06 Սեպտեմբեր 2014, 10:14
1987 |

Մի բուռ ավազ անապատից

Մեկ տարի առաջ նկարչուհի Անուշ Սիմոնյանը չէր էլ պատկերացնում, որ այս ամառ ոչ մի օր չի հանգստանա ու շաբաթ-կիրակիները կանցկացնի քեֆ-ուրախության մեջ, բայց ավազոտ ձեռքերով: Երեխաների հետ աշխատող կազմակերպությունների մեկում ավազի փոքր թումբը տեսնելով՝ Անուշը որոշեց փոքրիկների խաղը տեղափոխել մեծերի աշխարհ:

Ավազ վրձնի փոխարեն
«Ավազն առաջին հերթին նյարդերն է հանգստացնում։ Մեկ ամիս աշխատեցի մանուկների հետ, հետո ինքնաթիռի տոմս առա ու գնացի Դուբայ՝ իմ ձեռքով իմ բաժին ավազը բերելու, - պատմում է Անուշ Սիմոնյանը,- Հայկական համալսարաններից մեկում նկարչություն և դիզայն էի սովորել, դժվար չէր նոր նյութի հետ աշխատել»:

Առաջին գաղտնիքը. ուսուցիչ պետք չեկավ
Աշխարհի շատ երկրներում են ավազով նկարում, Ռուսաստանում նույնիսկ համալսարաններում են սովորեցնում ավազ փռելու արվեստը, բայց Անուշը ուսուցչի կարիք չուներ. դե ընտրությունն էլ առանձնապես մեծ չէր: «Ավազով նկարողներ Հայաստանում կան, իհարկե, բայց բոլորն էլ հիմնականում ինքնուս են: Այս հարցում ինտերնետը շատ օգնեց ինձ, սովորեցնող տեսահոլովակներով սկսեցի նկարել Դուբայից բերած ավազով»:

Ինչպե՞ս տուն պահել ավազով
Այստեղ օգնության է գալիս հայերի՝ տարբերվելու, առանձնանալու մոլուցքը։ Էլ ինչ հայկական հարսանիք, որ ծանոթ-բարեկամների պորտը տեղը չդնի իր յուրօրինակությամբ: Արարողության ամենաթունդ պահին լույսերն անջատում են, միացնում տեսախցիկն ու պատկերն արտացոլում պատին։ «Ես ավազի վրա հարս ու փեսա եմ պատկերում։ Ու հավատացեք, ամեն անգամ երեխաների պես ուրախանում են բոլոր ներկաները»:

Ավազից սարքած հուսալի ամրոցներ
Ավազնկարչությունը միգուցե դեռևս առանձին արվեստ չի դիտարկվում, սակայն որ ժամանցի լավագույն տարբերակն է, կասկած չկա։ Նույնիսկ բժիշկներն են միաբերան պնդում՝ ավազաբուժությունը հրաշքներ է գործում։

Այս թեմայով