09 Հունվար 2014, 10:52
6154 |

Որտե՞ղ են հղանում մտքերը

21-րդ դարում նորագույն տեխնոլոգիաները, համացանցն ու սոցցանցերը երբեմն օգնում, բայց ավելի հաճախ խանգարում են ստեղծագործել: Որոշեցինք բացահայտել, թե այս պայմաններում, երբ գրեթե անհնար է դարձել կտրվել միջավայրից, ինչպես են հայ երիտասարդ գրողները ստեղծագործում ու կարողանում առանձնանալ իրենց մուսաների հետ:

Արմեն Օհանյան – 1979 թ.
Արձակագիր Արմեն Օհանյանը հիմնականում դրսում է աշխատում, քանի որ տանը չունի գրելու համար հատուկ հատկացված վայր: Դրսում տարբեր քննարկում-հանդիպումների ժամանակ ծնվում են մտքերը, որոնք դառնում են նշումներ: Քնելուց առաջ էլ գալիս է գրականության հետ մերձենալու պահը: Աշխատում է հիմնականում netbook-ով: Ասում է այն ավելի թեթև է ու հարմար, վաղուց արդեն ձեռքով չի գրում: Մահճակալի կողքին քնադարակն է՝ այստեղ գրքերն են, որ Արմենը կարդում է քնելուց առաջ: Ստեղծագործելու համար Արմեն Օհանյանին համակարգչից բացի ուրիշ ոչինչ պետք չէ՝ չի ծխում, սուրճ չի խմում: Երբեմն, կախված ստեղծագործությունից, լսում է համապատասխան ռիթմի երաժշտություն: Անկախ ամեն ինչից, Արմեն Օհանյանի համար ստեղծագործելիս տարածքը կարևոր չէ, կարևորը մտքերի հետ առանձնանալն է:


Հովհաննես Թեքգյոզյան – 1974 թ.
Արձակագիր, դրամատուրգ և դերասան Հովհաննես Թեքգյոզյանը ստեղծագործում է հոկտեմբերից մինչև մայիս ամիսներին: Ամռանը նախընտրում է ապրել, տարվա մյուս եղանակներին՝ ստեղծագործել: Հովհաննեսին աշխատելիս ոգևորում է մուգ կապույտ գույնը: Այդ պատճառով էլ նրա ննջասենյակ-աշխատասենյակում հենց այդ գույնն է գերիշխում: Հիմնականում երեկոյան աշխատող Հովհաննեսը չի սիրում վառ լույսը. ստեղծագործում է լուսամփոփի լույսի ներքո: Նրա ստեղծագործելու ընթացքն իսկական ծիսակարգ է հիշեցնում: Խոստովանում է՝ ձեռքով գրելը շատ դժվար է: Սիրում է, երբ համակարգչի էկրանին ամբողջությամբ տեսնում է տեքստը: Գրելուց առաջ նախ ծխում է, այնուհետև ակտիվացնում Facebook-ի էջը. նրան անպայման պետք է գրեն, ինքն էլ անպայման պետք է շատ արագ պատասխանի: Այդ մի քանի րոպեները օգնում են, որ մտածի: Սենյակի դուռը, սակայն պետք է կողպված լինի, պահարանի դուռը՝ կիսաբաց, երաժշտությունն էլ՝ միացրած: Հովհաննեսի համար ստեղծագործելու ընթացքում հիմնական խոչընդոտը կենդանի շփումն է:


Հրաչյա Սարիբեկյան – 1979 թ.
Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը ստեղծագործում է տարվա մեջ ընդամենը մեկ ամիս, երբ ընտանիքին «աքսորում» է Վանաձոր: Այդ օրերին Հրաչյան աշխատում է առավոտից երեկո. ուշ երեկոներն ու գիշերները աշխատելու համար չեն: Միայն այդ ընթացքում է, որ ծխում է Միացյալ Նահանգներից պատվիրած սիրելի ծխախոտները, հաճախ նաև սուրճ է խմում: Հավատում է, որ ստեղծագործելուն ծխախոտն օգնում է՝ նախ ժամանակ է լինում քայլելու ու մտածելու, հետո էլ լավ մտքերի համար իրեն թույլ է տալիս ևս մեկ գլանակ՝ ի պարգևատրում: Հրաչյա Սարիբեկյանի պարծանքը անձնական գրադարանն է: Նոր հրատարակություններին շատ գումար է հատկացնում՝ հիմնականում հայերեն և ռուսերեն հատորյակներ են: Սիրում է նաև իրեն շրջապատել սիրելի սիմվոլներով՝ փետուրե գրիչ, ավազե ժամացույց, խաղ-լաբիրինթոս, մահվան սիմվոլ: Չի ափսոսում, որ ամիսների ընթացքում, երբ չի ստեղծագործում, մուսաները գալիս են ու կորչում: Վստահ է՝ մեկ ամսյա ամենօրյա աշխատանքը բոլոր բացերը լրացնում է: Միայն տխրում է, որ առանձին աշխատասենյակ չունի, բայց դա էլ միայն ժամանակի հարց է:


Արքմենիկ Նիկողոսյան – 1979 թ.
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, եթե տանն է, ուրեմն աշխատում է: Ուսը շուտ է սառչում, հագին միշտ կա ոսկու հանքերից մեկի բանվորների համար նախատեսված շատ տաք վերարկու: Այն նվեր է, ունի 9 տարվա պատմություն: Նախ օգնության եկավ ցուրտ օրերին դասի գնալիս, հետո էլ դարձավ մշտական ուղեկիցը: Անգամ ամռանը Արքմենիկը ներքնազգեստի վրայից կրում է վերարկուն ու աշխատում: Ննջասենյակը, որ նաև Արքմենիկի աշխատասենյակն է, աշխատելիս կորչում է ծխի մեջ: Սիրում է շատ ծխել ու շատ սուրճ խմել: Ու քանի որ մոխրաման չի սիրում, սուրճի առաջին բաժակը փոխարինում է մոխրամանին: Գրականագետի համակարգչի դիմացի պատին նկարներ են փակցված, իսկ շուրջը միայն գրքեր ու գրքեր: Դրանց մեծ մասը՝ աշխատանքի բերումով, հատորյակներ են: Ասում է՝ յուրաքանչյուր գրող ու ստեղծագործություն աշխատանքային իր վիճակն է պարտադրում: Հնարավոր չէ, օրինակ, աշխատել Չարենցի ստեղծագործությունների հետ և լինել հավաքված վիճակում, Մեծարենցի դեպքում հակառակն է:


Արամ Պաչյան – 1983 թ.
Արձակագիր Արամ Պաչյանին երբեմն անհրաժեշտ է նույնիսկ մեկ ամիս կենտրոնանալու համար, որ կարողանա աշխատել, օրինակ, մեկ շաբաթ: Աշխատելու համար առանձնանում է ընտանեկան առանձնատանը, որտեղ ոչ ոք չի ապրում: Կարևոր է, որ տեսադաշտում գրքեր չլինեն. հնարավոր բոլոր պահարանները Արամը ծածկել է: Պետք է բացակայեն նաև հեռախոսը, համացանցը, չպետք է լինի կապ ընկերների ու ընտանիքի անդամների հետ: Փայտե վառարանի ջերմությունն ու սուրճն օգնում են աշխատանքին, մտածելու համար էլ սիրում է զբոսնել տանը կից այգում: Ստեղծագործում է առավոտյան երեք ժամ, նույնքան էլ երեկոյան: Միշտ չէ որ գրում է. կարող է նաև նստել ու ոչինչ չանել: Արամն այդ ժամերն էլ է կարևորում: Գրում է ձեռքով՝ համակարգիչը խաբուսիկ է: Սիրում է մտքերը նոթատետրերում ֆիքսել: Երբ հասկանում է, որ այլևս ոչինչ չի ջնջի, օգնության է գալիս համակարգիչը: Անկեղծանում է՝ կարևորն իր համար գրելու ընթացքն է, իսկ թե ինչ կլինի վերջում՝ գիրք կամ ոչինչ, դա արդեն էական չէ:


Սարգիս Հովսեփյան – 1977 թ.
Արձակագիր Սարգիս Հովսեփյանը ստեղծագործում է դասական աշխատասենյակում: Գրասեղանի մի կողմում մեծ գրապահարանն է, հետևում էլ՝ հյուրերին սպասող բազկաթոռներն ու սեղանը: Գրադարանը Սարգիսի ու նրա կնոջ հարստությունն է. տարիների ընթացքում հավաքել են երկու ընտանիքների անդամները: Սարգիսի օրը սկսվում և ավարտվում է աշխատասենյակում: Առավոտյան միացնում է համակարգիչը (արդեն վաղուց ձեռքով չի գրում) ու, հարմար տեղավորվելով, աշխատում է՝ սուրճի ու ծխախոտի ուղեկցությամբ: Իրեն համարում է գիշերային մարդ, սիրում է աշխատել գիշերը: Սեղանի մշտական ընկերներն են Ջեյմս Ջոյսի ու Հերման Հեսսեի ստեղծագործություները: Տրամադրությունից կախված՝ լսում է տարբեր ժանրի երաժշտություն՝ ռոքից մինչև ակումբային: Գրելու ընթացքը շատ է կարևորում, դրանից մեծ բավականություն է ստանում. վերջում հնարավոր է ամեն ինչ ջնջի ու սկսի նորից: Սարգիսն իրեն համարում է քաղաքականացված անձ. դժվարանում է ստեղծագործել, երբ օդում զգում է լարվածություն:

Այս թեմայով