08 Փետրվար 2014, 16:25
4607 |

Գրքերի գրոհ 2014

Գուրգեն Մահարու երկերի լիակատար հավաքածուի սկիզբը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրությունը, Սթիվ Ջոբսի արտոնագրված կենսագրությունը, Լևոն Խեչոյանի շատ երկար սպասված ստեղծագործությունը և այլ կարևոր գրքեր, որոնք կհրատարակվեն 2014 թվականին Հայաստանում և որոնք պետք է ունենալ անձնական գրադարանում:

2013-ի փորձությունը
Անցած տարին գրքի ու գրահրատարակչության համար յուրօրինակ փորձության տարի էր: Հետաքրքիր էր տեսնել՝ 2012-ին Երևանի՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղո՞սն էր որոշակի աշխուժություն առաջացրել այդ ոլորտում, թե՞ հայաստանյան հրատարակչությունները վերջապես սկսել են գործել նախօրոք մշակված հեռագնա ծրագրերով, և գրքի մայրաքաղաքի տիտղոսը հրաշալի առիթ էր այդ ծրագրերի մեկնարկը վերջապես տալու համար: Պարզվեց, անշուշտ, որ, այո, կան այսպես կոչված՝ «գրքի ու գրականության նվիրյալներ», որոնք չգիտես որտեղից հայտնվեցին հենց 2012-ին ու նույն առեղծվածայնությամբ էլ անհետացան գրքի մայրաքաղաքի տիտղոսը Երևանից Բանգկոկին փո-խանցելուն պես կամ շարունակում են իրենց խորհրդանշական «գործունեությունը»:

Բայցև պարզվեց, որ լավատեսությունն էլ անհիմն չէ, որովհետև 2013-ին հատկապես «Անտարես», «Զանգակ-97», «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները շարունակեցին ակտիվ ու նպատակասլաց հրատարակչական գործունեությունը և մեր գրադարակները հարստացրեցին բազմաթիվ արժեքավոր գրքերով: Մասնավորապես՝ «Անտարեսը» ստեղծեց նոր մատենաշար՝ «Օտար գիր» խորագրով, որտեղ բնագրից կատարված թարգմանությամբ լույս կտեսնեն համաշխարհային գրականության թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործեր, ընդ որում՝ դրանց մեծագույն մասը հայերեն լույս կտեսնի առաջին անգամ: Արդեն լույս են տեսել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը», Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպերը: Մյուս՝ «Կողմնացույց» մատենաշարը հասցեագրված է պատանիներին՝ Դանիել Դեֆո՝ «Ռոբինզոն Կրուզո», Մարկ Տվեն՝ «Թոմ Սոյերի արկածները» և այլն: Եվս 6 գրքով ավելացավ «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարը, այդ թվում՝ Ալեն-Ֆուռնիեի «Երկար Մոլնը», Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն», Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպերը: Եվ իհարկե, լույս տեսան ժամանակակից հայ գրողների գրքեր, որոնցից պետք է առանձնացնել հատկապես Հովհաննես Գրիգորյանի, Ավագ Եփրեմյանի, Հակոբ Մովսեսի, Հուսիկ Արայի նոր ժողովածուները:

«Զանգակ-97» հրատարակչությունը շարունակեց համալրել իր «Աշխարհի գրականությունը հայերեն» մատենաշարը: Լույս տեսան Առնո Գայգերի «Ծեր թագավորը իր աքսորավայրում», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպերը: Պատանիներին հասցեագրված գրքերի շարքում հարկ է առանձնացնել Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» վիպակը: Բավականին մեծ է նաև այս հրատարակչության՝ 2013 թվականի ընթացքում տպագրած մանկական և ուսումնական գրքերի տեսականին:

«Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները 2013 թվականին հայ ընթերցողին նվիրեցին մի այնպիսի աննախադեպ ու հիրավի փառահեղ հրատարակություն, ինչպիսին Շեքսպիրի «Համլետ»-ն է՝ Արամ Թոփչյանի նոր թարգմանությամբ, ընդարձակ ու բովանդակալից ծանոթագրություններով ու մեկնություններով:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակեց նոր գրքերով համալրել իր «Իմ գրադարանը», «Հայ դասական գրողներ» մատենաշարերը: «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպերը, Ալեքսանդր Պուշկինի, Անտոն Չեխովի, Միխայիլ Լերմոնտովի հատորյակները և այլն:

Ըստ ամենայնի, 2014 թվականը գրահրատարակչական դաշտում է՛լ ավելի բուռն է լինելու, և հայ ընթերցողների հրաշալի գրքերի իսկական գրոհ է սպասվում: Ելնելով հրատարակչությունների՝ տարբեր առիթներով շրջանառած տեղեկություններից, գրքերի վերջում ներկայացված սպասվելիք հրատարակությունների ցանկից, առանձնացրել ենք հետևյալները:


Միշել Ուելբեք «Տարրական մասնիկները»
Ֆրանսիացի ժամանակակից գրողի աղմկահարույց վեպը՝ Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ շատ շուտով կլինի հայ ընթերցողի սեղանին: Ճիշտ է, ստեղծագործության որոշ բաց տեսարանները, «կեղտոտ» նկարագրությունները մեզանում որոշ դժգոհությունների ու քննադատությունների տեղիք կտան, բայց և վստահաբար՝ «Տարրական մասնիկների» բուն գաղափարները կստիպեն ուրիշ աչքերով նայել իրականությանն ու աշխարհին: Այս վեպի մասին իսկապես կարելի է ասել՝ գարշելի ու անհունորեն ցնցող՝ միաժամանակ:

Ուոլթեր Այզեքսոնը միակ հեղինակն էր, ում հետ համագործակցեց Սթիվ Զոբսը
Ուոլթեր Այզեքսոնը միակ հեղինակն էր, ում հետ համագործակցեց Սթիվ Զոբսը

ՈւոլթերԱյզեքսոն «ՍթիվՋոբս»
Հատկապես Սթիվ Ջոբսի մահից հետո այս գիրքը բազմաթիվ հրատարակություններ է ունեցել աշխարհում և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Գիրքը թերևս տարվա բեսթսելլերների ցանկում կհայտնվի, որովհետև հայ ընթերցողն էլ անհամբերությամբ է սպասել դրան (ինչ-որ տեղ նաև, իհարկե, Apple-ի կնքահորը մեծացրած հայ կնոջ մասին հատվածների համար): Սա, ի դեպ, Ջոբսի կողմից հավանություն ստացած՝ իր մասին պատմող միակ հրատարակությունն է:


Պատրիկ Զյուսքինդ «Օծանելիք»
Թերևս բոլորն են տեսել այս վեպի հիման վրա ստեղծված ֆիլմը, բայց ահա քչերն են կարդացել վեպը, որը, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, գերազանցում է ֆիլմին, և ավելի առարկայական է ի ցույց դնում մարդասպան հանճար Ժան-Բատիստ Գրենույի մտածումներն ու նպատակասլացությունը, ինչպես նաև՝ անձնական ողբերգությունը: «Օծանելիքը» գերմաներենից թարգմանել է Կառլեն Մատինյանը:

«Մհերի դռան գրքի» վրա Խեչոյանն աշխատել է 13 տարի
«Մհերի դռան գրքի» վրա Խեչոյանն աշխատել է 13 տարի

Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»

Անկասկած, հայ գրական կյանքում մեծ իրադարձություն է լինելու Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» երկար սպասված վեպի հրատարակությունը: Գրողի՝ 1999-ին հրատարակված «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Խեչոյանը ձեռնամուխ է եղել նոր վեպի, որը «Սասնա ծռեր» էպոսի յուրօրինակ մշակում է լինելու: Եվ ամեն տարի հայ ընթերցողը սպասել է այս գրքին: Այդ շրջանում Խեչոյանի գրած ու հրատարակած մյուս ժանրի գործերն անգամ ընթերցողների ու գրաքննադատների կողմից ընկալվում էին որպես այդ մեծ գործի նախապատրաստություն: Եվ նույնիսկ Խեչոյանն ինքն էլ տարբեր պատմվածքներում ակնարկում էր այդ մասին: Ցավալի է, իհարկե, որ այդ վեպը, որի վրա գրողն աշխատեց 13 տարի շարունակ, լույս կտեսնի հետմահու, բայց բարեբախտություն է, որ Խեչոյանը, ի վերջո, ավարտին հասցրեց այն:


Ժան Ժիոնո «Հուսարը տանիքի վրա»
Այս վեպը ևս ավելի շատ հայտնի է համանուն ֆիլմի շնորհիվ: Սա արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1830-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումներից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում' լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահված սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ: Վեպը ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Գասպարյանը:


Ումբերտո Էկո «Վարդի անունը»
Տարվա կեսին Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ լույս կտեսնի Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը՝ հիրավի իրադարձություն հայ թարգմանական գրականության դաշտում: 1980 թվականին լույս տեսած այս վեպը (ի դեպ՝ միջնադարագետ Էկոյի առաջին և՝ շատերի կարծիքով՝ լավագույն փորձը գեղարվեստական գրականության դաշտում) վերջերս հենց ինքը՝ հեղինակը որոշ փոփոխությունների է ենթարկել, և հայերեն լույս կտեսնի հենց այդ փոփոխված տարբերակի թարգմանությունը: Ու եթե վեպը թարգմանելու առումով մենք՝ հայերս շատ հետ ենք ընկել աշխարհի այլ ժողովուրդներից, ապա փոփոխված տարբերակի թարգմանության հարցում առաջինն ենք: Իսկ եթե արդեն տեսել եք Շոն Քոններիի մասնակցությամբ համանուն ֆիլմը, նշենք՝ գիրքն անհամեմատ ավելի հետաքրքիր է:


Ալեքս Ֆերգյուսոն «Ինքնակենսագրություն»
2014 թվականի գրքային գրոհից անմասն չէ «Երևան փրոդաքշնսը»: Մասնավորապես՝ շուտով հայերեն կհրատարակվի շոտլանդացի հանրահայտ մարզիչ, «Մանչեսթր Յունայթեդի» երկարամյա «առաջնորդ» սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Ինքնակենսագրությունը», որն արդեն իսկ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու դարձել իսկական բեսթսելլեր: Սըր Ալեքսը այնքան խոշոր ֆիգուր է, որ այս գիրքը հետաքրքիր պետք է լինի ոչ միայն ֆուտբոլով հետաքրքրվողների համար:

Գուրգեն Մահարի «Երկերի լիակատար ժողովածու»
«Անտարես» հրատարակչությունը 2014-ին պատրաստվում է իրականություն դարձնել մի շատ լուրջ ծրագիր: Սկսվելու է կարևորագույն հայ հեղինակներից մեկի' Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատորով) հրատարակությունը: Այս տարի նա-խատեսվում է հրատարակել 1-3 հատորները, որոնք ընդգրկում են գրողի բացառապես բանաստեղծական ժառանգությունը:

Փամուկի լավագույն վեպերից մեկը այս տարի լույս կտեսնի նաև հայերեն
Փամուկի լավագույն վեպերից մեկը այս տարի լույս կտեսնի նաև հայերեն

Օրհան Փամուկ «Ինձ Կարմիր են ասում»
Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի, թերևս, լավագույն վեպն է սա (այո, և ոչ թե հայերի հետ որոշակի առնչություն ունեցող աղմկահարույց «Ձյունը»): «Կարմիրը» թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը:

Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»
Մեկ այլ Նոբելյան մրցանակակրի՝ Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը առավել հայտնի է իր աղմկալից էկրանավորմամբ (ռեժիսորը եվրոպական կինոյի կենդանի դասական, ավստրիացի Միքայել Հա-նեկեն էր): Վեպը կօգնի նորովի ընկալել ֆիլմը:

Արմեն Շեկոյան «Ուղիղ եթեր»
Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Արմեն Շեկոյանը հայտարարեց, թե այլևս բանաստեղծություններ չի գրի և բանաստեղծական ժողովածուներ չի հրատարակի, և ամբողջովին անցավ արձակի՝ մամուլում տպագրելով իր «Հայկական ժամանակ» անվերջանալի վեպի հատորները: Շեկոյանը, ի վերջո, պահեց բանաստեղծություն չգրելու իր խոստումը, իսկ ահա ժողովածու չտպագրել՝ արդեն չէր կարող, որովհետև չափազանց մեծ է նրա պոեզիայի պահանջարկը:


Արամ Պաչյան «Օվկիանոս»
Երիտասարդ, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող ու սիրված արձակագրի նոր՝ թվով երրորդ գրքին (առաջինը «Ռոբինզոն և 13 պատմվածքներ» ժողովածուն էր, երկրորդը «Ցտեսություն. Ծիտ» վեպը), ինչպես միշտ, հայ ընթերցողներն անհամբերությամբ են սպասում: Նրանում ընդգրկված են լինելու գրողի նոր էսսեներն ու պատմվածքները:

Քրիս Բոջալյան «Ավազե ամրոցի աղջիկը»
Օտարագիր հայ գրողի այս վեպը, որը անդրադառնում է 1915 թվականի ողբերգական իրադարձություններին, արդեն հասցրել է թարգմանվել աշխարհի մի շարք լեզուներով և դարձել իսկական բեսթսելլեր: Ժամանակն է նաև հայերեն տարբերակի համար: Հայերեն վեպը լույս կտեսնի Արամ Արսենյանի թարգմանությամբ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով