22 Հունիս 2014, 12:16
2858 |

Զինված տոն

Հայաստանում առաջին անգամ նշեցին «Դարբնի ու զինագործի օրը»: Տոնը նշելու համար ընտրվել էր հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող Սարդարապատը: Դարբիններն ու զինագործներն այդ հաղթանակների անմիջական մասնակիցներն են, վառ վկայությունը՝ թանգարանի բակում ցուցադրված զինատեսակները:

Ատրճանակի էֆեկտը
Դարբնի մուրճի երեք զարկով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու տոնի նախաձեռնող ՀՀ ՊՆ սպառազինության պետ Մելս Չիլինգարյանն ազդարարեցին տոնական միջոցառման սկիզբը: Զինագործներն օրվա ֆավորիտներն են. նրանց տաղավարներն ավելի մարդաշատ են ու անգամ փոքրիկ հյուրերին ծանր ատրճանակներն ու դանակներն ավելի են հետաքրքրում, քան կողքի տաղավարների մոմակալները, երկաթյա դիմապատկերներն ու քանդակները: Դարբինները չեն նեղանում ու ապահովում են ցուցահանդեսի գեղագիտական մասը' հիշելով, որ նախկինում դարբինն ու զինագործը մեկ մարդ են եղել:

 

Գնդացիր «Մաքսիմ»
Այս զենքը մասնակցել է 1-ին, հետո 2-րդ համաշխարհային պատերազմին ու Արցախյան ազատամարտին, հայ զինագործների ձեռքի աշխատանքն է, այսօր էլ մարտունակ է, բայց զինագործները համոզված են՝ «ավելի լավ է թանգարանում մնա ու միայն նման առիթներին հանվի այնտեղից»: «Մաքսիմի» կողքին նման «ճակատագրի» ակնկալիքով ինքնաշեն ականանետեր են, ականներ, դիպուկահար հրացաններ: Մեկի մասին զինարտադրող «Գառնի լեռ» ընկերության տաղավարում առանձնակի հպարտությամբ են պատմում՝ Կ-15 12.7 X 108 մմ տրամաչափի դիպուկահար հրացանը աշխարհում առաջիններից է: Այս տարածքում քննարկում էին դիպուկահարի էֆեկտիվության հարցը, պատմում, վերհիշում Արցախյան ազատամարտի տարիները ու դրանից հետո հայկական զենքերով միջազգային ցուցահանդեսում հայտնվելը:

 

Զենքի պառավը չի լինում
1995-ին Հունաստանում կայացած միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայկական արտադրության Կ- 3 ավտոմատն ու Կ-11 սնայպերական հրացանը հայտնվեցին հայտնի զենք արտադրող ընկերությունների «երազանքի» կատալոգներից մեկում: Հարեւան երկրներն այդտեղ չկային: Ավելին'մեր հարեւաններից մեկը, չգիտես ինչու, ցուցահանդես էր բերել զենքներ, որոնց գրեթե բոլոր դետալներն արտադրել էին ամերիկացիները: Պատմությունը խլացնում է հարեւան տաղավարից եկող ձայնը. այստեղ զենքի վարպետները ի ներկաներին ցույց են տալիս, թե ինչպես են ատրճանակների վրա փորագրություններ անում: Հարեւան տաղավարում «Ասպար» ընկերությունն է՝ բերել են իրենց բացառիկ ցուցանմուշները: Տաղավարի «զարդը» զենքի էվոլուցիան լավագույնս ցուցադրող տախտակն է, որի վրա կախված են 1800-ականներից մեզ հասած զենքեր: Ասում են՝ պետք եղած դեպքում դեռ էլի կկրակեն:

 

Ե՛վ զենք, և՛ երգ
Իսկ տաղավարներից քիչ վերև' երկաթյա դարբնի հայացքի ներքո երգ ու պար է: Տոնին միացել է նաև Կարին համույթը: Էլ ինչ «Զինագործի օր» առանց ռազմական պարի. «Չալմը դանկի» Գագիկ Գինոսյանի կատարմամբ, իսկ պարի վերջում դանակներից մեկը' նվեր Պաշտպանության նախարարին:

 

Այս թեմայով