18 Ապրիլ 2014, 12:02
1797 |

«Փոքրիկ վիշապը» սաղմնավորվում է

Հայաստանում մի այնպիսի ֆիլմ է նկարահանվելու, որի համար նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում հատուկ տաղավարներ են կառուցվում: Դրանից բացի, տարբեր շինություններ են պատրաստվում նկարահանման մյուս հրապարակներում: Ֆիլմի նկարիչը հավաստիացնում է, որ այսպիսի մանրակրկիտ, պրոֆեսիոնալ, լայնածավալ աշխատանք դեռ չէր տեսել, ու Հայաստանում էլ ընդհանրապես ոչ ոք չի տեսել:

1990-ականներին մարտական կինոյի շռնդալից ներխուժումը սովետական երկաթե վարագույրից ազատագրված, նորանկախ երկիր շատերն են հիշում: Բրյուս Լին այդ տարիներին դեռահասների կուռքը դարձավ: Մեծ, թե փոքր՝ շեղաչք կարատեիստի անունն աղավաղված էին արտասանում՝ Բռուսլին: Փոքրիկ տղաները երազում էին Բռուսլինի պես լինել:

Բրյուս Լիի առեղծվածային և ուժեղ կերպարին նորից կհանդիպենք կինոռեժիսոր Արա Առուշի «Փոքրիկ վիշապ» լիամետրաժ խաղարկային ֆիլմում: Jeet kune do-ի արքայի կերպարը ֆիլմում երկու ներկայություն ունի՝ ֆիզիկական ու հոգևոր: Բայց նա երիտասարդ չէ, ինչպես սովոր ենք տեսնել տարբեր ֆիլմերում: Բրյուս Լին «Փոքրիկ վիշապում» 74 տարեկան է, այնքան, ինչքան նա կլիներ, թե ողջ լիներ: Լին ներշնչում է, պայքարի ու վրեժի կրակը միշտ վառ պահում ֆիլմի 14-ամյա հերոս Սաշայի սրտում:

Սաշային մարմնավորելու է Միքայել Դոկին-Մխիթարյանը՝ ղարաբաղցի 15 –ամյա մի պատանի: Նրան Արա Առուշը բառացիորեն հայտնաբերել է իր նախորդ՝ «Վերադարձ» ֆիլմի քասթինգի ժամանակ: Միշան որպես գլխավոր հերոս՝ խաղացել է այդ ֆիլմում ու այնքան է ոգևորել ու հիացրել ռեժիսորին, որ հատուկ Միշային նկատի ունենալով՝ նա նոր ֆիլմ է մտահղացել: Փոքրիկ վիշապը Միշա-Սաշան է: Ֆիլմի պատճառով Միշան Ստեփանակերտից Երևան է եկել: Աչքերը պլպլացնելով ասում է. «Դպրոցի դասերից ազատել են ինձ»: Ռուսերենով է հաղորդակցվում. այդպես էլ չխոսեց ղարաբաղի բարբառով: «Վեր խոսիմ, հսկանալ չեք» ,-այսքանով սահմանափակվեց ու էլի շարունակեց իր ռուսերենը: Թեև 15-ամյա Միքայել Դոկին-Մխիթարյանը կարատեի Հայաստանի ութակի չեմպիոն է, բայց ֆիլմում փոքրիկ վիշապի ուժեղ կերպարը ստեղծելու համար առավոտից երեկո պարապում է: ժամանակը ոսկի է. արթնանում է 7-ին, մարզվում, ռուսերենի դասեր անցնում, որպեսզի ֆիլմում ռուսերենը հայավարի չհնչի, դերասանական արտահայտչամիջոցների վրա աշխատում, կոփվում, մի խոսքով, ամեն ինչ ռեժիմով ու կանոնով՝ ռեժիսորների, պրոդյուսերների, մարզիչների, ուսուցիչների ուշադրության կենտրոնում:

Նոր հանձնարարություն ստացավ Արա Առուշից՝ ուշադիր դիտել Բրյուս Լիի բոլոր հարցազրույցները, որսալ նրա դիմախաղերն ու շարժուձևերը և կրկնօրինակել դրանք: Ռեժիսորի ցուցումներն Միշան ընդունեց զինվորական պատրաստակամությամբ:

«Փոքրիկ վիշապի» նկարահանումներին 44 օր է մնացել. ի գիտություն նկարահանող խմբի՝ հիշեցումը պատին է փակցվում: Մինչև այդ՝ ահռելի գործ կա անելու: Նախապատրաստական աշխատանքներն անթերի կատարելը երաշխավորում է, որ նկարահանումները հալած յուղի պես են լինելու՝ տեղը տեղին, վայրկյանների ճշգրտությամբ, առանց խոչընդոտների ու տհաճ անակնկալների:

«Փոքրիկ վիշապը» հայ-ռուսական համատեղ արտադրություն է: Փողի մասին պրոդյուսերներ Ալեն Մենուան ու Էդուարդ Առուշը գերադասում են չխոսել. հայաստանյան ֆիլմերից անհամեմատ մեծ բյուջե ունի, բայց նման լայնածավալ ֆիլմերը դրսում ավելին արժեն: Գումարի առյուծի բաժինը Ռուսաստանից է: Ֆիլմի նկարահանումները կատարվելու են Երևանում ու Հայաստանի այլ վայրերում:

Ֆիլմում մի քանի տասնյակ կերպարներ կան. գլխավորը, իհարկե, պատանի կարատեիստ Սաշան է: Նրան դաժան մանկություն է բաժին հասնում: Մարտարվեստի վարպետ հայրը 4 տարեկան Սաշայի աչքի առաջ դաժանաբար սպանում է մորն ու բանտ նստում, իսկ երեխային տանում են մանկատուն: Բրյուս Լիի կերպարով ոգեշնչված՝ Սաշան մանկատանը կարատե է պարապում, որ մոր վրեժը լուծի հորից: Տարիներ անց նրանք հանդիպում են, բայց Սաշայի ծրագրերը փոխվում են, երբ պարզվում է, որ ստոր ու չար արարքների հեղինակ հարուստ գործարար Ֆորմոցևտն է իր ընտանեկան ողբերգության պատճառը: Հայրն ընկել է Ֆորմոցևտի ծուղակը. մարդկային գիտակցությունը մթագնող դեղ է արտադրում գործարարը, որի ազդեցության տակ էլ Սաշայի հայրը սպանել է իր մորը: Կարատեի մենամարտերով հագեցած ֆիլմում Սաշան ցույց է տալիս իր հմտությունները, անպարտելի կամքն ու արդար պայքարի ձգտումները:

Ֆորմոցևտին մարմնավորելու է Միքայել Պողոսյանը: Սաշայի հոր՝ Մոլոտի դերի համար բանակցում են հոլիվուդյան հայտնի դերասան Սքոթ էթկինսի հետ: Մյուս դերերում խաղալու են հայ և ռուս դերասաններ: Հագուստները ձևավորվում են. ամենամեծ ուշադրությունը դարձվում է Ֆորմացևտ-Միքայել Պողոսյանի թանկարժեք հագուկապին:

Ֆիլմում շեշտադրվում է Բրյուս Լիի փիլիսոփայությունը՝ մարտարվեստը մարդ սպանելու համար չէ, այլ պաշտպանվելու, չարի դեմ պայքարելու և բարու հաղթանակի: Սցենարը գրել են Արա Առուշն ու Ջոն Մետը: Արան հրավիրել է նաև երկրորդ ռեժիսորի՝ Ալեքսանդր Միլեշկոյին: Նա այս ֆիլմը համարում է կենդանի, անընդհատ փոփոխվող օրգանիզմ, որի վերջնական տեսքը պատկերացնելը դեռ դժվար է: Տեխնիկապես հագեցած, ռեժիսորական, օպերատորական նոր մոտեցումներով «Փոքրիկ վիշապը» ֆիլմն իր ժանրով էքշն-կոմիքս է, որի նկարահանումները կսկսվեն հունիսի 1-ին, կտևեն մինչև ամռան վերջին օրերը: Պատրաստ լինելուն պես ֆիլմը դուրս կգա ռուսական ու չինական շուկա, այնուհետև՝ այլ երկրների կինովարձույթ: Արա Առուշը գլխանց հորդորում է բոլորին. «Եթե կարծում եք, թե գոնե մոտավոր պատկերացում ունեք, թե ինչ ֆիլմ է ստացվելու կամ ինչ ենք մենք մտադիր անել, ասեմ, որ սխալվում եք: Ոչ ոք այդքան վառ երևակայություն չի կարող ունենալ»:

«Փոքրիկ վիշապ» ֆիլմի հրապարակայնության և տեղեկատվության տարածման բացառիկ իրավունքը պատկանում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական կազմակերպությանը:

Այս թեմայով