14 Հուլիս 2014, 12:40
1951 |

Կինոցանկը չափչփելով

Ո՞ւր գնալ, ի՞նչ նայել, ո՞ր մեկը հասցնել, ո՞րը կարելի է և բաց թողնել՝ «ախպերը ախպորը չէր ասի» խորհուրդներ imyerevan.com-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված:

«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնից սպասելիքները շատ են, պատվավոր հյուրերը մեկը մյուսից ընտիր են: Կինոփառատոնի առաջին օրը ցուցադրություններ հազվադեպ են լինում: Ասես ժամանակ են տալիս, որպեսզի կինոսերները հունի մեջ ընկնեն, «չափչփեն» փառատոնի ցուցադրությունների ծրագիրն ու կարմիր շրջանակների մեջ վերցնեն այն ֆիլմերն ու միջոցառումները, որոնք ոչ մի դեպքում չարժե բաց թողնել: Իսկ դրանք այս տարի, հավատացեք, քիչ չեն:

Բերենք մի քանի օրինակ. հուլիսի 14-ին՝ ժամը 14:30, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում Խաղարկային ֆիլմերի մրցույթում «Տանը» կինոնկարն է: Կես ժամ անց «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դաս է ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերի հետ: Մուտքն ազատ է:

Եթե մրցութային ֆիլմերն առանձնապես չեն հուզում, ապա մեկ ժամ անց հարևան Կարմիր դահլիճում ներկա եղեք «Եղբայրներ: Վերջին խոստովանություն» ուկրաինական ֆիլմի դիտմանը, որն արդեն հասցրել է արժանանալ ռուսական կինոքննադատների բարձր գնահատականին մոսկովյան կինոփառատոնի ժամանակ:

20:00-ին Կիմ Կի-դուկի երկրպագուները հնարավորություն ունեն ներկա գտնվելու կորեացի ռեժիսոր և հեղինակային կինոյի վարպետի հետահայաց ցուցադրությունների մեկնարկին, այն էլ վենետիկյան փառատոնի դափնեկիր «Պիետա» ֆիլմի երևանյան պրեմիերային:

Ռոմանտիկ զույգերի համար Սիրահարների այգում արդեն սկսվում են «Երևանյան գիշերները». 22:00-ին կցուցադրվի Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»: Եվ վերջապես կեսգիշերին, ինչպես և ամեն տարի, կլինի հանդիպում-ամփոփում «Ակումբում», որի հյուրը երբեք կանխավ հայտնի չի լինում:

Այս թեմայով