14 Հուլիս 2014, 12:34
1811 |

Ծիրանամուտ

Հետաքրքիր վիզուալ լուծումներով էկրաններին ցուցադրվեց իտալացի մասնագետների պատրաստած տեսաժապավենը, որը հավաքվել էր Փարաջանովի տարբեր ֆիլմերից:

Ավանդական ծիրանօրհնեքով Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» ամենամյա 11-րդ կինոփառատոնը: Այս տարի այն նվիրված է մեծանուն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ուստի ծիրանօրհնեքից անմիջապես հետո փառատոնի հյուրերը շտապեցին Մոսկվա կինոթատրոն' ներկա գտնվելու Փարաջանովի հավատարիմ բարեկամ Յուրի Գարմաշի բացառիկ ֆոտոցուցահանդեսի: Ներկայացված աշխատանքների մեծ մասի հեղինակը տարիներ շարունակ լուսանկարել է Փարաջանովին: Գարմաշը լրագրողների հետ երկար զրույցից հետո խոստովանեց, որ իր օբյեկտիվից դուրս է մնացել փարաջանովյան բուռն կյանքի 99.9 տոկոսը և այն, ինչն իրեն հաջողվել է ֆիքսել, չնչին նյութ է:

Ցուցահանդեսից հետո ներկաներն անցան դահլիճ' փառատոնի բացման «Նռան գույնը» ֆիլմը դիտելու: Ցուցադրվեց վերականգնված ու նոր որակով տարբերակը, որն այս տարի Կաննում էր ցուցադրվել: Ֆիլմն ավարտվեց փառատոնի բացման պաշտոնական արարողությունից մի փոքր շուտ, ու մինչև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն հասնելը «Ծիրանի հյուրերը» հանկարծ նկատեցին, որ կինոմոսկվայից ոչ հեռու, հյուրանոցի դիմաց անվրդով նստած է այս տարվա «Ոսկե ծիրանի» ամենասպասված ու պատվավոր հյուրը' կորեացի հանրաճանաչ կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը: Այստեղ նրա անվրդով սպասումն ավարտվեց. սելֆիներ, նկարներ, փոխադարձ շնորհակալություններ, որոնք հետո պետք է շարունակվեին Օպերայի դահլիճում ու բակում, բայց արդեն բացման պաշտոնական արարողությունից հետո:

Բուն բացումը լի էր անակնկալներով: Հետաքրքիր վիզուալ լուծումներով էկրանին, կամ, ավելի շուտ էկրաններին ցուցադրվեց իտալացի մասնագետների պատրաստած տեսաժապավենը, որը հավաքվել էր Փարաջանովի տարբեր ֆիլմերից: Բարդ ու հրաշալի աշխատանք էր տարվել, ինչն արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

«Ոսկե ծիրան-11»-ը պաշտոնապես բացված համարելու համար կարծես ամեն բան պատրաստ էր, բայց փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը հանկարծ հիշեց, որ ծիրան չկա. այս տարվա թանկուկրակ ծիրանի մասին կատակները ոգեշնչեցին երեկոյի ռեժիսորին ու ոսկե ծիրանը այնուամենայնիվ հայտնվեց բեմում' ազդարարելով փառատոնի բացումը:

Եվս մեկ անակնկալ. առաջին անգամ աշխարահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը հատուկ «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի համար հանդես եկավ ծիրանափողի ուղեկցությամբ. երգչուհուն նվագակցում էր Գևորգ Դաբաղյանը: Երևանյան արևի կամ էլ հանդիսատեսի ջերմությանը «չդիմացան» սարքավորումները ու Հարություն Խաչատրյանը «ստիպված եղավ» իր ուսանողական կյանքից մի քանի զվարճալի դրվագներ պատմել հանդիսատեսին, մինչև էկրանին կհայտնվեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի մասին պատմող ժապավենը: Օրվա գլխավոր անակնկալը «Ծիրանի» հատուկ հյուրերն էին: Նրանցից ամենահայտնին՝ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը, ստանալով «Փարաջանովյան թալերը», ասաց, որ անչափ ուրախ է, որ աշխարահռչակ ռեժիսորի անվան մրցանակ է ստանում ու ավելացրեց, որ շնորհակալ է բոլոր հայերին, ովքեր դիտում են իր ֆիլմերը: Այնուհետև նա կորեկան ժողովրդական երգ կատարեց: Դուկն իջավ բեմից, բայց դեռ երկար մնաց դահլիճում. միջոցառումն ավարտվել էր, իսկ հանդիսատեսը զրուցում ու լուսանկարվում էր նրա հետ:

 

Այս թեմայով