13 Հունիս 2014, 10:36
2692 |

Քառյակ, բայց ոչ քաղաքական

Չորս երիտասարդ, հավակնոտ նկարիչներ միավորեցին ուժերն ու համատեղ ցուցահանդես կազմակերպեցին: Չորս տարբեր աշխարհայացք, չորս բնավորություն, չորս կյանք, չորս պատմություն, չորս «ես» ու մեկ «մենք»: Երիտասարդները՝ Ժորա Գասպարյանը, Աստղիկ Վարդանյանը, Արամ Խաչատրյանն ու Լիլիթ Թադևոսյանը պատմում են, թե ինչպես որոշեցին միասին ցուցադրվել, ինչպես ծնվեց պրոմո-հոլովակ նկարահանելու միտքը, չէ որ դա հայաստանյան ցուցահանդեսային մշակույթում նոր խոսք է:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների սկզբից նկարիչները մտածում էին ոչ միայն բուն ցուցահանդեսի շուրջ, այլև դրան նախորդող կամ այն լրացնող միջոցներ էին փնտրում՝ մի բան ավելի ասելու, ցուցահանդեսից առաջ արվեստասերին գայթակղելու ու հետաքրքրելու համար: Զանազան թատերական ձևավորումներ, փոքրիկ բեմականացումներ, մնջախաղ, գործվածքներով ստացված միջավայր և շատ այլ մատուցման եղանակներ էին քննարկվում, մինչև որ բոլորը չմիավորվեցին նախքան ցուցահանդեսը փոքրիկ տեսահոլովակ նկարահանելու գաղափարի շուրջ: Արդյունքում նկարահանեցին մոտ 3 րոպե տևողությամբ, կարելի է ասել, «թրեյլեր», որում թե բացահայտեցին ամեն հեղինակին, թե պատմեցին՝ ինչով են նման ու տարբեր:

«Քառյակի համանվագ» խորագրով ցուցահանդեսը չունի հստակ թեմատիկա կամ ուղերձ, պարզապես յուրաքանչյուրն իր համար ընտրել է նկարներ, որոնք կուզենա ցուցադրել մյուսների կողքին: «Քառյակի համանվագը» «կհնչի» հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում:


Ժորա
Մի օր ձեռքս ընկավ Անրի Պերրյուշոյի «Վան Գոգի կյանքը» գիրքը, որից շատ տպավորված էի: Տարվել էի Վան Գոգի գաղափարներով, նրա նպատակներով: Ընթացքում կարդալուց էլ գրքում ինչ-որ բաներ էի նկարում, հետո սկսեցի ավելի լուրջ զբաղվել նկարչությամբ, մասնավոր պարապմունքների էի հաճախում, աստիճանաբար հասկացա, որ նկարչությունն ինձ ամբողջությամբ կլանել է: Ցանկացած նկարչի մոտ էլ գալիս է այդ պահը, երբ նա գիտակցում է, որ ոչ թե նկարչությունն է իրենը, այլ ինքն է պատկանում նկարչությանը, այն էլ՝ անվերադարձ:

 


Աստղիկ
Ինձ համար միշտ ինչ-որ միստիկ բան կար «Ես նկարիչ եմ» նախադասության մեջ: Այնքան գրավիչ էր թվում, կարծես ոչ մի մասնագիտության մասին բարձրաձայնելն այդպիսի հաճույք ու հպարտություն չի պատճառում, որքան նկարիչ լինելու փաստը: Ինձ թվում է՝ նկարիչը նկարում է նույնիսկ այն ժամանակ, երբ առջևը կտավ չկա, նկարում է իր մտքերում, իր երևակայության մեջ. կարելի է տարիներով չդիպչել կտավին ու նկարել: Նկարել եմ մանկուց ու վստահ էի, որ այդպես էլ շարունակելու եմ, բայց պատահաբար հայտնվեցի Պոլիտեխնիկում ու դարձա ճարտարապետ: Մասնագիտությունս շատ է խանգարում, երբ նկարում եմ. ճարտարապետությունը սովորեցնում է լինել չոր, հաշվարկող, հարմարվող, պատասխանատու, շրջանակների մեջ է դնում: Մինչդեռ նկարչությունը ոչ մի սահման չի դնում. նկարիր՝ ինչ երևակայում ես, ու հենց այնպես, ինչպես պատկերացնում ես, ոչ թե ինչպես ճիշտ կլինի կամ պրակտիկ:

 


Արամ
Գծանկարի հանդեպ հատուկ վերաբերմունք եմ ունեցել դեռ մանկուց. 2-3 տարեկանում եղունգով պատը քերում էի մի գծով, փորում-փորփրում՝ մինչև խորություն ստանամ: Սովորաբար երեխաների անկողնու կողքին սառը ջուր էին դնում գիշերը, իմ կողքին գրիչ էին դնում. կարող էի գիշերվա կեսին զարթնել ու խզբզել սավանի վրա: Նկարում էի ամեն հնարավոր տեղ: Մեր դասասեղաններն այնպես էի «նախշազարդել», որ հանեցին դասարանից, հետո այլ դասարան տեղափոխեցին: Համալսարանում նեղ մասնագիտական գրքեր էի կարդում, փորձում հասկանալ՝ ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ եմ ուզում նկարել: Ինձ համար արվեստը, առհասարակ, միշտ ներքինի և արտաքինի բախում է, որի արդյունքում ծնվում է այն իրականությունը, որը ինքդ ես ուզում տեսնել:

 


Լիլիթ
Յուրաքանչյուրիս կյանքում կան կարևոր մարդիկ, երևույթներ և անգամ առարկաներ: Նրանք իրենք են գալիս մեզ մոտ, եթե իսկապես կարևոր են մեր կյանքում: Դժվարանում եմ ասել, թե երբ եմ սկսել լուրջ զբաղվել նկարչությամբ, հիշում եմ, որ երբ ընկերներս բակում խաղում էին, ես տանը նստած նկարում էի: Բայց այդ նկարչությունը չեմ կարող համեմատել այն նկարչության հետ, որով այսօր եմ զբաղվում: Շատերին թվում է, թե այս գործն ընտրելը փախուստ է մտավոր, թվացյալ «լուրջ» մասնագիտություններից, բայց դա այդպես չէ: Անձամբ ես լիարժեք եմ ինձ զգում միայն նկարչության մեջ: 

Այս թեմայով