10 Հոկտեմբեր 2013, 14:05
1832 |

Գունաբաժանում. Վարուժան Եփրեմյան

Նկարիչ Վարուժան Եփրեմյանին հանդիպեցինք արվեստանոցում: Աշխատում էր նոր կտավի վրա: Պատմեց գույների իր ընկալման, հաճախ օգտագործվող ու բնավ չգործածվող գույների ներդաշնակ աշխարհի մասին՝ նկարելուն զուգընթաց:

Զգացմունքը վերածվում է ծավալի, ծավալն էլ` գույնի. նրանք միմյանցից անբաժան են: Առանց զգացմունքի չկա ծավալ, հետևաբար` նաև գույն: Հենց զգացմունքն է թելադրում գույնը, իսկ մյուսները հետևում են միմյանց: Սկզբում մթություն է, հետո ծագում է Արևն ու արթնացնում մյուս գույները:

Երբ կանգնած եմ սպիտակ կտավի առջև, ոգեշնչված ու տրամադրված եմ` մոտավորապես գիտեմ, թե ինչ գույներ եմ օգտագործելու: Շատ եմ սիրում այս պահը, երբ տեղափոխվում ես գույների աշխարհ ու փորձում գտնել ամենահարմարը: Կտավը դեռ դատարկ է, կնոջ նման է, որը դեռ չի հղիացել: Հետո զգացմունքները լցնում են հոգիդ ու ծնվում է «երեխան»: 

Ամենահրաշալին այն է, որ այս ամենը կարելի է նույնիսկ մեկ գույնի միջոցով ստանալ: Երբ ուրախ եմ, կողքիս են կարմիրը, դեղինը, սպիտակը, տխրության պահերին մոնոխրոմ գույներն եմ օգտագործում: Բայց իմ ամենասիրելի գույնը փիրուզագույնն է. դա չի նշանակում, որ իմ բոլոր աշխատանքներում այդ գույնը կա:

Կտավներիցս մեկը «Արարչություն: Երրորդ Օր» անվանեցի: Այդ ժամանակ հասկացա, որ փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է, չէ որ նա ամբողջ աշխարհն այդ գույնի երանգներով արարեց: Հետո էլ ավելացրեց վառ գույների ծաղիկները` դա էլ նրա պալիտրան էր:

Իմ պալիտրայի մեջ բացակայում է սև գույնը: Դեռ ուսանողական տարիներին հրաժեշտ տվեցի նրան: Խավարի հետ եմ ասոցացնում: Իսկ եթե սևի կարիք շատ եմ զգում, ապա փոխարինում եմ այն մուգ կանաչի տարբեր երանգներով: Այսինքն` նույնիսկ ամենավատ պահը հույսի նշույլ ունի:

Միանգամից սիրահարվեցի յուղաներկին: Մինչև հիմա էլ հավատարիմ եմ նրան: Երբ զգացմունքներն ու ոգեշնչվածությունը մի քանի օր են տևում, գույները փոփոխվում են: Անցնում ես կտավի կողքով ու ձեռք չես տալիս, մինչև որ չգտնես այն գույնը, որը որոնում ես:

Հիմնականում դասական երաժշտության ներքո եմ աշխատում ու դա էլ մեծ ազդեցություն ունի գույների ընտրության հարցում:

Եթե չլինեին գույները, չէր ծնվի կտավը: Գույնը կյանք է: Պատկերացնում եք, որ բնությունը անգույն լիներ: Չէինք կարող ընկալել գեղեցկությունը: Նկարը պետք է շնչի, պետք է ունենա օդ ու լույս: Իսկ այդ օդը կարող է պատկերվել ցանկացած գույնով:

 

Այս թեմայով