16 Հուլիս 2014, 12:11
1261 |

Ծիրանապատում. մաս երկրորդ

Կինոփառատոնի երկրորդ օրվա սկիզբն առանձնապես խոստումնալից չէր: Համենայն դեպս, առաջի հայացքից: Առավոտյան թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները չկարողացան ձեռնպահ մնալ հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր տալուց: Խոսքը վերջին տարիներին թուրք ռեժիսորների՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերաբերող ֆիլմեր նկարահանելու ձգտման մասին էր: Փիրսելիմօղլուն, կարելի է ասել ո՛չ հերքեց այդ փաստը, ո՛չ էլ հաստատեց. դիվանագիտության քննությունը համարել հանձնված:

Հաջորդ քննությունը «Նաիրի» կինոթատրոնում էր, որտեղ քար լռության մեջ անցավ փառատոնի պատվավոր հյուր Ցզյա Չժանկեի վարպետության դասը: Ի հակադրություն դրան՝ դասին հաջորդեց անվանի ռեժիսորի հետ նկարվել ցանկացողների աղմկոտ հոսքը: Կիմ Կի-դուկի գնալուց հետո ոմանք վերջապես նկատեցին փառատոնի մյուս պատվավոր հյուրերին: Չժանկեն այդ ուշադրությունից շոյված էր, բայց «երկար չձգեց» ու հեռացավ, իսկ գուցե և շոգն էր մեղավոր:

Երեկոյան բացառիկ ցուցադրությունների տարափ էր: «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում դիտեցինք մեկական ցուցադրության համար նախատեսված «Սպիտակ աստված» և «Ես նա չեմ» ֆիլմերը: Ընդ որում՝ Փիրսելիմօղլուն ֆիլմից առաջ «զգուշացրեց», որ իր ֆիլմերը հետաքրքիր չի համարում, այնպես որ ֆիլմի կեսից դուրս գալու համար ոչ ոք «չի պատժվի»:

Դրան զուգահեռ հարևան Կարմիր դահլիճում բացվեց մեկ այլ պատվավոր հյուրի՝ Ամոս Գիտայի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը «Անա Արաբիա» ֆիլմով, որի ռեժիսորին «Փարաջանովյան թալեր» շնորհվեց։ Գիտայը հրեային հատուկ զգուշավորությամբ խոստովանեց, որ ամենանշանավոր մրցանակների «հավաքորդ» է, և այս մեկը ստանալուց հետո հավաքածուին արդեն միայն մեկն է պակասում:

Օրվա եզրափակումը տալու էր «Սև ածուխ, բարակ սառույց» չինական կինոժապավենը, որն այս տարվա Բեռլինի միջազգային կինոփառատոնում շահել էր գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը»: Կապույտ դահլիճն անսովոր լիքն էր, իսկ ցուցադրությունը՝ թարսի պես ամենավատերից մեկը: Հետուառաջ ընկնող ենթագրերը, իրար խառնված, շուտ երևացած կամ էլ ուշացած հայերեն ու անգլերեն տեքստերը, սպիտակ ֆոնին չերևացող թափանցիկ տառերը սկզբում զարմացնում էին, հետո՝ զայրացնում, իսկ վերջում արդեն զվարճացնում: Հանդիսատեսների կեսը, հավանաբար, կտրել էր հույսը, թե ֆիլմից մի բան կհասկանա։ Ի դեպ, ֆիլմը ցուցադրվելու է նաև հուլիսի 16-ին Սինեմասթարում, բայց դժվարանում եմ ասել՝ այնտեղ ամեն ինչ կարգին կանցնի, թե ոչ:

Ինչ վերաբերում է կինոփառատոնի 3-րդ օրվան, ապա այն անցկացնելու մի քանի տարբերակ կա: Առաջինը՝ առավոտից երեկո նստել «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ և Կարմիր դահլիճներում՝ զոմբիի պես մեկը մյուսի հետևից «կուլ տալով» մրցութային ֆիլմերը: Երկրորդը, կինոթատրոնի Փոքր դահլիճ 1-ում 14:00-ից ժամուկես դիտել «խղճի կինոներ», ապա 17:30 գնալ ԹՈՒՄՈ կենտրոն՝ սցենարիստ և ռեժիսոր Գիդեոն Կոպելի խրատները լսելու կամ ևս կես ժամ անց մեկնել Սարդարապատ՝ Տոլմայի փառատոնին ստամոքսն ուրախացնելու համար:

Հոլիվուդյան մի քանի կատակերգություններում վառ կերպարների, բայց ամենից շատ որպես Բորատի պրոդյուսերի դերակատար հայտնի Քեն Դավիդյանը ձեզ է սպասելու 20:00-ին Հենրիկ Մալյանի անվ. թատրոնում: Հումորի ու բարձր տրամադրության չափաբաժինն անպայման կապահովեք, իսկ 22:00-ին երևանյան պրեմիերա ունենք՝ ռեժիսորներ Երվանդ Ջանիկյանի ու Անջելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» կինոնկարը «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում: Կեսգիշերային հանդիպում-ամփոփումը «Ակումբում» ուժի մեջ է:

Այս թեմայով