04 Ապրիլ 2014, 14:48
1687 |

Հայաֆրանսիական հիշողություններ

Երրորդ սերնդի ֆրանսուհի, հեռուստահաղորդավար, դաշնակահար, երգահան, բանաստեղծ, մոդել, մանեքենուհի, դիզայներ, ստիլիստ, դիջէյ Եվա Բերբերյանն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել հայրենիքից դուրս: Ֆրանսիական փայլով, հայկական ոգևորությամբ, մեծ կարոտախտով հայրենիք է այցելել ելույթ ունենալու հայ հանդիսատեսի առջև:

Ինչո՞վ է Երևանը տարբերվում Փարիզից:
- Հանգստությամբ և մարդկանց խաղաղությամբ: Այստեղ մարդկային արժեհամակարգն այլ է: Այն զգացողությունները, որոնք ունենում եմ Երևանում, անհամեմատելի են փարիզյանի հետ:

Ինչպե՞ս որոշեցիք երաժշտությամբ զբաղվել:
- Մանկության տարիներին մեր տանը միշտ դաշնամուր կար: Առաջին երգերս տխուր պատմություն ունեն, դրանք ծնվեցին դժբախտ պատահարի հետևանքով: Կարծում եմ դա ճակատագիր էր, ես այդպես գտա կյանքի իմ ուղին: Ու մինչև հիմա դեռ ոչ մի անգամ չեմ ափսոսել:Այժմ զբաղվում եմ նոր ալբոմիս աշխատանքներով՝ «Օգնիր քեզ և Աստված քեզ կօգնի»: Այն կներառի իմ լավագույն 30 երգերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի խոսքերով գրված «Tendre Arménie» երգը:

Ոչ միայն երաժիշտ եք, այլև մոդել, հեռուստահաղորդավար, դաշնակահար, բանաստեղծ և այլն: Դեռ փնտրում եք ձեզ, թե՞ արդեն կողմնորոշվել եք:
- Միակ երազանքս մարդկանց օգտակար լինելն է: Ցավոք, ես կարիերիստ չեմ ու ի տարբերություն շատերի՝ քայլերս կանխավ մտածված չեն լինում: Ես ինձ անընդհատ փորձում էի տարբեր ոլորտներում և հեշտությամբ թողնում կիսատ, հենց զգում էի, որ դա իմը չէ: Ես երբեք չէի զղջում:

Ինչպե՞ս ստեղծեցիք լողազգեստների հավաքածուն:
- Ոչ միայն լողազգեստների, այլև ներքնազգեստների հավաքածու: Լողազգգեստների հավաքածուն կոչվում է «Սենթ Եվա» (Սուրբ Եվա): Դրանք ռետրո ոճի են, 60-ականներն են հիշեցնում: Նորաձևությունը հաճախ պտույտ է տալիս և վերադառնում հին տեղը, ես ցանկացա արագացնել այդ պտույտը:

Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից:
- Հայրենիքս այն տեղն է, ուր ես կվերադառնամ դեռ բազում անգամներ և դեռ կբացահայտեմ շատ գաղտնիքներ: Սակայն այն, ինչ հասցրել եմ տեսնել, երբևէ չի ջնջվի հիշողությունիցս: Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի անմար կրակն անընդհատ աչքիս առաջ է: Իմ կարճատև այցի ընթացքում մի մեծ ճամպրուկ հիշողություններ կուտակեցի:

Այս թեմայով