12 Մայիս 2014, 00:21
1585 |

Թե ինչպես ծնվեցին տղաներս…

Թե ինչպես ծնվեցին տղաներս կամ ինչքան շատ եմ սիրում Հայաստանի հազարավոր մայրաքաղաքներից մեկը:

«Երևանը մեր տունն է,» «միշտ պետք է սիրել ու մաքուր պահել մեր քաղաքը», «իմ սրտի մայրաքաղաք»… Հաճախ են ինձ ասել այդ արտահայտությունները, շատ եմ լսել ու մտածել, արդյոք մենք իրականում այնքան եսասեր չե՞նք, որ նման արտահայտություններով փորձում ենք մոլորության մեջ գցել դիմացինին, արդյոք հայրենասիրական տողերն ու արտահայտությունները նույնքան կեղծ չե՞ն, որքան մոլորված օլիգարխի կողմից եկեղեցի կառուցելը։
Ընկերս՝ Նարեկը զանգեց ու ասաց՝ պապա ես դարձել։ Կախեց հեռախոսը։

Իրականում մենք մի քանի հազար մայրաքաղաք ունենք, ինչը բացառապես պայմանավորված է երևանցիներով։ Խոսքս Կարսի, Անիի կամ Դվինի մասին չէ, այլ մեր սիրելի քաղաքացիների պատկերացրած քաղաքի, որն իրականում կարող է շատ տարբեր լինել։

Երևանի մասին խոսելիս կամ մտածելիս, երբեք սիրտս չի «թրթռացել», չեմ հուզվել ու փշաքաղվել, սակայն երբ հիշել եմ ընկերներիս, հարազատ մարդկանց, մեր շենքի տանիքը, որտեղից երևում է ողջ քաղաքը, ինչ-որ հաճելի բան եմ զգացել։

Շատերին կթվա, թե տրամադրված հակահայրենասիրական եմ կամ ընդդիմադիր «քաղաքական գործիչ»։ Բայց իրականում, երբեք չեմ սիրել խոսել ու անկեղծանալ ինձ համար շատ հարազատ բաների մասին, նույնիսկ, հաճախ այդ դեպքերում միայն բացասական բաներն եմ նկատում. բարդույթ է։
Նարեկին լավ իմանալով, վստահ էի, որ կատակ է անում, չնայած, մյուս կողմից՝ այդպիսի կատակ դժվար թե աներ։ Զանգեցի, հեռախոսն անհասանելի էր։
Սիրիացի ընկերս՝ Թամմամը, ով բացի լավ մարդ ու տաղանդավոր օպերատոր լինելուց նաև հաճախ սիրում է փիլիսոփայել, մի օր, շատ կարևոր բան ասաց. չնայած նա ռուսերեն է խոսում, բայց ես հայերեն կպատմեմ, քանի որ, ի հակառակ նրան, ես հայերի հետ միայն հայերեն եմ խոսում։ (Թամմամը հայ չէ, բայց դա կապ չունի)։ Մի խոսքով. ըստ նրա՝ մենք ապրելով մի իրականության մեջ, բոլորովին այլ իրականության մեջ ենք մեզ պատկերացնում։ Նկարում ենք ֆիլմեր ու ներկայացնում «հոլիվուդյան» շուքով, զարդարում ենք փողոցները, նմանակելով եվրոպական քաղաքներին, անորակ ապրանքները գնելիս մեզ զգում ենք «ամենագլամուր» գնորդը։ Սակայն սա հարցի միայն մի կողմն է։ Մեր ցուցադրական ու ավելորդ, «փուչ» գործողություններին զուգահեռ փնովում ենք Հայաստանը, Երևանը, դիմացինին ու այսպես շարունակ։

Սիրիացին միգուցե մեր իրականության մեջ «քիթը խոթելու» իրավունք չունի, բայց, սա նույնպես այն օրինաչափություններից է, որոնց տրամաբանությունը մենք երբեք չենք կարևորել։

Իսկ ես փոքր ժամանակ ծնողներիս ասում էի՝ ինձ Հայաստան տարեք, «Անդրանիկը քաջ, վազում է առաջ…», — գնացքներում ու օդանավակայաններում երգում էի։ Ես չգիտեի, թե իրականում Անդրանիկն ով է ու, առավել ևս՝ հայրենասիրությունն ինչ է, բայց ծնողներս «Ռոտտերդամն» ու «Բեռլինը» թողեցին ու վերադարձան հայրենիք, որովհետև իրենք էլ մի ինչ-որ հաճելի ու քաղցր բան զգացին, որոշեցին, որ պետք է հայերեն խոսեմ, գրեմ…
Շարունակում եմ զանգել Նարեկին, այս անգամ խոսափողը չի վերցնում, այդ փաստը նյարդայնացնում է։

Այսօր ես եմ պատրաստվում գնալ։ Միգուցե ընդմիշտ, միգուցե մի քանի տարով, դժվար թե տղաներիս «հայրենասիրական» երգերը նույն ազդեցությունն ունենան, սակայն նույնքան հայրենասեր պիտի լինեն, որքան ես։ Երևի վերջին տասնհինգ տարիներին միշտ ճամփորդել եմ ու երազել եմ «օտար ափերի» մասին։

Տասը ամիս առաջ, երբ կինս ծնարանում պառկած, չէր ցանկանում պատասխանել հեռախոսազանգերիս, իսկ ես, չգիտեմ ինչու, անհամբեր զանգում էի, ասես՝ ինքն իրեն էր ծննդաբերելու, ընկերներս առաջարկեցին հանդիպել ծննդատան բակում ու միասին սպասել զույգ տղաներիս։ Մի քանի ժամ սպասեցինք, հետո բժիշկներն ասացին, որ կնոջս ցավերը սկսվել են։ Ոգևորված գնացինք մոտակա խանութներից մեկից շամպայն ու քաղցրավենիք գնելու։ Ու այդ պահին զանգեցի հորս, նա ասաց, որ հայր եմ դարձել։ Կարենն ու Ռոբը (ընկերներս), իհարկե նաև ես, ողջ Պրոսպեկտով գիշերվա ժամը 12-ին վազում էինք, Կարենն ասում էր՝ կհրավիրե՞ս ձեր տանիք, գանք խմենք, իսկ Ռոբը հեռախոսով նկարում էր։ Ես միայն վազում էի, չգիտեմ, թե ինչ էի զգում, ուսերս, ականջներիս ծայրերը փշաքաղվում էին, ու բնականաբար հաճելի էր ամեն մի քայլը, ամեն մի սանտիմետրը, եթե այդ պահին ինձ ասեին՝ Երևանը մեր տունն է կամ իմ սրտի մայրաքաղաքը, կասեի՝ այո, անշուշտ և այդպես շարունակ։

Զանգեցի հորս, հայրս լուռ էր, մի պահ ոչինչ չասաց, երևի մտածում էր։ Հետո բավական նուրբ ձայնով ասաց. «Հա, հա, ծնվել են, շուտ արի»։ Ռոբը խանութի գանձապահից շամպայն խնդրեց, Կարենը դուրս եկավ խանութից, ու սկսեցինք վազել։

Հիմա, հաճախ հիասթափվում եմ մարդկանցից, փողոցներից, աննպատակ կայանված մեքենաներից, տոն օրերին փակ խանութներից, ձյան անհարթ շերտերից, վերելակում հանդիպող հարբեցող հարևանից ու մտածում եմ, որ իսկապես ուզում եմ գնալ Երևանից։ Իսկապես Թամմամի ասածներում կա ճշմարտություն, երբեմն մենք խաբում ենք ինքներս մեզ, դառնալով սուտ ու ձևական: Ցուցադրում ենք, որ հայ ենք, բայց փաբերում ու ակումբներում նմանակում ենք «յութուբյան» հոլովակները, պարում ենք իբր եվրոպացու նման, պաշտում ենք այնպիսի հերոսների, որոնցից շատերի միայն անունը գիտենք։ «Մթամ» զարգացած ենք…

Հաճախ եմ մեր քաղաքը նմանեցնում մեծ, բացօթյա կինոտաղավարի։ Միայն տաղավարներում է, որ արտաքնապես ամեն ինչ իրական է, իսկ ներսում փայ-տյա ու ստվարաթղթե դեկորներ են, որոնք ամրացնում են քաղաքի երևացող մասերը։

Երբ մտա ծննդատուն, հարազատներս դիմավորեցին։ Առաջինը մորս գրկախառնվեցի։ Ավելի ուշ մտա ծնարան։ Իբրև հայր «բացառիկ իրավունքով» թույլատրեցին տեսնել բառի բուն իմաստով՝ նորածին տղաներիս։ Նրանք կարմիր էին, փոքր ու անհասկանալի։ Անորոշ հայացքով նայում էին դեպի անսահմանություն։ Համբուրեցի կնոջս՝ Շողիկին, ու դուրս եկա։

Հ.Գ. Հաճելի է, երբ կյանքումդ մի ինչ-որ բան փոխվում է, երբ գիտես, որ լավ բան է տեղի ունեցել, բայց դեռ լիարժեք չես գիտակցում, այդպիսին է իմ մայրաքաղաքը՝ հազարավորներից մեկը… այդ գիշերը, այդ զով ու անվերջ չավարտվող գիշերը…

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով