10 Հունվար 2014, 18:36
3831 |

Սուպեր գիրքը

Նրա արժեքը շատ ավելին է, քան կարող է որոշել մարդը, այն ավելին է, քան գիրքը, ոչ պակաս, քան Աստվածաշունչը, քանի որ ինքն է համայնը, և ամենքն են պարփակված նրա մեջ:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի շրջանակներում 2013-ի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում էր գրախանութներում ամենալավ վաճառված 10 գրքերի ցուցակը: Եվ այդ վարկանիշային ցուցակը շաբաթներ շարունակ գլխավորում էին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի նոր հրատարակությունները: Ի՞նչ է որոնում 21-րդ դարում աստվածաբանական և գեղարվեստական գրականության անսահման ընտրություն ունեցող ընթերցողն այդ գրքում, որն է «Նարեկի» զորության գաղտնիքը, որը դեպի իրեն է ձգում իրենից ժամանակով ու տարածությամբ հեռու գտնվողներին: Գաղտնիքը տարբեր ժամանակներում փորձել են պարզել շատերը: Գրականագետ Մ. Մկրյանն այն միտքն է հայտնել, որ «Մատյանը» պատկանում է այն հանճարեղ ստեծագործությունների թվին, որոնք ըմբռնելի են դառնում ժամանակի ընթացքում, որքան հարստանում է մարդկային կուլտուրան ու կենսափորձը, այնքան ավելի է հնարավոր դառնում մտքերի ու զգացմունքների գաղտնիքները բացահայտել: Միգուցե մոտենու՞մ է այդ ժամանակը, երբ յուրաքանչյուրն իր համար ու իր ներսում «Նարեկի» միջոցով պիտի սկսի դեպի Մարդը իր ճամփան։

«Նարեկը» պարզապես ընթերացանության համար նախատեսված պոեմ չէ, պարզ դեղամիջոց չէ գլխացավի դեմ, այլ մաքրագործող աղոթք ու մեծ մորմոք, անսահման սիրուց ծնված ներքին անհուն ցավ աստծո պատկերով ստեղծված մարդու համար, որը մեղքերի ու սխալների մեջ է: «Նարեկի» աղոթքները մարդու առջև դնում են ինքնակատարելագործման խնդիր: Եվ ունենալ Նարեկ (ոչ միայն գրադարակում, այլև քո ներսում) նշանակում է անկեղծ լինել ինքդ քեզ հետ, սկսել գործած մեղքերի խոստովանությունից և գտնվել հոգու զարգացման անընդհատ պրոցեսի մեջ:

Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը հավատացած է, որ «Նարեկն» անցյալի երևույթ չէ, այլ հավերժական ներկա: «Նարեկը» գրական գործ չէ, այլ Աստվածաշնչի մեկնություն: Եվ բուժիչ է միայն այն դեպքում, երբ դառնում է կենդանի խոսք: «Երբ «Նարեկը» կարդում ու մեկնում եմ մարդկանց համար, նրանք խաղաղվում են, խոստովանում, որ ասես իրենց մասին գրված լինի: Բայց ավելի հաճախ մարդիկ չեն հասկանում, իրենց չեն տեսնում այդ տողերում, չեն ցանկանում տեսնել, անկարող են խոստովանել իրենց մեղքերը, թերություններ. գոռոզությունը թույլ չի տալիս: Դրա համար էլ հաճախ հարցնում են` արդյոք «Նարեկը» մարդուն չի նսեմացնում, ցածրացնում: Ոչ, նա մեր իրական դեմքն է ցույց տալիս, և այն մարդիկ, ում մեջ գոռոզություն կա, զգաստանում են, չեն ուզում «Նարեկի» մեջ մտնել»:

Սակայն բուժումը հենց այդտեղից է գալիս. մեղքերի խոստովանությունից ու զղջումից: Եվ այսօրվա բարոյահոգեբանական վիճակում «Նարեկը» միակ հոգևոր սնունդն է, որը կարող է ուղենիշ դառնալ ու փրկել։ Վրա է հասել Իսահակյանի կանխագուշակած ոգու սովը: Գրքի նման հաջողությունը բնական է, բայց դրան դեռ պիտի հաջորդի իմաստավորման փուլը:

Գեղանկարիչ Արմեն Խոջոյանն էլ ասում է, որ չի կարող խոսել Նարեկացու մասին, կարող է խոսել նրա համար: Որովհետև դժվար է խոսել մի համամարդկային երևույթի մաին, որը միևնույն ժամանակ յուրաքանչյուրինն է անհատապես: Որովհետև դժվար ու ծանր է այդ տողերի մեջ զգալ մի մարդու, որն ապրել է իր նյութի մեջ, մարմնի յուրաքանչյուր բջիջում անընդհատ, ամեն վայրկյան զգալով Աստծուն. «Դժվար է ու ծանր զգալ այն մեծ սերը ու ցավը, որ ապրել է Նարեկացին մեղքերի հովտում գտնվող մարդու համար: Բայց եթե զգացիր, կզգաս և այն լույսը, որը պատրաստ պիտի լինես կրել քո մեջ»:

Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը համոզված է` Նարեկացու «Մատյանում» շատ է ներքին մաքրագործման, ինքնաճանաչման ձգտումը, ճիշտ ճանապարհների որոնումն ու աստծո հետ զրույցը: «Ես փորձել եմ հասկանալ Նարեկացուն, հասկանալ, թե որտեղից է այդ լույսը գալիս… նրա հավատն այնքան զորեղ է, որ լույսի պես է մարդուն փոխանցվում: Այդ հավատի ու լույսի խորհրդանիշն էլ ես դրեցի քանդակում, որտեղ մի ձեռքով ասես պահպանում է ներսից եկող այդ լույսը, մյուսով` մատուցում: Իհարկե, հնարավոր չէ այդ աստվածային մեծ երևույթը քանդակում լիարժեք ամփոփել: «Նարեկի» միջոցով գտնում ես սխալներդ, մաքրվում դրանցից։ Ես ինքս փորձում եմ ազատվել, որովհետև դժվար է չարությամբ, ատելությամբ ապրելը, պետք է ներել նրան, ով սխալվել է»:

Նարեկացին գրել է. «Քանզի դու պատվիրեցիր, որ վաղորդայնից մինչև արևամուտ, միևնույն օրում ինն անգամ հիսուն և չորս անգամ տասը հեղ բարիք գործենք` միշտ ակնկառույց սրտով անարգել ներելով միմյանց մեղքերը սիրով»:

«Նարեկը», կամ թույլ տվեք ասել «Նարեկաշունչը» եղել է շատ հայտնի մարդկանց սեղանի գիրքը, ու մինչև սեղանին դնելը պիտի ունենաս այն գիտակցությունը, որ նրա արժեքը շատ ավելին է, քան կարող է որոշել մարդը։ Այն գնելիս անհրաժեշտ է գիտակցել, որ ձեռք ես բերել ավելին, քան գիրքը, ոչ պակաս, քան Աստվածաշունչը:

Այս թեմայով