19 Մարտ 2013, 15:44
2552 |

Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ. Խուլիո Իգլեսիաս

Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ իսպանացի սրտակեր, Գրեմի մրցանակակիր, աշխարհահռչակ Խուլիո Իգլեսիասի երկար սպասված համերգը: Դեռ տարեսկզբին երգչի երկրպագուները ցնծացին մամուլում տարածված լուրից` վերջապես 69-ամյա երգիչը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի ու սիրված հիթերը: Մարզահամերգային համալիրի առջեւ խցանված ավտոմեքենաների եւ աստիճաններով բարձրացող մարդկանց հոսքը արդեն լեփ-լեցուն դահլիճ էր խոստանում:

Հսկիչների օգնությամբ երկրպագուները զբաղեցրեցին իրենց տեղերը, դահլիճի լույսերը մարեցին ու բեմ դուրս եկան երգչի բենդի հինգ երաժիշտները, կոկտելային սեւ զգեստերով բեք վոկալիստուհիները ու, վերջապես, հենց ինքը` 1970-ականների սեքս-խորհրդանիշ, դասական ոճին հավատարիմ Խուլիո Իգլեսիասը:

Երգիչը ողջունեց անդադար ծափահարող հանդիսատեսին. «Հայաստան, Երեւան… 45 տարի ենք սպասել, որ վերջապես ժամանենք այստեղ ու առանց մնացորդի նվիրենք մեր սրտերը այս վայրին ու բնակիչներին»: Համերգից առաջ հայտնի երգիչը նշել էր, որ միշտ հոգի է ներդնում իր երգերի մեջ, ու մարտի 18-ին կայանալիք համերգը բացառություն չի լինելու` «հոգով եմ երգելու, փակելու եմ աչքերս ու պատկերացնեմ, թե տիեզերքում եմ»: «Տիեզերքում էին» հայտնվել նաեւ Իգլեսիասի երկրպագուները` ծափահարությունները շարունակում էին ուղեկցել երգերի սկզբում, ընթացքում եւ յուրաքանչյուր դադարի պահին: Հանդիսատեսի շարքում էին նաեւ արտասահմանից ժամանած երկրպագուները, իսկ ձախ սեկտորում նստած իսպանացի երկրպագուները երգերի ընթացքում նույնիսկ ծածանում էին Իսպանիայի դրոշը ու իսպաներեն բացականչում` «Viva Iglesias»:

Այս համերգը յուրահատուկ նվեր էր կանանց՝ նրանց տոնական միամսյակի շրջանակներում: Մեծահասակ ու միջին տարիքի կանայք եկել էին հիշելու եւ կրկին վերապրելու իրենց մանկությունն ու պատանեկությունը՝ Իգլեսիասի երգերի ներքո  ընթացած: Հենց ինքը, երգիչը, ով Երեւան էր ժամանել դեռեւս մարտի 15-ին ու հասցրել էր օդանավակայանից սկսած շփվել երկրպագուների հետ, փաստեց, որ զարմացած է` երկրպագուհիների շարքում այսքան երիտասարդ աղջիկներ տեսնելով:

Իգլեսիասի ամեն կատարում մոնոներկայացում է՝ հանդիսատեսին հուզվել, մտորել ու երազել դրդող: «Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք` երգիչներս, երազկոտ ենք, բայց դա այդպես չէ: Պարզապես  մենք նախընտրում ենք անել այնպես, որ մյուսները երազեն», - խոստովանում է երգիչը:

Համերգի ընթացքում հնչեցին հայ հանդիսատեսին ծանոթ երգչի հայտնի հիթերը «Nathalie»-ի ու «Baila Morena»-ի գլխավորությամբ, ինչպես նաեւ հայտնի երգերի քավր տարբերակները: Իգլեսիասը հիշեց Լուչիանո Պավարոտիին ու կատարեց «Caruso» երգը, էկրաններին հայտնվեց լեգենդար Ժակ Բրելի լուսանկարն ու երգիչը կատարեց վերջինիս «Ne me quitte pas» երգը: Իգլեսիասը ներկայացրեց նաեւ Ջորջ Մայքլի «Careless Whisper», Մորիս Ալբերտի «Feelings», Ֆրանկ Սինատրայի «My Way», Սթինգի «Fragile», Էլվիս Փրեսլիի «Can't Help Falling in Love» եւ այլ հայտնի երգեր: 

Դահլիճի սեկտորների ծայրերում նստած հանդիսատեսի համար մեծ էկրաններ էին տեղադրվել, իսկ բեմի հետեւում տեղադրված էկրանները պարբերաբար փոխում էին գույներն ու լրացնում համերգային շոու-ծրագիրը: Կարմիր էկրանների ու լույսերի ներքո տանգո պարեցին կարմիր զգեստով պարուհին ու նրա դասական կոստյումով զուգընկերը, ում կարմիր փողկապը ընդգծում էր բեմում տիրող լատինաամերիկյան շունչը: Իգլեսիասը կատակեց` «Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները այնպես են պարում, որ կանայք հեշտությամբ հղիանում են»: 

«When you tell me that you love me» հայտնի հիթն Իգլեսիասը կատարեց բեք վոկալիստուհիներից մեկի հետ եւ, չզսպելով երգի արդյունքում օդում ճախրող ռոմանտիկ ու կրքոտ տրամադրությունը, համբուրեց երգչուհու շուրթերը: «Երբեմն ինձ թվում է, թե ընդամենը 47 տարեկան եմ», - ասաց 69-ամյա երգիչն ու կրքոտ համբուրեց հաջորդ բեք-վոկալիստուհուն:

Երգիչը վստահեցնում է`ինչ էլ լինի, երբեւիցե չի երգում մի վայրում, որն իր սրտով չի:  «Մեծ սիրով եմ պատրաստվել երեւանյան համերգին: Կարծում եմ՝ ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել, ու դրա համար երջանիկ եմ, որ վերջապես Հայաստանում եմ` աշխարհում ունեցած բոլոր հայ ընկերներիս երկրում»: Այս համերգն իրականացվեց Իգլեսիասի համաշխարհային շրջագայության շրջանակներում: Երեւանյան ելույթից հետո երգիչը կմեկնի Դուբայ, այնուհետեւ համերգներ կունենա Շանհայում, Սինգապուրում, Կորեայում ու Բրազիլիայում: 

Այս թեմայով