10 Դեկտեմբեր 2013, 18:42
1353 |

Հանուն արդարության

Հայոց ցեղասպանության մասին աշխատությունը թուրքերեն թարգմանած գրող Զարաքոլուն Հայաստանում է: Նա լավ գիտի, որ այս գրքի տպագրումը թուրքական իշխանությունները չեն ներելու:

Հայոց ցեղասպանության 700 վկայությունները ՝թուրքերեն: Բանահավաք, պատմաբան Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես-վերապրողների վկայություններ» աշխատությունը թուրք առաջադեմ մտավորական, գրող-հրապարակախոս Ռաքըմփ Զարաքոլուն հրատարակել է թուրքերեն: Նա կանխազգում է մեծ արձագանք թուրք հասարակության կողմից, բայց մինչև այդ՝ դեկտեմբերի 12-ին, պարտավոր է ներկայանալ իր դատավարությանը:

Ռաքըփ Զարաքոլուն դեկտեմբերի 9-ին Հայաստան է ժամանել նոր-նոր տպարանից դուրս եկած «Հայոց ցեղասպանություն, ականատես-վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսի առիթով: Նա պայմանական ազատության մեջ է: Ի՞նչ պատիժ է սպասվում իր երկրի դատական մարմինների կողմից, թուրք մտավորականին չի հուզում, կարևորը պարտքը կատարել է: Մի քանի տարի առաջ խոստացել էր թուրքերեն հրատարակել Վերժինե Սվազլյանի մենագրությունը, և գրքի 1500 օրինակներն արդեն պատրաստ են դրվելու թուրք ընթերցողի սեղանին:

«Հայոց ցեղասպանություն. ականատես-վերապրողների վկայություններում» Վերժինե Սվազլյանը հավաքել է եղեռնի ճամփեքով անցած հայ գաղթականների պատմությունները: Դրանցում ստույգ ներկայացված են ոչ միայն թուրքական բռնությունները, այլև տեղանուններ, հայկական գյուղերի ու քաղաքների նկարագրություներ, որոնք հստակ փաստում են վերապրողների՝ Օսմանյան Թուրքիայում բնակվելու մասին: Հեղինակն իր աշխատությունը թուրքերեն թարգմանելու համար վաճառել է ամուսնական զարդերը և վճարել թարգմանչին՝ վստահ, որ մի օր այն կհրատարակվի. երանելի օրը եկել է: Զարաքոլուն գրքի թուրքերեն տարբերակում ոչ մի խմբագրում չի կատարել: Bati Ermenistan (Արևմտյան Հայաստան) և Ermen Soykirimi (Հայոց ցեղասպանություն) արտահայտություններն անխախտ պահպանված են գրքում: Զարաքոլուն լավ գիտի, որ ինչպես Վերժինե Սվազլյանի մյուս գրքերի թուրքերեն թարգմանությունների հրատարակումները չեն ներվել, այնպես էլ այս գրքի տպագրումը թուրքական իշխանությունները չեն ներելու իրեն: Նրա որդին նույն ազատատենչ ու արդարամիտ գաղափարների համար արդեն 2 տարի կալանավորված է:

Մեր մտավորականներն ու պատմաբանները վերապահումով են մոտենում թուրք հասարակության որոշ շերտերի հայանպաստ դիրքորոշմանը: Կասկածում են հայոց ցեղասպանության ճանաչման օգտին խոսող հազարավոր թուրքերի անկեղծությանը, բայց անվերապահորեն վստահում են Ռաքըմ Զարաքոլուի ազնիվ մղումներին: Մտավորական, որը տարիներ շարունակ բանտարկված է եղել թուրքական պետության վարած անազնիվ քաղաքականությունը, քրդերի նկատմամբ անմարդկային կեցվածքը դատապարտելու համար:

Երբ Հայոց ցեղասպանության մասին գրքեր են հրատարակվում հայերեն, ընթերցողը միայն մենք ենք, իսկ երբ այն թուրքերեն է հրատարակվում, գիրքը խփում է ուղիղ նշանակետին:

Այս թեմայով