04 Նոյեմբեր 2014, 14:07
1439 |

Մի թիզ թիթիզները

Հայ լուսանկարիչը ուղղում է 90-ականների սխալներն ու մաքրում մի քանի ֆոտո ունենալու տխուր փաստը: Նրա մոդելները նորածին երեխաներ են:

Ստացվել է այնպես, որ այսօր հեռուն դարձել է մոտիկ, արհեստականը՝ իսկական, անհասանելին՝ հասանելի: Փոքրացրել ենք աշխարհը, հեռացել իրարից ու դարձել տեխնոմարդ: Ինչ-որ մեծ բան է կատարվում մեր մոլորակում: Լավ է, թե վատ՝ հետո պարզ կդառնա, բայց կարեւորն այն է, որ այդ տարօրինակ երեւույթի մի մասը հենց մենք ենք: Ժամանակը ոչ թե առաջ է գնում, այլ թռնում է, անհետանում, ու պետք է հասցնել ապրել: Այլապես ափսոս էր ծնվելդ: Ի դեպ, ծնվելու մասին. մանկությունից մնացած քանի՞ լուսանկար ունեք: Երկո՞ւ, երե՞ք, լավ շատ-շատ՝ տասը: Իմն օրինակ երեքն են, մեկը էն հայտնի արջուկի մոտ՝ լացելիս, մյուսը՝ աղվեսի, էն երրորդն էլ ձմեռ պապիկի հետ Հանրապետության հրապարակում: Գիտեմ, ձմեռ պապիի հետ նկար բոլորն ունեն: Էն ժամանակ էդ բջջային հեռախոսի պես էր, բոլորը պիտի ունենային:

Լուսանկարիչ Աննա Մանասարյանը ուղղում է 90-ականների սխալներն ու մաքրում մի քանի ֆոտո ունենալու տխուր փաստը: Նրա մոդելները երեխաներ են, նորածին երեխաներ: Ֆոտոսեսիաները պայմանավորվում ու պլանավորվում են նախքան նրանց լույս աշխարհ գալը: Աննան համոզված է, որ այդ լուսանկարները պետք է անել մինչեւ երեխայի 20 օրական դառնալը: Այդ ժամանակ երեխաները քնած են, ուզածդ ձեւն ու դիրքն ընդունում են պրոֆեսիոնալ մոդելի պես: Աննան ուսումնասիրել է նորածինների կենսակերպը, նկարահանման տաղավարում ապահովում է բավարար չափով լույս ու ստվեր, համապատասխան ջեմաստիճան ու, իհարկե, երաժշտություն:

Լուսանկարիչը բնակվում է Մոսկվայում: Բժշկի մասնագիտություն ունի, բայց բիզնեսով էր զբաղվում, հետո ամեն ինչ մի կողմ դրեց, վերցրեց լուսանկարչական ապարատը: Սկզբում Մոսկվայում նկարում էր ռուս երեխաներին, հետո նկատեց, որ հայ նորածինների հայացքն ուրիշ է: Հիմա Աննան ամսվա մեջ մի քանի անգամ հավաքում է իրերն ու գալիս Հայաստան: Վերջերս էլ Երեւանում ցուցահանդես է ունեցել, պատերին միայն քնած ձագուկներ էին տարբեր դիրքերով, աչքերը դեռ չբացած, բայց արդեն թիթիզ ու մի թիզ:

Այս թեմայով