13 Հունիս 2014, 14:40
2479 |

Երկաթե նյարդեր ունեցողը

Նա այստեղ էր դեռ այն տարիներին, երբ Վերնիսաժը Սարյանի արձանին հարող տարածքում էր, չլքեց Վերնիսաժը, երբ տարածքի սղության պատճառով նրան ու էլի մի քանի հենդմեյդերների տեղափոխեցին հիմիկվա Վերնիսաժ՝ Հանրապետության Հրապարակին կից այգի: Նա ընդունեց Վերնիսաժի բոլոր մարտահրավերները՝ ցուրտ ու մութ տարիների անգործ, անփող վիճակը, տուրիստների լեզուն սովորեց, սակարկելու արվեստին տիրապետեց: Նախկին էներգետիկն ունի ներքին համոզվածություն՝ սա ամենաճիշտ գործն է, որն անում է:

Սկզբում կանոնները խիստ էին, վաճառում էին միայն գորգեր և ասեղնագործ սփռոցներ: «Մի մատիտ անգամ չէինք կարող վաճառել, չէր թույլատրվում», - այսօրվա պես հիշում է 63-ամյա Վարդիշաղ Կարապետյանը: Սակայն ժամանակներին զուգահեռ փոխվեց նաև Վերնիսաժում տիրող կարգուկանոնը:

Տիկին Վարդը (այսպես են նրան անվանում Վերնիսաժում) տեղի «հնաբնակներից է»,: Մասնագիտությամբ էներգետիկ է, բայց արդեն 24 տարի է, ինչ ներկայացնում է իր ձեռքի աշխատանքները՝ ասեղնագործ սփռոցներ: «Աշխատել եմ էներգետիկայի ինստիտուտում, շատ լավ և հետաքրքիր գործ էր, սակայն հանգամանքները փոխվեցին, երկիր փոխվեցին, մարդիկ փոխվեցին», - ասում է տիկին Վարդը:

Նրա խոսքով՝ հայկական ձեռագործությունը մեծ ավանդներ ունի, նախկինում շատ զարգացած է եղել: Երբ դիտարկում ես՝ ինչպես էին պատրաստում աղջկա օժիտը, համոզվում ես: Ամեն ինչ ձեռագործ էր՝ ծածկոցներ, շապիկներ, անկողնային պարագաներ, գորգեր, անգամ ներքնաշորեր: Սրանով ցույց են տվել հարսի և նրա մերձավորների ձեռքի շնորքը:

Ասեղնագործել սկսելուց վեց տարի հետո Վարդիշաղ Կարապետյանն արժանացել է «Ժողովրդական վարպետի» կոչման: Շատ երկրներում անհատական ցուցահանդեսներ է ունեցել: 2013-ին Չինաստանում վարպետների ձեռքի աշխատանքների միջազգային ցուցահանդեսին ստացել է բրոնզե գավաթ, իսկ այս տարի Իրանում տեղի ունեցած վարպետների միջազգային ցուցահանդեսին արժանացել առաջին մրցանակի:

«Ձեռագործն իմ կյանքի վերջին սերն է, ամբողջ օրս իրենց եմ նվիրում: Օրական 8-16 ժամ նստում եմ աշխատելու: Երեք ամիս յուրաքանչյուր օր անընդմեջ ութ ժամ աշխատելու դեպքում կստացվի մեկ մեծ սփռոց: Գործը բարդ է, դանդաղ առաջ գնացող, բայց շատ սիրելի է: Ինձ համար փրկության պես մի բան է, - պատմում է տիկին Վարդը և ցավով հավելում,- այսօր հայկական ձեռագործի մեջ կան այնպիսի տեսակներ, որոնց ուղղությամբ ոչ ոք չի աշխատում, իսկ լավագույն լուծումը Հայաստանում ձեռագործի լավ դպրոց ունենալն է»:

Գնորդները հիմնականում դրսի մարդիկ են, գինը չեն սակարկում ռուսներն ու կանադացիները, տեղացիները գնում են որպես նվեր արտասահմանում գտնվող հարազատների համար:

«Երբեք չեմ պարտադրում գնել, ուղղակի ներկայացնում եմ աշխատանքը և թողնում, որ իրենք որոշեն: Երբեմն հարկավոր է պատմել, թե որ նկարը ինչ է նշանակում: Ցանկացած ձեռագործության մեջ ոչ մի թել հենց այնպես չի ասեղնագործվել, ամենն ունի իր խորհուրդը, նշանակությունը», - ասում է «հնաբնակը»:

Տիկին Վարդն աշխատում է ձեռագործի բոլոր կարատեսակներով, սակայն ունի իր սիրելի տարբերակները՝ «Ուրհայը» և «Այնթափը»: Հենց այստեղ է լիարժեք դրսևորվում: Այսքան տարի ասեղնագործում է, չի հոգնել, չի ձանձրացել, միայն մի բանից է բողոքում՝ տեսողությունն արդեն այն չէ:

Այս թեմայով