր՝ առաջարկելով չուտել այն առաջիկա 15 րոպեների ընթացքում, որպեսզի հետո ստանան լրացուցիչ ևս մեկ կտոր: Փորձությունն անցան ոչ բոլոր երեխաները: Բոլոր 600-ի ճակատագրերին հետևում են առ այսօր: Ու կյանքը ցույց է տալիս, որ հաջորդած 40 տարիների ընթացքում բոլոր նրանք, ովքեր միանգամից չկերան զեֆիրը, հասան տպավորիչ հաջողությունների, մինչդեռ գայթակղությանը չդիմացածներից ոչ ոք այսօր չի կարող պարծենալ լուրջ նվաճումներով: «Մի' կերեք զեֆիրը… առայժմ» գիրքն այն մասին է, թե ինչու էր այդքան կարևոր զեֆիրը չուտելը, և ինչպես են այսօր կայացրած նույնիսկ աննշան թվացող որոշումներն ազդում հետագա լուրջ հաջողությունների վրա: Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը շեշտեց, որ գիրքն իսկապես կարևոր է հաջողության հասնելու գաղտնիքները բացահայտելու և ամեն ինչում չափը ճանաչելու համար:

Այս թեմայով