23 Հունվար 2014, 16:19
1842 |

Ոչ կինոգենիկ

«Ժաննան և ձայները» ֆիլմի և «Բոժոն» մուլտֆիլմի ռեժիսոր, The Deenjes երաժշտական նախագծի համահիմնադիր Միքայել Վաթինյանը նաև դերասան է, զգեստների նկարիչ, ձայնասկավառակների ձևավորող: Բայց, նախ և առաջ, Միկան հետաքրքիր զրուցակից է, ով իր լռությամբ ավելի իմաստուն է, քան շատերը` խոսքերով: Սիգարետի ծուխն ու երաժշտությունը ոգեշնչում են նրան գտնել իր Երևանն ու կրկին սիրահարվել նրան:

Ծնվել եմ Պլանի գլխի ծննդատան 4-րդ հարկում՝ առավոտյան ժամը վեցին: Դժվար եմ ծնվել, որովհետև մամաս շատ նիհարիկ էր, իսկ ես երեք կիլոգրամից ավելի էի կշռում:
Մինչև 19 տարեկան ապրել եմ Հալաբյան փողոցում՝ մարզահամերգային համալիրի դիմացի շենքերից մեկում: Ակադեմիկների շենքն էր՝ յոթ քար խաղալուց մտավորական մթնոլորտ էր տիրում:
Մանկապարտեզը մեր տան կողքն էր: Այնտեղ երբեք չէի քնում, զոռով քնեցնում էին: Հետագայում հասա նպատակիս. կարծես թագավոր լինեի՝ բացի ինձնից բոլորը քնած էին: Հետո մեր մանկապարտեզում նոր աղջիկ հայտնվեց… ու վերջ, որովհետև մանկապարտեզ էր:
122 դպրոցն եմ ավարտել՝ էլի մեր տան հարևանությամբ էր: Առանձնապես չարաճճի չեմ եղել, բայց դասերից փախնում ու Թումանյանի այգի էինք գնում, իջնում էինք ձոր, բարձրանում էինք «Եղեռն» (էդպես էինք անվանում ցեղասպանության հուշահամալիրի տարածքը): Հիշում եմ, երբ համալիրը հրդեհվեց, փախանք դասերից ու վազեցինք նայելու՝ մե՜ծ իրադարձություն էր:
Հայրս օպերատոր է, մայրս՝ մոնտաժող, ես էլ ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին: Այնպես որ գիտակցությանս մեջ կինոաշխարհն էր՝ ողջ մանկությունս դա եմ տեսել:
Աբովյան-Պուշկին փողոցի խաչմերուկում Ռուբեն Թումանյանի թատրոնն էր, որպես դերասան այնտեղ էի աշխատում: Բուլգակովի «Շան սիրտն» էինք բեմադրել: Իսկ Փոսի թատրոնում Սերգեյ Դանիելյանի հետ «Իո» ներկայացումը բեմադրեցինք:
Երևանի շենքերից մեկի համար 105 բնակարանում ծնվեց The Deenjes-ը: «Ժաննան և ձայները» ֆիլմի վրա աշխատում էի օպերատոր Թամամ Համզայի հետ… Էս պատմությունը հազար անգամ պատմել եմ, լավ, խոզություն չանեմ ու մի անգամ էլ պատմեմ: Մոնտաժային աշխատանքները շատ երկարեցին, մենք էլ մի օր որոշեցինք երգ ձայնագրել: Հումորով ասում էինք դնջեր-դնջեր, արդյունքում խմբի անունը այդպես էլ մնաց: Իսկ տեսահոլովակները բնակարանիս զուգարանում են նկարահանվել:
Երևանում ամենասիրելի վայրը կինոթատրոնների դահլիճներն էին՝ «Հրազդանը», «Պիոները», «Նաիրիի» տակի «Բուրատինոն», կինո «Երևանը»: Շատ էի սիրում փոքրիկ կինոթատրոնների փայտից աթոռները: Համ էլ կինոթատրոններում կարելի էր թաքուն ծխել, իսկ երբ ֆիլմի ժապավենը պատռվում էր, պրոյեկտորների լույսի մեջ թղթիկներ էինք նետում, սուլում էինք: Երևի մի 15 անգամ դիտել եմ «Զիմնյայա վիշնյա» ֆիլմը՝ գլխավոր հերոսուհուն էի հավանել:
Շարժման տարիներին քաղաքը շատ գեղեցիկ էր՝ շեփորի ձայնը, մարդկանց երգելը, հանրահավաքները: Այդ տարիներին քաղաքը մերն էր: Երևի կյանքիս ամենառոմանտիկ ժամանակն էր: Ինձ համար գեղեցիկ էին նույնիսկ մութ ու ցուրտ անլույս տարիները: Կախվում էինք տրոլեյբուսների հետևից… ինչ-որ ազատություն կար օդում:
Երևանը մի մեծ տոնավաճառի է նման՝ անդադար առևտուր անող մարդիկ ու միմյանց հետ կապ չունեցող օբյեկտների շարան: Օրինակ՝ կինո «Ռոսիայի» տոնավաճառը ոնց որ փոքրիկ Երևանը լինի:
Պռոշյան փողոցն եմ կարոտում' խորովածով ու քյաբաբներով, երբ երկրում չեմ:
Երևանը կինոգենիկ չէ: Կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ այդքան քիչ են նկարահանվում ֆիլմեր, որոնց գործողությունները հենց Երևանում կկատարվեն: Խոսքը գլամուրային կամ հորինված Երևանի մասին չէ: Այսօրվա դրությամբ քաղաքը պատկերային առումով կորցրել է իր կառուցվածքը: Համարյա անհնար է կադրային մաքուր hամադրություն ստեղծել, որ այլ էլեմենտներ չխանգարեն: Կուզենայի քաղաքային ֆիլմ նկարել Երևանում, բայց վերոհիշյալ պատճառներով չեմ զգում քաղաքը, գյուղերը ավելի շատ են ոգեշնչում ինձ:
Ժամանակին քաղաքը ունեցել է որոշակի տրամաբանություն: Եթե նորակառույց աղբը հանենք, կարծում եմ, կերևա մայրաքաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը:
Մարդկանց մի խումբ մեկնեց քաղաքից, իրենց տեղը զիջելով մյուս խմբին, որը միշտ էլ գոյություն է ունեցել, իսկ այսօր մեծամասնություն է կազմում: Չենք ռաբիզացել կամ անճաշակացել, այդ երևույթները միշտ էլ եղել են: Երևի մայրաքաղաքի այսօրվա բնակիչը հենց այնպիսին է, ինչպիսին եղել էր՝ իր բնական վիճակով: Ես չեմ զգում ու չեմ էլ հասկանում, ի՞նչ է նշանակում երևանցի կամ էրևանցի:
Երևանի մասին խոսելիս մարդկանց եմ պատկերացնում: Կուզեի, որ մեր բնակչությունը բազմաշերտ լիներ: Թե չէ մարդիկ կարծես մի երկու-երեք կլանի բաժանված լինեն՝ հիմնականում միատեսակ են: Գուցե սա փոքր քաղաք լինելու խնդիրն է:
Չգիտեմ, ի՞նքս եմ ինձ սահմանափակում, թե՞ քաղաքը:
Ես չեմ ասում, որ ամեն ինչ վատ է: Բայց ինձ մտահոգում է այն, որ անտարբեր եմ, իսկ ես ուզում եմ սիրել Երևանը: Փնտրում եմ՝ ինչո՞ւ է այդպես: Գուցե քաղաքը շունչ չունի:
Երևանում հնարավորությունների հոտ չկա, ու դա կոտրում է: Անցնում են տարիներ ու հանդիպում ես ծանոթիդ, ով դեռ նույն տեղում նստած է: Երևանում աճում են միայն շենքերը:
Առաջ Երևանը մոխրագույն էր, այսօր' բազմագույն է: Երբեմն, նման ճաշատեսակ եմ պատրաստում' տանը ինչ կա լցնում եմ «կաստրյուլյայի» մեջ:
Երևի շատ կսիրեի Երևանը այն տարիներին, երբ նոր էի ծնվել: Իսկ այսօր հետը ոչինչ չունեմ խոսելու: Եթե նման հնարավորություն ունենայի, կլռեի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով