24 Դեկտեմբեր 2014, 12:29
1372 |

Ձմեռ պապի կենացը

Նոր տարվա տոներին ընդառաջ հրապարակում ենք Հովհաննես Իշխանյանի պատմվածքը՝ 2011 թվականին լույս տեսած և բավական սկանդալային համբավ ձեռք բերած «Ուվալնյատի օրը» ժողովածուից:

Է ն ամենալավ պահին, երբ արդեն իրա կենացն են խմում ու որ պիտի ասեն, թե ինչքան կարևոր է ինքը մարդկության համար, զանգում են ձեռքի հեռախոսին:
Նոր պատվեր ունի, պիտի գնա, համ էլ ժամանակը լրացել է էդ ընտանիքի: Հեռախոսն անջատում է:
— Ժողովուրդ ջա՛ն, կներեք, բայց ես արդեն պիտի գնամ:
Բայց մտածում է. «մեկ էլ տեսար, ասեն՝ սպասի կենացդ խմենք նոր կգնաս»:
— Դե՛ էրեխեք ջան, գնացե՛ք ճանապարհեք Ձմեռ Պապիկին, — ասում ա տան տիրուհին:
Շարժվում են դեպի դուռը, էրեխեքը թռչում են Ձմեռ Պապիկի շալակը հաջող ասում, տան տերը Ձմեռ Պապի հետ դռնից դուրս է գալիս, շշուկով փողը հաշվում, տալիս, թփթփացնում ա մեջքին ասում է. «Ապրե՛ս»: Ձմեռ Պապն իջնում է շենքից, բակերով գնում է ու հանդիպում հարբած ջահել տղերքի.
— Ձյաձ ջա՛ն, որ մի հատ խնդրենք՝ կասես, «հո հո հո»:
— Չէ՛, ապեր, ձյաձին պիտի տանենք մեր տուն, փոքր քրոջս նվեր տա: Չէ՞ ձյաձ ջան, դու բարի ձյաձ ես, կգաս չէ՞:
— էս մեր հոպարը Լապլանդիայի քուչեքն ա մնո՞ւմ: Հոպար, կարո՞ղ ա սանտակլոսին ճանըչես:
— Ասենք, Ձմեռ Պապ ջա՛ն, քեզ չի ասվե՞լ, որ Ձյունանուշիկին էլ չմոտենաս:
Ձմեռ Պապը էլ չի սպասում, որ մի բան էլ ասեն, շարժվում է առաջ: Հետևից ծիծաղում են.
— Ձյաձը չդիմացավ ճնշման, փախավ:
Դուրս է գալիս փողոց, տաքսի կանգնեցնում:
Նստում է տաքսին, հասցեն ասում ու գնում են: Ձմեռ պապը լուռ դիմացն է նայում:
— Մեր գործերն իրար նման են, ախպե՛րս: Գիտե՞ս ինչով: Ոչ ես եմ տանը նոր տարին դիմավորում, ոչ դու, — խոսում է տաքսու վարորդն ու ծիծաղում:
Ձմեռ պապը խոսքի վրա շրջվում լսում է վարորդին ու նորից շրջվում դիմացը նայում:
— Բայց մի հատ տարբերություն կա: Դու ֆորմով ես, ես ֆորմով չեմ, — ասում է նորից տաքսու վարորդը ու շարունակում ծիծաղել, — այ ցավդ տանեմ, ախր եքա մարդ ես, ինչ ես էդ ծաղրածուի շորերը հագել, ընգել տներով կլյաուզնիկություն անում ու հետո էլ կասես գործ ես անում, արի՛ հըլը տաքսի քշի, տենամ
կարաս դիմանաս ռեժիմին: Կես ժամ ժամանակ էլ չունենք, որ մի հատ հաց ուտենք: Դիսպետչերին խաբում ասում ենք գնում ենք լիցքավորվելու, բայց մտնում ենք տուն, որ հաց ուտենք:
Ձմեռ Պապը շարունակում է դիմացը նայել: Վարորդը դադար տալուց հետո շարունակում է.
— Իսկ ձեզ ինչ կա, մտնում եք տներով, հետները ուտում-խմում, պարում, փողը ստանում, անցնում մյուս տուն: Ես զարմանում եմ էդքան ոնց եք ուտում: Էրեխեքին էլ խաբում եք յանմ Ձմեռ Պապ կա: Տո էրեխեն ծնված օրվանից պտի իմանա, որ Ձմեռ Պապ չկա, որ հետո մեծանա ամեն մի չինովնիկի չհավատա:
Տաքսու վարորդը կտրուկ ղեկը թեքում է: Քիչ էր մնում դիմացի ավտոյին խփեին: Սկսում է ազդանշանները բաց թողել, գլուխը հանում է պատուհանից ու սկսում գոռգոռալ: Հետո թեքվում Ձմեռ Պապի կողմը.
— Արա՛, էս ջիպ քշողները, լրիվ իրանց կորցրել են: Գիտեն, թե մեծ մաշնա են քշում ինչ ուզեն կարան անեն: Տաքսու վրա էլ ոնց ուզում գազ
են անում, էլ չեն մտածում, որ էս մարդն էլ կարող ա լավ շրջապատ ունենա, լավ ընկերություն:
Բայց որ մտածում ես էդ մաշնեն տոկոսով են վերցրել ու հիմա տոկոսի տակ ճռռում են:
— Այ էս շենքն ա, ստեղ պահի: Ինչքան պիտի տամ:
— 2000 դրամ:
Ձմեռ Պապը մի ակնթարթ զարմացած նայեց վարորդին, հետո փողը տվեց, շնորհավորեց վարորդի նոր տարին ու իջավ տաքսուց:
«Մինիմալ քշեց, 2000 դրամ փող ուզեց, նոր տարի ա, ոնց կարում գռփում են», — մտածելով մտավ շենք: Մոտեցավ վերելակին, կոճակը սեղմելու վրա շենքի բնակիչներից մեկը աստի-ճաններով իջնելուց ասաց. «Չի աշխատում լիֆտը»:
«Ո՞նց թե չի աշխատում», — մտածեց, հոգոց հանեց: Ու սկսեց աստիճաններով բարձրանալ մինչև 13-րդ հարկ: Մի քիչ բարձրացավ ու դադար տվեց, որ հանգստանա, սպիտակ երկար մորուքը մտնում էր բերանը, կպել էր քրտնած դեմքին, տհաճ էր: Հանեց մորուքը, գլխարկն էլ հանեց: Շարունակեց բարձրանալ: 7-րդ հարկում դմփոց լսեց ու գոռգոռոցներ տեղացին.
— Հարամ արի՛ր նոր տարին, — կնոջ ձայն էր:
— Տո, այ լիրբ, քեզ նոր տարի էլ չի հասնում, — հետևեց տղամարդու ձայնը ու ապտակի ճտտոցը: Հետո լաց, հետո երեխաների լաց: Թեքվեց դեպի այդ դուռը, մոտեցավ, որ զանգը տա. «լավ է, ի՞նչ գործ ունեմ», — մտածեց ու շարունակեց ճամփան՝ կնոջ ու երեխաներին խղճալով: Մյուս հարկում արդեն մոռացավ եղածը. դռան հետևից լսվում էին ուրախության ձայներ, հետո հիշեց ու մտածեց. «նոր տարին բոլորի համար հավասար չի»: Մի կերպ հասավ իր պատվիրատուի բնակարանի մոտ: Զանգը տվեց, ձեռքը հենեց պատին, որ շունչ քաշի: Դռան հետևից լսվեց երեխայի ձայն.
— Ձմեռ Պապին ա, Ձմեռ Պապին ա:
— Հա՛, ազիզ ջա՛ն, սպասի բացենք ներս գա հա՞ Ձմեռ Պապին, — պատասխանեց մի կնոջ ձայն:
Դուռը բացվեց: Փոքրիկ աղջիկը լաց լինելով փախավ: Իսկ կինը ջղային հայացքով նայում էր Ձմեռ Պապին: Ձմեռ Պապը զարմացած էր.
— Հերիք չի ուշացել եք, մի բան էլ մորուքը չեք դրել, — ասաց կինը:
Նոր հասկացավ Ձմեռ Պապը, թե ինչ է կատարվում, ու մորուքը շտապ դրեց:
— Լա՛վ, ներս էկեք:
Ներս մտավ, գնաց լացող երեխայի մոտ, գրկեց նրան.
— Անունդ ի՞նչ ա, — հարցրեց Ձմեռ Պապը:
Երեխան չպատասխանեց ու տրորում էր աչքերը:
— Գիտես ազիզ ջան, տենց լինում ա, որ Ձմեռ Պապերը շատ հոգնելուց մորուքը հանում են: Բայց ես հիմա հանգստացել եմ ու կարամ քեզ նվերներ տամ:
Աղջիկը պոկվեց Ձմեռ Պապի ձեռքերից ու փախավ:
— Դե լա՛վ, էկեք նստենք սեղան մի էրկու կտոր բան ուտենք, — ասաց տղամարդը:
Նստեցին սեղան, բաժակները լցվեցին:
— Ուրախ տարի լինի, բոլորիս համար, ինչ չվերջացրած գործ կար, էս տարի վերջացնենք, — ասաց տղամարդը ու բաժակները չխկացրին:
— Դե՛ լավ ախպեր ջան, շատ դարդ մի արա, մեկ ա պիտի իմանար մի օր, որ Ձմեռ Պապ չկա,- ասաց տղամարդը խմելուց հետո:
— Դե հա:
— Էրեխեքը տենց են, իրանց, որ խաբում են սկսում են լացել, էդ մենք ենք, որ կաշիներս հաստացել ա, ինչքան խաբվում ենք, սուտը մաշկներիս մեջ լուծվում էթում ա:
— Հա բա: Բայց ես երևի արդեն գնամ:
— Ո՞ւր ես գնում: Մնա նորմալ մի բան կեր, կգնաս էլի:
— Չէ՛, էլի տեղեր ունեմ մտնելու:
— Դու գիտես:
Ու ճանապարհեց տղամարդը Ձմեռ Պապին դեպի դուռը:
— Դե, ձեր Նոր տարին շնորհավոր, — ասաց Ձմեռ Պապը:
— Քոնն էլ ախպեր ջան:
Ու շարժվեց: 7-րդ հարկում դուռը բացվեց, մի հարբած տղամարդ դուրս էկավ Ձմեռ Պապի դեմը.
— Էս գյոթ տարուն դու էիր մնացել պակաս, — ասաց Ձմեռ Պապուն ու իջավ արագ-արագ:
Իսկ տնից լսվում էին հեկեկոցներ: Մեկ մտքով անցավ մտնի էս տուն մի քիչ ուրախացնի, հետո մտածեց. «Լավ, ի՞նչ գործ ունեմ, է»: Հասավ առաջին հարկ, վերելակն էին սարքում: Տաքսի վերցրեց: Բայց նստելուց առաջ որոշեց հարցնի գինը: Ասաց՝ 600 դրամ: «Ստեղից տուն ավելի հեռու ա, քան էն տնից ստեղ ու 600 ա ուզում: Չնայած եթե չհարցնեի, կարող ա տեղ հասցներ մի 5000 էլ էս ուզեր»:
Նայեց ժամին՝ 2 րոպեից Նոր տարի էր: 2 րոպեն անցավ, վարորդին ասաց.
— Շնորհավոր Նոր տարիդ:
Վարորդը պատասխանեց՝ քոնն էլ:
Հասավ տուն, մտավ ներս ու գնաց միանգամից լվացարան, շորերը հենց էնտեղ էլ հանեց: Դեմքը մի լավ լվաց: Լվացարանից վերջացրեց, գնաց պահարանից պարան հանեց: Պարանը գցեց ջահից, աթոռ բերեց, կանգնեց վրան, պարանը վզովը գցեց ու աթոռը ոտքով դեն հրեց: Կախվեց ու ընկավ, ջահը կոտրվեց: Պարանը վզից հանեց: Գնաց պառկեց անկողնում, աչքերը միանգամից փակվեցին, քունը վրա հասավ: Ու լսվեց զանգ: Աչքերը թեթև բացեց, ձեռքը մի կերպ հասցրեց հեռախոսին ու քնած ձայնով ասաց.
— Ալո:
— Վա՛յ, Անդո ջա՛ն, քնա՞ծ էիր: Բա էս ազիզ օրով մարդ կքնի: Նոր տարիդ շնորհավոր, ախպերս:
— Քոնն էլ, Գարո ջան:
— Արա՛, զարթնի արա՛, գալիս ենք հետևիցդ: Քնես, քնած կանցկացնես նոր տարիդ, այ տղա:
— Էղավ, սպասում եմ:
— Դե մի ժամից ըտեղ կլինենք:
Ատբոյ ու էլի քնեց: Ու նորից զանգ: Այս անգամ առանց աչքերը բացելու հասավ հեռախոսին.
— Ալո:
— Անդ ջա՞ն, քնա՞ծ էիր: Նոր տարիդ շնորհավոր:
— Մերսի՛, քոնն էլ:
— Անդ ջա՞ն, վաղը տենց էրկուսի կողմերը կարաս գաս մեր յան Ձմեռ Պապ խաղա՞ս: Էրեխեքը լավ կուրախանան:
— Էղավ կգամ:
— Դե դավայ ախպերս:
— Դավայ:
Ատբոյ, ու էլի քնեց:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2014

Այս թեմայով