27 Հոկտեմբեր 2014, 12:54
2091 |

Երևանի, գրականության և ժամանակակից երեխաների մասին

Գրական բազմաթիվ մրցանակներն ու պարգևները միայն համեստ հավելումն են կարդացողների շրջանում Նարինե Աբգարյանի վայելած մեծ սիրուն: 2010-ին լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Մանյունյան»: Երկու աղջնակների ընկերության մասին պատմությունն անհավանական հաջողություն ունեցավ, վեպից բազմաթիվ աֆորիզմներ ու մեջբերումներ սկսեցին առանձին կյանքով ապրել ու մեծ տարածում ստանալ: 2013-ին Նարինեի «Սեմյոն Անդրեյիչ. Խզբզած տարեգիրք» / «Семён Андреич. Летопись в каракулях» ստեղծագործությունն արժանացավ վերջին տասնամյակում լավագույն մանկական գրքի տիտղոսին՝ ստանալով Միխայիլ Պրոխորովի ֆոնդի «BABY-HOC» մրցանակը: Շատ շուտով լույս կտեսնի արդեն յոթերորդ գիրքը՝ «Մառանը»: Այն վեպ է մի գյուղի մասին, որտեղ, ինչպես Նարինեն է ասում, թաքնված է Հայաստանի պատմությունը:

Դառնալ գրող
Ես մտադրված չէի գիրք գրել: Պարզապես տարբեր պատմություններ էի գրում իմ բլոգում ու բնավ հույս չունեի, որ դրանք կհետաքրքրեն ռուս ընթերցողին: Ավելին, ես գրում էի հայկական թեմաներով, գործողություններն ընթանում էին խորհրդային տարիներին, իսկ 2000-ականներին մարդիկ բացարձակապես այլ գրականություն էին կարդում՝ Ակունին, Պելևին, իսկ ես նրանց կողքին նույնիսկ տեղ չունեի: Երբ պատահաբար նկատեցի, որ ընթերցողներին հետաքրքիր են իմ պատմությունները, հրատարակչությունն էլ բոլորովին պատահաբար առաջարկեց տպագրել գիրքս, ես ցնցված էի: Մտածեցի՝ կատակում են, իսկ երբ «Մանյունյայի» առաջին երեքհազարանոց տպաքանակը մի շաբաթում սրբեցին գրախանութներից, աչքերիս չէի հավատում: Ես երբեք իմ առաջ նպատակ չեմ դրել գրող դառնալ, առավել ևս՝ հետաքրքրել ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին:

Գրել երեխաների համար
Ես չեմ տարբերակում մեծերի ու փոքրերի գրականությունը. եթե երեխային հետաքրքիր է կարդալ, թող կարդա: Իմ գրքերն ինչ-որ միջին գրական ժանրում են: Երեխաները զարմանալի էակներ են: Երբեմն ինձ թվում է՝ մեր փոքրացած տեսակներն են: Մեզնից անհամեմատ լավը: Եվ դա ուրախացնում է:

Ինչի՞ց զերծ պահել երեխաներին
Ստից և ավելորդ գորովանքից: Երեխան արժանի վերաբերմունք է պահանջում: Եթե նա առաջին հայացքից «սխալ» կամ անկեղծ հարց է տալիս, նշանակում է՝ պատրաստ է լսել ճիշտ ու անկեղծ պատասխանը: Երբ փոքր ժամանակ լսեցի, որ նորածինները կաղամբի միջից են դուրս գալիս, շոկի մեջ էի, դա ավելի մեծ շոկ էր, քան եթե իրականությունը պատմեին, իհարկե, առանց անատոմիական մանրամասների:

Ժամանակակից երեխաները
Ցավում եմ, որ հիմա երեխաները չունեն այն մանկությունը, որը մենք ունեինք: Նույնիսկ որդիս, երբ կարդաց «Մանյունյան», խոստովանեց, որ մանկություն, կարելի է ասել, չի ունեցել: Մեծ քաղաքներում ապրող երեխաները զրկված են այն «վայրենիությունից», որն ունեն գյուղերում ապրողները: Դա համացանցի ու ժամանակակից տեխնոլոգիաների հակադարձումն է:

Վերադարձ անցյալ
Կուզեի տեսնել ինձ հինգ տարեկանում, զրուցել ինքս ինձ հետ: Կցանկանամ կողքից անտեսանելի աչքով հետևել ինքս ինձ, իմ մանկությանը, երբ տատիկն ու պապիկը կողքիս էին, աշխարհն էլ փոքր ու հարմարավետ էր: Շատ լավ է, որ մարդիկ չեն կարող կանխատեսել իրենց ապագան, կարծում եմ՝ ավելի հաճելի է անցյալը տեսնել:

Գրական կերպարների ազդեցությունը
Ամենից շատ մանկությանս գրքերի հերոսներն են տպավորություն գործել: Աստրիդ Լինդգրենի և Էնո Ռաուդի հերոսները՝ հատկապես: Մամռոտ Մորուքն էլ ամենասիրածս հերոսն է: Ավելի մեծ հասակում Ֆոլկների «Աղմուկ և մոլեգնություն» վեպի հերոսը՝ Բենջան, մեծ ազդեցություն թողեց: Առհասարակ սիրում եմ ծանր գրականությունը, Ջեյմս Ջոյսի «Ուլիսի» հերոսները նույնպես դուր էին գալիս ինձ:

Իրական հերոսների ազդեցությունը
Ամենամեծ ազդեցությունն ունեցել են հենց ամենահարազատ մարդիկ՝ տատիկներս, պապիկներս, ծնողներս ու քույր-եղբայրներս: Կառանձնացնեմ նաև Սոս Սարգսյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին: Մոնթե Մելքոնյանին նույնպես, որին համեմատում եմ Չե Գևարայի հետ: Շատ էի տխրել, երբ զոհվեց: Նրա նմանները մարդկանց գիտակցության, այդ թվում՝ նաև իմ, մեծ հետք են թողնում:

Ի՞նչ, եթե ոչ գրականություն
Ապա՝ ոչինչ: Այնպիսի տպավորություն ունեմ, թե այլևս ոչնչի պիտանի չեմ: Այդ զգացողությունը բազմիցս ունեցել եմ: Երաժշտական տվյալներս առանձնապես լավը չեն, նկարում եմ հազարից մեկ: Նույնիսկ բանկում եմ աշխատել որպես հաշվապահ: Այնտեղ էլ, ինչպես հարկն է, չէի դրսևորում ինձ: Այնպես որ, տեքստերից բացի, այլ բանի պետք չեմ:

Էքզիստենցիալ հակաուտոպիա, թե մոգական ռեալիզմ
Հիմա մի գործ եմ նախատեսում, որը, չեմ պնդի, որ էքզիստենցիալ հակաուտոպիստական վեպ է, ավելի շատ մոգական ռեալիզմի է ձգում, ինչպես Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Վեպը, որը «Մառան» եմ անվանել, պատրաստ կլինի դեկտեմբերին և կպատմի մի գյուղի մասին, որտեղ կոդավորված է հայ ժողովրդի պատմությունը:

Ամենալավ տեղը
Այն վայրը, որտեղ ես ծնվել եմ՝ Բերդը: Ոչ մեծ տուն ունենք, որտեղից լեռների և անտառների հրաշալի տեսարան է բացվում: Բոլոր իմ գրքերը գրել եմ մեծ կարոտով լցված։ Եթե վերադառնամ տուն, հնարավոր է լրիվ ուրիշ բաներ գրեմ:

Սիրած մեջբերումը
Մարկոս Ավրելիոսի «Այն սիրում էր իրականացվել» / «Оно любило осуществляться»: Այս մեջբերումը ինձ հետ է դեռ ուսանողական տարիներից, դարձել է կյանքիս նշանաբանը: Հիմա ամեն ինչ անում եմ դրան հետևելու համար:

Սեփական մոտիվացիան
Վզիցս բռնում ու ինքս ինձ նստեցնում եմ աշխատելու: Ավելի արդյունավետ միջոց դեռ չեմ գտել: Աշխատում եմ այսօրվա գործը վաղվան չթողնել: Գրողի գործը ծանր ու տաժանակիր է: Չէի ասի, թե քար ջարդելուց բարդ է: Բայց ծախսած էներգիան ուղիղ համեմատական է ֆիզիկական ծանր աշխատանքին: Միակ ելքը ինքդ քեզ ստիպելն է այդ աշխատանքը կատարել օրվա սարսափելի ծանր կարգացուցակով, երբ ստիպված ես 6:30-ին արթնանալ:

Առաքելությունը
Ինչ-որ հստակ առաքելություն չունեմ: Եթե, իհարկե, ընտանիքի հանդեպ սերը, մեծերի հանդեպ հարգանքն ու փոքրերին օգնելը առաքելություն չէ:

Հայրենասիրությունը
Այդ բառը չեմ սիրում: Այն հաճախակի օգտագործող մարդիկ, որպես կանոն, չեն սիրում իրենց հայրենիքը: Իրական հայրենասերները տարեցների մասին հոգ տանող, կարիքավորներին օգնող, հարևաններին բարևող ու թոշակառուների գնումների համար վճարող մարդիկ են, ովքեր իրենց քայլերով աշխարհն ավելի լավն ու բարի են դարձնում: Նման մարդիկ չեն աղաղակում, թե հայրենասեր են: Նրանք դա ցույց են տալիս իրենց արարքներով:

Ինչի՞ հետ է ասոցացվում Երևանը
Լուսինե Զաքարյանի՝ Կամերային երաժշտության տանը ունեցած համերգի: 1991-ն էր, համերգը համընկավ սփյուռքահայ գործարարների առաջին համաժողովի հետ: Լուսինեն արդեն ծանր հիվանդ էր: Հյուրերը չգիտեին, պարզապես վայելում էին նրա հրաշալի կատարումները: Դիմացս տարիքն առած մի մի արգենտինահայ էր նստած, համերգի ամբողջ ընթացքում լուռ արտասվում էր: Եվ երբ երգչուհին «Ավե Մարիան» երգեց, այնպիսի տպավորություն էր, թե բոլորս մի պահ օդ բարձրացանք: Երևանն այդ օրից սկսեց կապվել այդ համերգի հետ:

Հայերի բնավորության ամենալավ գիծը
Իրար օգնելու պատրաստակամությունն ու դրանից մեծ հաճույք ստանալը: Բավական է ընդամենը օգնություն խնդրել, և կողքիդ կհավաքվի հարյուր հոգի, կառաջարկի իր խորհուրդն ու պատրաստ կլինի անել ամեն հարկավորը:

Հայերի բնավորության ամենավատ գիծը
Անսահման ինքնահավանությունը: Մենք սիրում են պատկերավոր պատմել մեր մասին, մեր պատմությունը, ձեռքբերումները, մեծ մարդկանց գործերը, մինչդեռ ինքներս, որպես անհատականություն, ոչ մի էական բանի չենք հասել: Ինչ-որ մեկի պատմական հաջողությունները մեզ համար արդարացում չեն կարող լինել: Մարդն ու ժողովուրդը մեծ է իր սեփական գործերով, այն ամենով, ինչ ինքն է հիմա անում, այլ ոչ թե ինչ-որ մեկի՝ պատմության ընթացքում հասած հաջողությամբ:

Մտքին եկած առաջին բառը
Երջանկություն:

Այս թեմայով