27 Նոյեմբեր 2014, 14:55
2206 |

Հայ քաղաքական գործիչների սիրելի վեպերը

«Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագրի շրջանակներում Ազգային Ժողովի պատգամավորները ու կրթության և գիտության նախարարը կներկայացնեն իրենց սիրելի գրքերը։

Հայաստանում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Հայաստանի ժամանակակից արվեստի միությունը «Անտարես» մեդիա հոլդինգի հետ նախաձեռնեցին «Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագիրը։ Դրա շրջանակներում հայ հայտնիները պատմում են իրենց սիրելի գրքերի մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիոսյանը հայտարարեց, որ այսօր աշխարհում թղթային գրքերի նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, սակայն ընթերցողների քանակը տարեցտարի ավելանում է։ Դրան նպաստում են էլեկտրոնային և աուդիոգրքերը։ «Հայաստանում դրությունը ավելի վատ վիճակում է, քան մյուս երկրներում։ Այստեղ ընթերցողների թիվը գնալով պակասում է»,- վստահեցնում է հրատարակիչը։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ նախագիծը միտված է գրադարանավարի գործառույթ կատարելու։ Հայաստանում գրադարանավարները հիմնականում տեղյակ էլ չեն վերջին 20 տարիներին գրականության զարգացման ընթացքից։ Այն ամենացածր վարձատրվող աշխատանքներից է։ Հայտնի մարդիկ իրենց ուսերին են վերցնում ընթերցանությունը մասսայականացնելու ծանր գործը:

Հիմա հայ քաղաքական գործիչների հերթն է։ Նախագծի կազմակերպիչներն առաջարկեցին հայ քաղաքականության հինգ ամենամեծ գրքասերներին պատմել իրենց սիրելի վեպերի մասին։ Այսպիսով` 


ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրեց Ջորջ Օրուելի «1984» գիրքը



Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կներկայացնի Ստենդալի «Կարմիր և սև» գիրքը


Պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կպատմի Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»


Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շուտով կներկայացնի իր սիրելի վեպը՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»՝ 20-րդ դարի ամենասկանդալային վեպերից մեկը։ 

ԿԱԱ-ի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կներկայացնի Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» բեսթսելլերը։

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում իրենց սիրելի գրքերը ներկայացրեցին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը։

 

Այս թեմայով