06 Նոյեմբեր 2013, 13:09
745 |

Անավարտ կինոհեքիաթ

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ավարտից հետո էլ 30 օր շարունակ ներկայացված ֆիլմերը կշրջեն Հայաստանի մարզերով ու զորամասերով:

Առաջին անգամ կինոթատրոն այցելած երեխայի համար հեքիաթն ու իրականությունը խառնվում են: Նրանց համար կինոն չի ավարտվում կինոթատրոնում: Երեխաները կինոէկրաններից իրենց հեքիաթային հերոսներին բերում են իրական կյանք, միս ու արյուն տալիս, ապրեցնում: Մեծահասակների պարտքն է ամեն կերպ պահպանել ու փայփայել սպիտակ էկրաններից իրական կյանք լցվող այդ հեքիաթը:

Հեքիաթը պահպանելու համար կինոարտադրողներից մեծ ջանք, եռանդ ու պատասխանատվություն է պահանջվում: Հարկավոր է լինել հանդիսատեսի պես անկեղծ, երեխային չես խաբի: Մանկական երևակայությունը խաբելը սին աճպարարություն է, ու ռեժիսորները դա լավ գիտեն:

Մանկական փառատոները յուօրինակ տիեզերական հարթակ են մանկապատանեկան հեքիաթում իրենց աստղը վառել ցանկացող ռեժիսորների համար: Փառատոնային մոլորակներով թափառող մանկապատանեկան ֆիլմ-տիեզերանավերը արդեն 9 տարի է , ինչ հնարավորություն ունեն կանգառ վերցնելու Երևանյան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնում: Եվ արդեն 9 տարի է, ինչ այստեղից մանուկների ու պատանիների սիրով ու գնահատականով լիցքավորված բազմաթիվ ֆիլմեր շարունակել են իրենց թռիչքը մանկապատանեկան ֆիլմերի տիեզերքում:

Նոյեմբերի 1-ից 5-ն անցկացվող փառատոնին այս տարի ներկայացված էին 134 անիմացիոն և գեղարվեստական ֆիլմեր 34 երկրներից: Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանի և մարզերի մանուկները հնարավորություն ունեցան դիտելու ու գնահատելու աշխարհում հատուկ իրենց համար նկարահանված ֆիլմերը: 8 անվանակարգերում ներկայացված ժապավենների միջև իսկական պայքար էր ընթանում: Մասնագիտական ժյուրիից բացի ֆիլմերն այս տարի քննում էր նաև մանկապատանեկան ժյուրին: Ու միշտ չէ, որ նրանք համակարծիք էին լինում: Սակայն փառատոնի գլխավոր մրցանակակրի հարցում թե՛ ժյուրին, և թե՛ հանդիսատեսը համակարծիք էին. «Գրան Պրիին» արժանացավ գերմանական «Հրաշամանուկներ» ֆիլմը:

Հայաստանը անիմացիոն ֆիլմերի անվանակարգում ներկայացնող Quantum jump մուլտֆիլմն արժանացավ հատուկ դիպլոմի: Ի տարբերություն նախորդ տարիների, փառատոնն այս տարի հարստացել էր մի քանի նոր՝ «Պատիվ ունեմ» հայրենասիրական, «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային և «Երաժշտական» ֆիլմերի անվանակարգերով:

Կինոդիտումներից բացի, փառատոնային 5 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու «Կինոն' հանդուրժողականության լեզու» և «Խաղաղ ապրելն ավելի լավ է» թեմատիկ սեմինարների, « Հարավաֆրիկյան Հանրապետության օրվա» շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ իրենց աշխատանքներն էին ներկայացրել պատանիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԼՂՀ-ից:

Փառատոնն այս տարի յուրօրինակ սոցիալական հարթակ հանդիսացավ: Մասնացում ու ֆիլմերը գնահատում էին Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները:

Հինգ օրը նման լեցուն ծրագիր ունեցող փառատոնի համար խիստ սահմանափակ ժամկետ է: Այդ իսկ պատճառով մրցանակաբաշխությունից հետո 30 օր շարունակ ներկայացված ֆիլմերը կշրջեն Հայաստանի մարզերով ու զորամասերով:

Թեև փառատոնը փակվեց, սակայն մասնակից մանուկների համար կինոհեքիաթն այդպես էլ չավարտվեց: Վաղվանից երևանյան բակերում կհայտնվեն խաղային նոր հերոսներ:

Այս թեմայով