02 Հուլիս 2014, 16:47
372 |

Ինստացուցահանդես առանց դաքֆեյսի

Instagram բջջային հավելվածի հեղինակները պատկերացում անգամ չունեին, որ հաշված ամիսների ընթացքում ֆոտոխմբագրման համար նախատեսված իրենց հավելվածը կգրավի աշխարհն ու կդառնա մարդկության մեծ մասի կենցաղային կարևոր գործիքը։

Հայ օգտատերերն իրենց ակտիվությամբ վաղուց են աչքի ընկնում սոցիալական կայքերում։ Ինստագրամի հայկական հասցեները թեև դեռևս միլիոնավոր հետևորդներ չունեն, սակայն այստեղ էլ բադային ինքնանկարներից ու կերակրաֆոտոներից զատ կարելի է գտնել լուսանկարչության իսկական շեդևրներ։ Իրականությունը թվայնացրած «ինստանկարիչների» գործերը ԷՕՆ հակասրճարանը հավաքագրեց ու վիրտուալ միջավայրից բերեց օֆֆլայն հարթակ։ Շուրջ մեկ ամիս առաջ նրանց ֆեյսբուքյան էջը հայտարարեց հայկական առաջին ինստամրցույթի մասին։ Հայ օգտատերերին կոչ արվեց ուղարկել սեփական ստեղծագործությունները ու դրանք հանձնել ժյուրիի դատին։ Մրցույթի կազմակերպիչները փորձեցին կենցաղային գործիքը արվեստի նմուշ ու ցուցահանդեսի առարկա դարձնել։

Արձագանքը երկար սպասել չտվեց։ Ուղարկվեց շուրջ 300 ինստանկար, որոնցից ժյուրին երկար պրպտումների արդյունքում ընտրեց 40-ը։ Ցանկացած նորարարություն լի է ռիսկերով։ Առաջին խնդիրը, որի առջև կանգնեցին կազմակերպիչները, նկարների որակն ապահովելն էր։ Ինստագրամ վերբեռնված նկարներն թվայինից նյութեղեն դարձնելու ճանապարհին վերջնական պատկերները չափազանց փոքր են ստացվում, ինչն էլ մեղմ ասած էքսպոզիցիոն նկատառումներով հետաքրքիր չէ։ Էօնցիները որոշեցին լուսանկարները դնել յուրօրինակ շրջանակների մեջ, ավելի կոնկրետ՝ ձայնասկավառակների տուփեր։ Ցուցանմուշներն ինքնանպատակ չէին։

Առաջին ինստամրցույթի բոլոր ցուցանմուշները դրված են վաճառքի, որոնցից գոյացած գումարը կտրամադրվի ծանր հիվանդությամբ տառապող երեխաների բուժմանը։ Սկավառակ-լուսանկարներից յուրաքանչյուրն անկրկնելի է թե արտաքին տեսքով, և թե բովանդակությամբ։ Սկավառակում զետեղված երգերն ու ստեղծագործությունները նույնպես ունիկալ են, չեն կրկնվում։

Այս թեմայով