05 Հուլիս 2014, 13:36
7900 |

Նազենին ու «Կամելիազարդ տիկինը»

Հայտնիների խորհուրդները շարունակվում են, ու այս անգամ Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» ստեղծագործությունը վերլուծեց դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը։

Հանուն արդարության խոստովանենք, որ նախորդ 3 հանդիպումներից այս մեկն էականորեն տարբերվում էր։ Վերդիի «Տրավիատայի» գրական բնագրի քննարկումն իսկապես բուռն ստացվեց։

Կուրտիզանուհու սիրային պատմության հետ Նազենի Հովհաննիսյանը ծանոթացել է դեռևս 4-րդ դասարանում։ Արկածային գրականության բոլոր հասանելի նմուշներն ընթերցած աղջկան անակնկալի է բերել Դյումա որդու գոյության փաստը։ Իսկ «Կամելիազարդ տիկինն» էլ իր հերթին հուզել է ապագա դերասանուհուն ու անդառնալի տպավորություն թողել:

Արդեն հասուն տարիքում վերընթերցելով վեպը՝ Նազենին նորովի է բացահայտել այս գործը։ Մանրադիտակով զննելով Դյումա որդու ստեղծագործությունը՝ դերասանուհին հյուրերի առջ բացեց մելոդրամատիկ ստեղծագործության յուրօրինակ գունապնակ, որտեղ ամեն մեկն իր համար ըտրեց իր խառնվածքին հատուկ գույն։

Ասում են՝ գրքի գլխավոր հերոսուհին Դյումա որդու սիրուհին էր։ Նրա կերպարն այս գործում անմահացրած գրողը յուրահատուկ քնքշանքով է շոշափում բարոյականության ու անբարոյականության սահմանը։

1800-ականների կեսին գրված ստեղծագործությունը մինչև օրս էլ մնում է լավագույն դրամատուրգիական գործերից մեկը։ Հարյուրավոր բեմերում բեմադրված բազմաթիվ ներկայացումներ հանդիսատեսին  են ներկայացրել հպարտ պոռնկուհու սիրո պատմությունը։

 

Սակայն, ինչպես նշեց Նազենին, ի տարբերություն պիեսի, վեպն ավելի ազդեցիկ է, քանզի վեպում է բացահայտվում լկտի ազնվության ամբողջ խորությունը։

Զուգահեռներ տանելով Նար-Դոսի «Սպանված աղավնին» ստեղծագործության հետ՝ Նազենին նշեց, որ հերոսուհու ներքին պայքարն ու անմնացորդ սիրելու ունակությունը բոլոր ժամանակներում էլ եղել է ու կմնա բարոյականության ամենաբարձր դրսևորումը։

Ըստ Նազենիի, «Կամելիազարդ տիկինը» վեպի հաջողության գրավականը եղել և մնում է կարծրատիպերին դեմ գնալը, ձեռնոց նետելը արտաքին բարոյականությանը։

 

Գրքից անցում կատարելով այսօրվա կյանքին՝ քննարկումը հետզհետե դուրս եկավ ստեղծագործության սահմաններից ու հասավ ընդհուպ մերօրյա տղամարդ-կին հարաբերություններին ու բարոյական արժեքներին։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության շրջանակներում որպես խորհրդատու մնաց միայն Սոս Ջանիբեկյանը, ում հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին, «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում։

 

Այս թեմայով