23 Դեկտեմբեր 2013, 14:40
2180 |

Սկսել սիրուց

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 8-ը Ֆլորենցիայում տեղի ունեցավ հերթական Բիենալեն, որին արդեն երրորդ անգամ մասնակցում էր հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը: Ներկայացնելով «Մարութա» կտավը՝ ստեղծված «Սասնա ծռեր» էպոսի որոշ դրվագների հիման վրա՝ նկարիչը գեղանկարչության բնագավառում արժանացավ արծաթե մեդալի, որոնց վրա պատկերված է Ֆլորենցիայի ամենահայտնի տոհմի ներկայացուցիչ Լորենցո Մեդիչի Սքանչելին: Ֆլորենցիայից վերադառնալուց հետո նկարիչը կիսեց իր տպավորությունները, արվեստի շուրջ իր մտքերը և ստեղծագործելու՝ իր սահմանած սկզբունքները:

Ինչո՞վ էր քեզ համար կարևոր մասնակցությունն այս տարվա Ֆլորենցիայի Բիենալեին:

- Մեծ պատիվ էր ներկայանալ մեծ արվեստագետների կողքին, օրինակ՝ Անիշ Կապուրը: Նա, ի դեպ, ոսկե մեդալի արժանացավ: Ուրախ էի, որ մոտ 400 մասնակիցների թվում գնահատեցին նաև իմ աշխատանքը, իմ մասնակցությունն արդեն իսկ վկայում էր, որ ինձ գնահատել են որպես արվեստագետ: Ներկայացրեցի իմ թարմ աշխատանքներից մեկը. Մարութան այն սարն էր, որին Սասունցի Դավիթը շատ հաճախ դիմում էր, և նկարում պատկերված է երկու շեդուների պայքարն այդ լեռան վրա: Արդյունքում հաջորդ տարվա ամռանը հրավիրվել եմ մասնակցելու Դուբլինի Բիենալեին, որը երկրորդ անգամ է անցկացվելու և այնտեղ հավաքում են տարբեր բիենալեների մրցանակակիրներին: Այդ հրավերը ևս կարևոր իրադարձություն է ինձ համար:

Երբվանի՞ց ես սկսել նկարել:

- 9 տարեկանից, մինչև օրս վրձինը վայր չեմ դրել: Ես չեմ ընտրել գեղանկարչությունը, պարզապես ինչ ինձ հիշում եմ՝ նկարում եմ: Մտքովս անգամ չի անցել որևէ այլ մասնագիտություն ընտրել, թեև համոզված եմ, որ նկարիչ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

Քո նկարներով քեզ կարելի՞ է ճանաչել:

- Իմ բոլոր նկարներն էլ ես եմ, իմ զգացմունքներն ու ապրումներն են, տրամադրությունն ու հոգեվիճակը: Ես չեմ կարող խաբել իմ նկարներում. երբ նկարիչը սկսում է խաբել, այլևս ինքը չէ, ուրանում է ինքն իրեն: Ես ամեն կերպ փորձում եմ հավատարիմ մնալ ինքս ինձ, նկարելու միջոցով է՛լ ավելի ճանաչել ինձ ու հասկանալ:

Նոր աշխատանքներդ տարբերվում են հներից, ինչո՞ւ:

- Ես էլ եմ անընդհատ փոխվում, չեմ կարող ամեն օր նույն հաց ու ջրով սնվել, նույն տրամադրությունն ունենալ, նույն հագուստը կրել: Ու որքան ես եմ փոխվում, այնքան էլ փոխվում են աշխատանքներս, գույները, գծերը, թեման, բովանդակությունը: Կան հարցեր, որոնց պատասխանները միայն իմ նկարների մեջ են: Պիկասոն մի հետաքրքիր արտահայտություն ունի. «Ես անում եմ այն, ինչը չեմ կարող անել… որպեսզի սովորեմ»: Ես էլ եմ փորձում հետևել այդ սկզբունքին: Մարդը պետք է մշտապես առաջ գնա, զարգանա, փոխվի, չպետք է տեղում դոփի: Ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, նոր ուղիներ եմ որոնում ինքնարտահայտվելու: Չեմ բացառում, որ մի քանի տարի հետո գուցե գեղանկարչությունից մեկ այլ ժանրի անցնեմ, ի դեպ, արդեն մի քանի փոքրիկ քանդակներ ունեմ: Կարևորը ստեղծագործելու ընդունակությունը չկորցնելն է, դրանով եմ ինձ լիարժեք զգում:

Գծի՞ց ես սկսում նկարել, թե՞ գույնից:

- Սիրուց: Սիրուց են ծնվում նկարները, սիրուց է ծնվում ամեն ինչ: Առանց սիրո անհնար է ճշմարիտ բան ստեղծել, պետք է սիրես այն, ինչ անում ես, ինչ ստեղծել ես: Ուրիշ տարբերակ չկա:

Սերը գույն չունի՞:

- Սերը բոլոր գույներն ու բոլոր գծերն է:

Ե՞րբ ես վրձինը ձեռքդ վերցնում:

- Սովորաբար երեկոյան եմ սկսում նկարել ու այդպես ամբողջ գիշեր կարող է շարունակեմ: Երբ նոր նկարի միտքն ու ցանկությունն արդեն կա, մինչև չավարտեմ, չեմ հանգստանա: Պոռթկումի պահը չեմ կարող բաց թողնել, այլապես նկարն ընդմիշտ կիսատ մնա, իսկ ես չեմ սիրում մի նկարը կիսատ թողնել տարիներով, այդ ընթացքում ուրիշ աշխատանքներ անել, հետո նորից վերադառնալ կիսատին: Ամեն նկարը մի ապրված պահ է իմ կյանքում:

Վատ նկար լինո՞ւմ է:

- Վատ նկար չի լինում: Եթե անգամ լինում է, ուրեմն նկարիչն է վատը:

Քո ո՞ր ձեռքբերումն ես հատկապես արժեվորում:

- Իմ ստացած կոչումները, մեդալներն այնքան կարևոր չեն ինձ համար, որքան, օրինակ, Christie's աճուրդի տան կողմից ընտրվելը: Իմ կյանքում դա կարևոր էջ էր՝ և՛ այն, որ իմ աշխատանքն ընտրվել էր աճուրդի դրվելու համար, և՛ փորձագետների նշանակած նախնական գինը: Արվեստագետի համար հենց նման իրադարձություններն են հավաստում, որ նա գնահատված է: Իսկ այստեղ ստացած կոչումները ոչինչ չարժեն, արտասահմանում անգամ չգիտեն, թե ինչ բան է ՀՀ վաստակավոր նկարիչը, այնտեղ այդպիսի կոչում առհասարակ չկա:

Ի՞նչ արվեստ է ստեղծվում այսօր:

- Ինձ համար չկա երեկվա կամ այսօրվա արվեստ: Արվեստը միշտ կա և մնայուն է, եթե այն իսկապես արժեք է ներկայացնում: Վերջիվերջո արվեստը ստեղծածը վերստեղծելը չէ, արվեստագետը իրավունք չունի համեմատվել բնության հետ: Բնությունը կրկնելու կարիք չկա, պետք չէ ստեղծել այն, ինչ արդեն ստեղծվել է Աստծո կողմից: Ստեղծիր այն, ինչ ինքդ ես զգում, հենց դա էլ կլինի ամենաանկեղծ արվեստը՝ քո արվեստը:

Ռաֆայել Մելիքյանը (Մեգալ) ծնվել է 1983-ի հունվարի 2-ին Երևանում:
1998-2004 սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում:
2008-ից Հայաստանի Հանրապետության Նկարիչների միության անդամ է:
1995-ից սկսած ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների և արժանացել քննադատների բարձր գնահատականին ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում:
Ռաֆայել Մեգալի նկարները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մակեդոնիայի Ժամանակակից արվեստի թանգարանում, Վատիկանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի Սբ Հակոբ եկեղեցում, ինչպես նաև այլ ցուցասրահներում և անհատական հավաքածուներում:
2012-ին Ռաֆայել Մեգալն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:

Այս թեմայով