18 Մայիս 2014, 18:31
1284 |

Գերակտիվ Գյումրին

Քանի դեռ Երևանի թանգարանները փորձում էին դիմակայել «գիշերային» այցելուների գրոհին, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիյում «Թանգարանային գիշերներն» անցնում էին խաղաղ ու հանդարտ մթնոլորտում: imyerevan.com-ն այցելեց հայրաքաղաքի 5 թանգարաններ, որոնք նույնպես մասնակցում են համաշխարհային «Թանգարանային գիշերներ» միջոցառմանը:

Գյումրու ժողովրդական արվեստների և կենցաղի թանգարան
Թանգարանային օրվան նվիրված ու շատերի կողմից սիրված համաշխարհային այս միջոցառումների շարքը Գյումրի «ժամանեց» դեռևս 7 տարի առաջ: Առաջին հանգրվանը Գյումրու ժողովրդական արվեստների և կենցաղի թանգարանն էր՝ Ձիթողցյանների տունը:
Ֆրանսիայում գործող Թանգարանների Միջազգային ասոցիացիան Ձիթողցյանների տան հետ ամեն տարի իրականացնում է բազում հետաքրքիր միջոցառումներ:
Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքերով թանգարանն այսօր այցելուների պակաս չի ունենում: Տարեկան կտրվածքով Ձիթողցյանները հյուրընկալում են մոտ 3000 այցելուի, իսկ թանգարանային գիշերներ միջոցառման շրջանակներում այցելուների թիվը երեկոյան 6-ից մինչև կեսգիշեր հասնում - անցնում է տարեկան այցելությունների թվից:  
Թանգարանների աշխատակիցները համաեվրոպական այս ակցիայի օրերին առանձնանում են իրենց համազգեստով ու կրում հատուկ նշագրումով շապիկներ:
Այս տարի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում հնչեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, տեղի ունեցավ աշխարհահռչակ լուսանկարիչ Հովսեփ Քարշի լուսանկարների պատճենների ցուցադրությունը: Կեսգիշերին թանգարանի այցելուներին անակնկալ մատուցվեց. երկինք բաց թողեցին լուսատու օդապարիկներ՝ դրանով իսկ խորհրդանշելով թանգարանային գիշերվա ավարտը:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
Այստեղ բացվել էր ազգային տարազներով ձեռագործ տիկնիկների ցուցահանդեսը: Այցելուների պակաս այս թանգարանը նույնպես չի զգում: Նախորդ տարի թանգարանային գիշերը 6 ժամվա ընթացքում Շիրազին «հյուր» եկան գրեթե 3 000 այցելու: Հուշատուն թանգարանի էքսկուրսավարներ Նարինե Խաչատրյանը՝ պոետի քրոջ դուստրը, պատմեց, որ այս օրվան պատրաստվում էին վաղուց։ Թանգարանային գիշերվա շրջանակներում երիտասարդները ներկայացրեցին իրենց աշխատանքները գեղանկարի, բատիկի ժանրում: Իսկ թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողները Շիրազի տուն-թանգարանի բակում հնչեցրեցին Վարպետի բանաստեղծությունները: Ի դեպ, 2014-ը նշվում է որպես Հովհաննես Շիրազի 100-ամյակի տարի. թեև Վարպետի ծննդյան վկայականում այլ տարեթիվն է նշված, սակայն Շիրազի ցանկությամբ 1914-ը նույնպես համարվում է նրա ծննդյան թվականը:

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարան
Իսահակյանի անվան տուն-թանգարանն իր գիշերային այցելուների համար նախապատրաստել էր բանաստեղծի անձնական գրադարանից Եվրոպական գրականության հատընտիր ստեղծագորությունների ցուցադրությունը, որոնք ոչ միայն պատմական ու գրականական արժեք են ներկայացնում, այլև հանդես են գալիս որպես հնատիպ գրականության բացառիկ նմուշներ: Ինչպես նաև թանգարանում բացվել էր «Վարպետը Եվրոպայում» ցուցադրությունը: Թանգարանի բակում երեկոյան տեղի ունեցավ թեյախմություն Գյումրվա գեղեցիկ ավանդույթներով:

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահ
Մեկ այլ հոբելյար՝ Ասլամազյան քույրեր պատկերասրահն արդեն 6-րդ տարին է՝ մասնակցում Թանգարանային գիշերներին: Այս տարին ցուցասրահի համար առանձնահատուկ էր, քանի որ 2014-ին լրանում է ցուցասրահի վերաբացման 10 տարին: Այս առթիվ ցուցասրահը ներկայացրել է Ասլամազյան քուրերի ստեղծագործությունների նոր ցուցադրությունը: 19-րդ դարին պատկանող ցուցասրահի շենքի սրահներում կոմիտասյան կենդանի կատարումներով ելույթ ունեցավ «Ակոլադա» վոկալ-գործիքային քառյակը: Գյումրու հայտնի արվեստաբանները վարպետության դասեր տվեցին այցելուների համար, իսկ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու սաները սրահներից մեկը վերածել էին արվեստանոցի: Ինչպես նշեց ցուցասրահի տնօրեն Սուսաննա Մնացականյանը, թանգարանն իր դռներն է բացել հատկապես երիտասարդ գեղանկարիչների առջև՝ հնարավորություն տալով ոգեշնչվել տաղանդավոր քույրերի կտավներով և ստեղծագործել:

Մհեր Մկրչյանի թանգարան
Հռչակավոր հայ դերասան Մհեր Մկրչյանի անվան թանգարանում միջոցառման առիթով ցուցադրվեց դերասանի մատիտանկարների շարքը: Քանի որ թանգարանը ցայսօր խնդիր ունի ցուցանմուշների ձեռքբերման հետ կապված, ցուցադրությունների քանակով աչքի չընկան: Բացը լրացրեցին Չարենցի անվան դպրոցի սաները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցլով մեծ արտիստին: Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը նշեց, որ տարեցտարի Թանգարանային գիշերներ միջոցառումը ավելի շատ այցելուներ է բերում թանգարան՝ ակտիվացնելով մշակութային մայրաքաղաքի կյանքը:

Այս թեմայով