09 Սեպտեմբեր 2014, 11:51
6065 |

Ժամանակակից թանգարանի բանաձևը

Երևանի հազարամյակների պատմությունը երեք հարկում ներկայացնելը դյուրին գործ չէր, բայց ժամանակակից մարդուն քաղաքի հին լուսանկարներով ու պեղումների արդյունքում հայտնաբերված իրերով զարմացնելը այդքան էլ հեշտ չէ:Ի՞նչ անել, որ տոմսարկղի մոտ կիլոմետրանոց հերթ գոյանա ու թանգարան այցելելը դառնա քաղաքային մշակույթի մաս: Բարդ հարցի պարզ բանաձևը գտել է Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը:

Ինչո՞վ է առանձնանում Երևանի պատմության թանգարանը քաղաքի ու Հայաստանի մյուս թանգարաններից:
- Խորհրդային Միության տարիներից մեր երկրում թանգարանային մշակույթը մեծ զարգացում ապրեց, բոլոր հանրապետություններից հատուկ այցելել են Հայաստան ու մշտապես հետաքրքրվել հատկապես պատմությամբ: Մեր թանգարանը հիմնադրվել է 1931-ին, շենքից շենք տեղափոխվել ու 2005-ին զբաղեցրել Քաղաքապետարանի նոր մասնաշենքերից մեկը: Թանգարանում ներկայացնում ենք Երևանի պատմությունը՝ սկսած հիմնադրման օրից մինչև մեր օրերը: Այցելուները քիչ չեն, բայց վերջերս որոշեցինք նոր շունչ տալ թանգարանին, «Երևան Փրոդաքշնսի» հետ զարգացման ծրագիր նախաձեռնեցինք:

Միթե թանգարանը էլ հետաքրքիր չէ՞ր այցելուներին:
- Հետաքրքրության պակաս չի եղել, բայց ժամանակակից մարդուն, մանավանդ՝ տուրիստին, նոր մոտեցում է անհրաժեշտ: Մեզ առաջին հերթին տարբերանշան էր պետք: Տարբեր կարծիքներ եղան, Երևանի խորհրդանիշները մի անգամ էլ ուսումնասիրեցինք՝ վերջապես ընտրելով ուրարտական կնիքի մի նախատիպ, մեջտեղում՝ թանգարանի անվանման առաջին տառերը՝ YHM (Yerevan History Museum): Նոր տարբերանշանը երևում է imyerevan.com-ի հետ համատեղ նկարահանած հոլովակում, որտեղ ներկայացվում է թանգարանի նոր դեմքը, մեր մոտեցումն այցելուներին, Երևանի նոր ու հին պատմությունների խաչասերումը: Դե էլ ինչ Երևան առանց Թամանյանի կերպարի. տեսահոլովակում ճարտարապետը կողքից լուռ հետևում է այցելուներին:

Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կան թանգարանում, որոնք պետք է գրավեն այցելուներին՝ Երևանի պատմության թանգարանը դարձնելով տուրիստական երթուղու մաս:
- Գիտեք, նրանք շրջում են ամբողջ աշխարհում, լինում տասնյակ, նույնիսկ հարյուրավոր թանգարաններում ու ձանձրանում են գիդ-ցուցափեղկ-բացատրություն հին բանաձևից: Թանգարանի առաջին հարկում տեղադրված Երևանի նախաթամանյանական մանրակերտը դարձրեցինք 3D ֆորմատի, որից հետո ֆիքսեցինք, որ այցելուների առաջին կանգառը հենց այդտեղ է: բացի այդ, հիմա մենք ներկայացնում ենք քաղաքի հին թաղամասերն առանձին-առանձին, Հրազդան գետն ու քաղաքային կոլորիտը՝ կառքեր, փոքրիկ բակային հավաքատեղիներ ու նեղ փողոցներ: Հետո 3D անիմացիոն հնարքով ցուցադրում ենք Հանրապետության հրապարակի կառուցման ընթացքը:

Երևանի տեսարժան վայրերի ու քաղաքի քարտեզի 3D մոդել ունենք, որտեղ այցելուները կարող են գտնել հետաքրքիր վայրերը, ուսումնասիրել, վիզուալ պատկերացնել դրանց տեղակայման վայրերն ու չմոլորվել մեր քաղաքում: Ուսանողների շրջանում կամավորների խմբեր էլ ունենք, որոնք մեծ խմբերի այցելությունների ժամանակ փոքր բեմականացում են պատրաստում, կոլորիտային հագուստներով երևանյան արհեստները կամ առօրյա կյանքը ներկայացնում:

Միջազգային փորձը ինչպե՞ս եք կիրառում Հայաստանում:
- Ինքս նեղ մասնագիտական կրթություն ունեմ, սովորել եմ Մանկավարժական համալսարանի Թանգարանների գործ և հուշարձանների պահպանություն բաժնում, ավարտելուց հետո միանգամից աշխատանքի անցել Երևան պատմության թանգարանում որպես ավագ գիտաշխատող: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում դարձա 136 երկրում շուրջ 32.000 անդամ ունեցող ICOM-ի(International Council of Museums) անդամ: Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կոնֆերանսներին, եղել եմ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում ու նորամուծությունները բերել Երևան: Ինչ կստացվի, դեռ չգիտեմ, բայց համոզված եմ, որ մոտ ապագայում մեր տոմսարկղերի մոտ հերթեր կլինեն:

 

For the English version of this article, please click here.

Այս թեմայով