12 Հունիս 2014, 13:54
2453 |

Գազարագույն ագռավի արվեստանոցը

Դրվագներ արվեստանոցից՝ լուծված կանաչի ու կապույտի անկուշտ օգտագործմամբ, փոքրիկ շրջանակված ստվարաթղթի կտորներին՝ բնանկարների էսքիզներ և այդ ամենի շարքում՝ Էգոն Շիելի հանրահայտ ինքնանկարներից մեկի կրկնօրինակը: «Էօն» հակասրճարանում Ալյոնա Գևորգյանի անհատական ցուցահանդեսն էր:

Նկարներն ուսումնասիրելիս աչքովս ընկավ ցուցահանդեսի համար հատուկ գրված տեքստից մի հատված. «Պատկերի եթերայնությունը մի պահ մոռացության է մատնում ձգողականության ուժը, քեզ թողնում երազել' առանց պատերին հենվելու և հատակին կանգնելու, որոնք Ալյոնայի գործերում ասես ձուլված են միջավայրի հետ' բացելով սահմաններն ու շրջանակները, անցնելով չափագրումներից անդին»: Պաթետիկ էր, ինչ խոսք, թեև պետք է նշեմ, որ արվեստանոցի նկարները յուրահատուկ էին իրենց գծային խաղով, նուրբ գունային լուծումներով և հեղինակի՝ իր անձնականը բացելու, կիսելու ցանկություն էին արտահայտում:

Ընդհանուր առմամբ ցուցադրված նկարների շարքի տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէր, առավել ևս չկարողացա գտնել ցուցահանդեսի խորագրի բացատրությունը: Առաջին հարցս նկարչուհուն. «Ինչո՞ւ գազարագույն ագռավ»: Ալյոնան պատմեց, որ խոսքը ոչ թե գործերի բնույթի կամ բովանդակության, այլ հենց իր մասին է: «Ես ինքս ինձ գազարագույն ագռավ եմ համարում՝ այդպես վառ, արտահայտիչ, բայց, միևնույն է, ագռավ»,- ասաց նա ու նշեց, որ շատ է սիրում նկարել իր սենյակը, արվեստանոցը ու նաև իրենց տան խոհանոցը:

Շիելից ոգեշնչված երիտասարդ նկարչուհու համար սա արդեն երկրորդ անհատական ցուցահանդեսն է, իսկ հավակնություններն ու սեփական արվեստի հանդեպ մոտեցումը՝ ավելի քան լուրջ:

Այս թեմայով