04 Նոյեմբեր 2013, 13:05
2344 |

Պարանոցի շուրջ ծավալվող արվեստ

Երբ ներկը կաթում է գործվածքի վրա, հոսում հյուսվածքի անցքերով, դժվար է պատկերացնել՝ որտեղ այն կանգ կառնի ու ինչ հետագիծ կթողնի: Նկարիչ Նունե Աղբալյանը ներքին զգացողությամբ է ուղղորդում այդ շարժումը: Արդեն 30 տարի նկարում է գործվածքների վրա ու լավ գիտի՝ ինչպես մետաքսի կտորից արվեստի գործ ստանալ:

Նունե Աղբալյանը ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում: Բայց իր նոր գաղափարը 1-ինը կիսում է հայ արվեստասերների հետ: Painting and printing խորագրով ցուցահանդեսում ներկայացված են մետաքսի վրա արված նկարներն ու դրանց տպագիր տարբերակները: Այստեղ դրանք այլ կիրառություն են ստացել՝ շալեր են, վզկապներ, գլխաշորեր՝ ցուցադրված մանեկենների վրա:

«Սրանք իմ 2 տարվա աշխատանքներն են, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում: Ինձ պատվեր էր տրված այնպիսի գործեր անել, որոնք կարողանան պտտվել, գլխաշորի կամ շալի ձև ունենալ»: Առաջնային խնդիրը տպագրությունն էր, բայց հետո հասկացան, որ ստեղծված իրերը կարելի է նաև կենցաղում օգտագործել, և մարդիկ հաճույքով կարող են այն կրել: Բրենդը հենց այդպես էլ կոչվում է՝ live and wear:

Ցուցահանդես-վաճառքի բացմանը Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատեց. «Նունեի էներգիան անսպառ է, էստեղ հավաքվածներիս կհերիքի ու էլի կավելանա: Կարողանում է անել այն, ինչը շատերը կերազեին՝ լինել արվեստագետ, դասախոս, ընտանիքի մայր...»: «Նաև տատիկ»,- արագ ավելացրեց Նունեն: Բազմամարդ ցուցասրահում դժվար էր չնկատել նկարչուհու փոքրիկ թոռնիկին:

Այս թեմայով