09 Հուլիս 2014, 10:35
3286 |

Քննարկում ենք արգելված գրականությունը

Սկանդալային վիպակ՝ բնազդային կենդանական ցանկությունների ու դրանց բարոյականության մասին։ Քննարկումն անցավ բուռն, թեև հեղինակին քչերն էին ճանաչում։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության վերջին հանդիպման ընթացքում հայկական ժամանակակակից կինեմատոգրաֆի «սրտակեր» Սոս Ջանիբեկյանը որոշել էր քննարկել բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» սկանդալային վիպակը։ Գործը ժամանակին հայտնվել էր արգելված գրականության ցանկում, իսկ գրողը անբարոյականություն ու գռեհկաբանություն տարածելու մեղադրանքով կանգնել էր դատարանի առաջ։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի բոլոր հինգ հանդիպումներից թերևս ամենամարդաշատը սկսվեց ոչ թե գրքի վերլուծությամբ, այլ գրքի հետ առաջին ծանոթությամբ, քանի որ ներկաներից շատերը անգամ հեղինակին չէին ճանաչում։

Գրքի հիմքում մարդկային սեռական բարդույթներն են, ըստ այդմ էլ քննարկումը ծավալվեց ոչ թե ստեղծագործության վերլուծության, այլ գրքում քննարկվող երևույթների, մարդկային բարդույթներ, կին-տղամարդ հարաբերությունների շուրջ։ Սոսը գրքի հերոսին համարեց բարդույթավորված ու դժբախտ մարդ, ով արժանի է խղճահարության ու խորին կարեկցանքի։

Վերլուծելով գրքի տողատակերում թաքնված քրիստոնեական ենթատեքստը՝ քննարկման մասնակիցները կարևորեցին սեռական կրթության գործում հոգևոր հիմքն ու բարոյականնությունը։ Սոսը շեշտեց ստեղծագործության հերոսի բնազդային, կենդանական ցանկություններն ու, զուգահեռներ տանելով վիպակի ինքնակենսագրական հիմքի հետ, կարծիք հայտնեց, որ Լըմոնյեն հենց այս ստեղծագործությունը գրելու ընթացքում է դարձել գրող։


Ավարտվեց վերջին հանդիպումը հայկական իրականության հայտնի դեմքերի հետ, ովքեր իրենց երկրպագուներին խորհուրդ էին տալիս զբաղվել ընթերցանությամբ։ Գրականության գովազդային այս արշավը տվեց իր պտուղները, հանդիպումների ժամանակ շատերը կամ բացահայտեցին իրենց համար նոր գրողների, կամ էլ վերընթերցեցին սիրված գործերը։
Ժամանակակից արվեստի միությունն էլ խոստացավ, որ նման ակցիաները շարունակական են լինելու։

Այս թեմայով