09 Հունիս 2014, 15:28
1391 |

Կիկաբիձեի խոստովանությունները

Ճանաչված դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն Երևանում է: Առիթը մենահամերգն է, որը տեղի կունենա հունիսի 9-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին նախորդող ասուլիսին լրագրողները հարցերի փոխարեն ավելի շատ հիացական մեկնաբանություններ ու երախտիքի խոսքեր էին հնչեցնում:

«Ի՞նչ կարող է անել մեկ ֆիլմը» հարցը Կիկաբիձեի դեպքում հռետորական չէ: Նա հրաշալի գիտի մեկ ֆիլմի ազդեցության մասին, մինչև օրս էլ վայելում է հանդիսատեսի սերն ու հարգանքը: «Այն, որ մարդիկ սիրեցին «Միմինոն», սիրեցին ինձ ու Ֆրունզին, ամբողջությամբ Դանելիայի «մեղքն» է,- խոստովանում է Կիկաբիձեն, - որովհետև ռեժիսորն է ստեղծում ֆիլմն էլ, դերասաններին էլ: Ես մինչ այդ ֆիլմն էլ էի ծանոթ Ֆրունզի հետ, բայց բավականաչափ ժամանակ անցավ, մինչև հասկացա, թե ինչո՞ւ է նա միշտ ուրախ, իսկ աչքերը՝ միշտ տխուր: Նույնիսկ, երբ հումոր էր պատմում, բոլորը ծիծաղում էին, բացի իրենից: Ես ուրախ եմ, որ իրեն այսօր էլ շատ սիրում են հայրենիքում, այդ դերասանը ծնված էր սիրվելու ու գնահատվելու համար»: Ֆրունզից սկսվեց ասուլիսը:

Կիկաբիձեն վերջին տարիներին զբաղված է ոչ միայն համերգներով ու նկարահանումներով, այլև թղթին է հանձնում իր հուշերը: «Գիրքը գրեթե պատրաստ է, նույնիսկ կարելի է արդեն տպագրության հանձնել, բայց վերնագիրը փոխել եմ: Համաձայնեք՝ «Կովկասյան ազգության դեմքը» շատ վիրավորական է հնչում մեզ համար: Այնպես որ գիրքը կկոչվի «Նրանք»: Ես, առհասարակ, ինքնակենսագրական աշխատություններ չեմ սիրում, դրանցում անընդհատ քո «ես»-ն ես շեշտում ուզած-չուզած: Բայց գիրքը իմ հիշողություններն են մյուսների՝ նրանց մասին, բոլոր նրանց, ում հանդիպել եմ, ճանաչել, ովքեր ինձ շրջապատել ու շրջապատում են այսօր»,- ասում է նա՝ նշելով, որ գիրքը յուրօրինակ խոստովանություն է, իր աշխատանքը գնահատող մարդկանց հետ անկեղծանալու միջոց:

Անդրադառնալով երգարվեստին՝ Վախթանգ Կիկաբիձեն խոստովանում է, որ երբեք չէր մտածում, թե երգելու է: «Միշտ ուզեցել եմ նկարել, բայց այդպիսի տաղանդ չեմ ունեցել: Շատ նկարիչ ընկերներ ունեմ. երբ հավես եմ ունենում, գնում եմ իրենց մոտ ու նայում, թե ինչպես են նկարում:  Մարդկանց մեծ մասն այսօր զբաղվում է մի բանով, որը չի սիրում: Ես, ինչպես գրեթե ցանկացած վրացի, սիրողական էի երգում՝ ընկերներիս հետ, մեր քաղաքի փոքր բեմերում, հետո բեմերն աստիճանաբար մեծացան: Կարևոր չէ, թե քանի տարի դեռ կերգեմ: Ճիշտ է, ինչպես բազմիցս ասել եմ՝  իմ տարիներն իմ հարստությունն են, բայց կարևորն այն պահն է, որը կա հիմա ու որը ես կարող եմ վայելել և նվիրել հանդիսատեսին»:

Այս թեմայով