14 Հուլիս 2014, 17:23
1587 |

Անպայման դիտեք փոքր երկրների արտադրած ֆիլմերը

«Ոսկե ծիրանի» ամենասպասված հյուրը՝ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկն անկեղծացավ ու պատմեց՝ ե՞րբ է սիրահարվել կինոյին ու ինչո՞ւ դպրոց չի հաճախել:

Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեի
Մինչ այստեղ գալս Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեի: Գալուց առաջ ինտերնետում նայեցի մի փոքր, ծանոթացա պատմությանը, մշակույթին: Արդեն երկու օր է՝ առավոտյան միայնակ 3 ժամ քայլում եմ Երևանում, երեկ Կասկադում եղա, այս առավոտ շուկա գնացի: Հայաստանյան պատկերները նման են կորեականին. ես այստեղ էլ աղքատ մարդկանց տեսա: Այսուհետ միշտ կկարդամ Հայաստանի մասին, կսովորեմ շատ բաներ, որոնք մինչև այսօր չեմ իմացել:

Ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարահանել
Այն, որ ես առաջին անգամ ֆիլմ նայել եմ 32 տարեկանում, ճիշտ է: Ես հենց այդ ժամանակ հասկացա, որ ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարահանել ու իր ֆիլմերում պատկերել այն, ինչ տեսնում է: Չէի ասի, որ հերոսները նույնական են ինձ հետ և շատ անձնական բաներ կան, բայց ամենը, ինչ կա իմ ֆիլմերում, իմ տեսածն է: Իմ ֆիլմերից մի քանիսում ազգային շատ տարրեր կան. նրբություններ կան, որ միայն կորեական միջավայրին են բնորոշ:

Դպրոց չեմ գնացել ու ուսուցիչ չեմ ունեցել
Ես ծնվել եմ այն ժամանակներում, երբ Կորեայում երեխաների 50 տոկոսը դպրոց չէր գնում. ես այդ 50 տոկոսի մեջ էի: Շատ եմ աշխատել ու հենց այդ տարիներն են ինձ ամենաշատը սովորեցրել, ուսուցիչ չեմ ունեցել, ֆիլմ նկարելուց էլ որևէ մեկից չեմ ազդվել կամ չեմ սովորել, այն, ինչ գիտեմ, ինձ կյանքն է սովորեցրել: Հիմա ես կարող եմ ասել, որ կարելի է և դպրոց չգնալ:

Դիտեք փոքր երկրների ֆիլմերը
Աշխատում եմ հետևել կինոաշխարհի նորություններին, բայց ձեզ խորհուրդ եմ տալիս հատկապես ուշադիր լինել ու դիտել փոքր երկրների ֆիլմերը, երկրներ, որոնք չունեն կինեմատոգրաֆիա. անպայման դիտեք այդ երկրների ֆիլմերը:

Հաջորդ ֆիլմս անպայման կներկայացնեմ նաև Հայաստանում
Հիմա զուգահեռ մի քանի սցենարի վրա եմ աշխատում ու մտածեցի, որ եթե դրանցից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանվի, անպայման կներկայացնեմ այդ ֆիլմը նաև Հայաստանում: Ուրախ եմ, որ հայերը հասցրել են դիտել ու սիրել իմ ֆիլմերը: Հանդիսատեսի զգացածը շատ կարևոր է: Դուք կարող եք տարբեր կերպ մեկնաբանել մի ֆիլմը ու բոլորդ ճիշտ կլինեք, ֆիլմը հենց այնպիսին է, ինչպիսին դուք եք զգում:

Չկարողացա փոխել ձեռագիրս
Հանդիսատեսին փոխանցում եմ այն, ինչ զգում եմ: Օրինակ՝ «Վատ տղա» ֆիլմում հերոսները ոչինչ չեն խոսում: Ես գիտեմ, որ խոսելիս հաճախ մարդիկ կարող են նաև սուտ խոսել, իսկ մարդու դեմքն արտահայտում է այն, ինչ մարդը զգում է իրականում: Այդ ֆիլմում մարդն իր դեմքով արտահայտել է կյանքը: Այսինքն՝ մարդն առանց խոսքի կարող է ասել ավելին, քան խոսելով: 19 տարվա մեջ փորձել եմ փոփոխություններ անել, բայց իմ ձեռագիրն այդպես էլ չկարողացա փոխել:

Այս թեմայով