02 Հոկտեմբեր 2014, 08:45
3170 |

Վեց հայացք Երևանին

15 գրող աշխարհի տարբեր երկրներից 10 օր անցկացնելով Երևանում ` փորձեցին պարզել` ինչ տեսան այստեղ ու ինչ տարան իրենց հետ:

Կլաուդիո Պոցցանի, Իտալիա
Հինգերորդ այցս էր Հայաստան, տպավորված եմ ու հիացած արդեն հինգերորդ անգամ: Քաղաքը գնալով ավելի է գեղեցկանում: Ամենակարևոր հանգամանքը, որն ինձ ուրախացնում է' այստեղ վատ երևույթները դժվարությամբ են մուտք գործում, հայերը յուրահատուկ պաշտպանական համակարգ ունեն: Եվրոպայում բարքերն ու հարաբերությունները գնալով ավելի վատանում են, այստեղ'Հայաստանում, պարզություն եմ տեսնում, ամենուրեք ցանկանում եմ կանգնել ու զրուցել մարդկանց հետ:

 


Լադիսլավ Վետվիչկա, Չեխիա
Հայաստանում եմ ոչ առաջին անգամ, այս այցի ընթացքում նկատեցի, որ մարդիկ փոխվել են, ավելի ժպտերես ու բարի են դարձել, միշտ պատրաստ են օգնել կարիքը ունեցողներին: Իմ կարծիքով Ձեր երկիրն այցելող զբոսաշրջիկներին ամենից շատ հյուրընկալությունն է դուր գալիս: Երևանն իմ աչքում քիչ փոփոխությունների է ենթարկվել, չնայած ավելացել են մոդեռն, գեղեցիկ շենքերն ու ժամանակակից խանութները: «Գրական տապան-2014»-ը ևս մեկ հնարավորություն ընձեռեց լինել այստեղ ու ներկայացնել մեր գրականությունը հայ ընթերցողին, որոնք այստեղ բավական շատ են: Հայաստանում յուրօրինակ սեր կա գրքերի հանդեպ' տպագիր գրքերի, այլ ոչ թե էլեկտրոնային: Դա ինչ-որ բան արդեն ասում է հայ ընթերցողի մասին:

 


Մեգ Ռոսոֆ, Մեծ Բրիտանիա
Այցիս ընթացքում եղա Երևանի պետական համալսարանում: Աստված իմ, որքան խելացի էին հայ ուսանողները, որքան կրակ կար նրանց աչքերում, հիանալի հարցեր էին տալիս ինձ: Չեմ կարողանում տպավորություններս բառերի միջոցով արտահայտել: Առաջին այցս կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում: Զարմանում եմ'ինչպես կարող է օդը այսքան մաքուր լինել: Ամեն տեղ շատ համեղ հյուրասիրություն են կազմակերպում մեզ համար, հայերը կարողանում են լավ սնունդ պատրաստել: Ամենաուշագրավն այն է, որ այստեղ բոլորին նման կերպ են դիմավորում, կապ չունի' հասարակ զբոսաշրջիկ ես, ճանաչված գրող, թե քաղաքական գործիչ, բոլորն այստեղ պատվավոր հյուրերի ցանկում են:

 


Մարկո Պոգաչար, Խորվաթիա
Մինչ Հայաստան այցելելս շատ էի լսել այս երկրի, սովորույթների ու առավելապես մշակույթի մասին: Առաջին անգամ այցելող ցանկացած մարդու հայ գրականությունը կօգնի շուտ հարմարվել այստեղի բարքերին ու առօրյա կյանքին: Մինչ այս իմացածս ու այստեղ տեսածս համընկան: Մի քանի օր էլ անցկացրինք Արցախում, եղանք բոլոր տեսարժան վայրերում: Անթույլատրելի է գալ Հայաստան ու այնտեղ չլինել: Տպավորված եմ նաև Երևանի ճարտարապետությամբ, հնաոճ շենքերի կողքին վեր են խոյանում երկնաքերներ: Եկող տարիներին նույնպես կաշխատեմ այցելել, հնարավորությունը բաց չեմ թողնի էլի մի քանի օր անցկացնել այստեղ, դեռ շատ բան կա տեսնելու, ինչն այս անգամ չհասցրի:

 


Վիկա Չեմբերցևա, Մոլդովա
Հայաստանում շատ եմ եղել, մասնակցել եմ տարբեր փառատոների: Ամեն այցելությանս անհամբեր սպասում եմ, շատ եմ սիրում այս հողն ու կապված եմ Հայաստանի հետ: Այս տարի բացահայտեցի այդ կապի սկզբնաղբյուրը: Նախնիներս Պոնտոսի հույներ են եղել, տոհմի ազգանունը Խերխելան է եղել, Հովհաննես Թումանյանի թանգարանում մեզ ուղեկցող աշխատակիցներից մեկի ազգանունը շատ նման էր նախնիներիս ազգանվանը, համարյա նույն կերպ էր հնչում, բացատրեցին որ հայերն ու հույները միևնույն շրջաններում ապրելով փոխանակվել են մշակույթով ու սովորույթներով: Մշակույթների կապը նկատեցի նաև հայ գրողների ստեղծագործությունները թարգմանելու ժամանակ:

 


Քրիստին Հոբա, Գերմանիա
Երևանը հանգիստ կարող եմ համեմատել եվրոպական ժամանակակից քաղաքների հետ: Շատ տեղերում եմ եղել, բայց քիչ է եղել, որ նման հյուրընկալության արժանանամ: Որքան հասկացա' շատ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան: Գուցե հոգնել են ժամանակակից մեգապոլիսներից ու զվարճանքի վայրերից, ձգտում են գալ այստեղ, ճանաչել Հայաստանի մշակույթն ու բնությունը: Կարծում եմ, որ ձեր խաղաքարտը մարդիկ ու մարդկային արժեքներն են, հայերի հետ կապված առաջին պատկերացումներս հյուրընկալությունն ու բարձր տրամադրությունն են:

 

To read the English version of this article, please click here.

Այս թեմայով