06 Հոկտեմբեր 2014, 15:08
730 |

Մարդկային անվերջ կատակերգություն

Մահը թևածում էր: Մռայլ ու ծանր մթնոլորտ էր: Ամբողջ տարածքը ներծծված էր խավարով: Օդը կարծես այրված լիներ: Գեհենի լավայի համուհոտ կար: Ականջներում ձայն էին տալիս նրա բոցկլտացող կրակները:

«Մահվան պարը» տարածվել էր բեմի վրա, ինչպես սատանեական մռայլ թևերը: Երեքը խաղում էին բեմում, ինչպես աշխարհում մարդիկ են խաղում: Խաղում էին իրենց դերերը, իրենց հավերժ շահերի հետապնդումներով, իրենց հավերժ ձգտումով հավաքել մոլորակը մեկ բռի մեջ: Նրանց տանջվող մարմինն ու հոգին, սիրտն ու բանականությունը, որ երբեք չէին տեսնելու ազատություն իրենց իսկ ձգտումներից, համեմված էր աստվածաշնչյան մոտիվներով: Ամբողջ բեմադրության ընթացքում փորձում էիր գտնել սատանային, բայց երեքն էլ այդպիսին էին' յուրաքանչյուրն իր տեսակի մեջ, իր որակներով ու ձգտումներով: Մահվան պարը մի կղզյակի պատմություն էր, որը պտտվում էր կղզյակի երկու տիրակալների դժբախտ կյանքի շուրջ: Ամուսինները դժբախտ էի սիրո մեջ, ընտանեկան կյանքում: Նրանք չունեին բարեկամներ ու ընկերներ, համախոհներ ու մերձավորներ: Նրանց է այցելում կնոջ եղբայրը, որին քույրը պատմում է իր կյանքի ամբողջ դժբախտությունը, այդ թվում նաև ամուսնուն սպանելու ցանկության մասին:

Եղբայրը հայտնվում է երկու քարի արանքում՝ երբ նա առաձնանում է ամուսնու հետ, ապա նրա կշեռքի նժարը իջնում է դեպի ամուսինը, երբ քրոջ հետ է միայնակ մնում, ցանկանում է օգնել քրոջը ազատվել ամուսնուց: Պարզվում է, որ նա գայթակղում էր երկուսին, դավեր նյութում միմյանց դեմ, ինչպես էդենի օձը, որ ստիպում է Եվային ուտել խնձորը: Կնոջ եղբայրը չի օգնում նրանցից ոչ մեկին, բայց ստիպում է ծրագրել ամեն ինչ, որոշել սպանության ու տանջանքների մանրամասները: Նա աստվածաշնչյան գայթակղության պես մտնում է նրանց կյանք ու անհետանում՝ ստիպելով նրանց սպանել ու ոչնչացնել միմյանց, մեղքեր գործել ու ստել, իշխել ու նվաստանալ: Ամուսինները մնում են միայնակ՝ միմյանց հետ՝ իրենց դժբախտությամբ, քայքայվող հոգիներով, կեղծ հարաբերություններով ու չեղած սիրով: Նրանք որոշում են արդեն 5-րդ անգամ վերստին ամուսնանալ՝ սկսել ամեն ինչ նորից՝ սպիտակ էջից:

«Մահվան պարն» ուներ բազմաթիվ աստվածաշնչյան մոտիվներ: Այնտեղ կային աշխարհաքաղաքական ենթատեքստեր՝ իրար մեջ պարփակվող ու աշխարհին իշխելու ձգտող տերությունների մասին: Գլխավոր հերոսը զինվորական էր, որը 5000 գիրք էր տպագրել զենքի կիրառման մասին: Բեմադրությունը ներկայացնում էր պետություններում տիրող խաբեությունների, կաշառակերության, գումարներ հափշտակելու, պատերազմներ կազմակերպելու մասին: Այս ամենը անցնում էր կարմիր թելի պես: Ներկայացման մեջ բարձրացված հարցերը հավերժ էին ինչպես տիեզերքը: Կա՞ կյանք մահից հետո, թե ոչ, ի՞նչ է երջանկությունը, մարդկության կյանքը հավերժակա՞ն է, թե նրան մի անկյունում մահն է սպասում:

Այս թեմայով