10 Սեպտեմբեր 2013, 15:34
2123 |

Կարճ հաղորդագրություն խավարման մասին

Հայկական կինեմատոգրաֆիայում մեր պատմությանը և հատկապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող ֆիլմեր թեև շատ կան, բայց քչերն են հաջողված կամ հետաքրքիր: «Ինչպե՞ս ներկայացնել պատմության չլուծված հարցերը» խնդիրը հատկապես ակտուալ է Մեծ Եղեռնի մոտալուտ 100-ամյա տարելիցի առթիվ:

Արա Երնջակյանի 2013-ին «Խավարում» 14-րոպեանոց կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի սինոփսիսն իրականում քիչ առնչություն ունի ֆիլմի հետ. «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, մարդկության պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մի ակնթարթում հայտնվում են անդունդում»: Ավելի ընդգծված դրամատիզմ հաղորդելու համար սև-սպիտակ գույներով նկարահանված «Խավարումը» աչքի էր ընկնում Սուրեն Թադևոսյանի գրագետ օպերատորական աշխատանքով, բայց նույնը դժվար է ասել սյուժեի մասին, որը բավականաչափ բովանդակություն չուներ, որպեսզի 14 րոպեում կլաներ և հուզեր հանդիսատեսին: Ֆիլմի ցուցադրմանը հաջորդած քննարկմանը նաև կարծիք հնչեց, թե դերասանների խաղը չափազանց թատերականացված էր: Գուցե նաև դա էր պատճառը, որ պատմությանը հավատալ և կարեկցել չստացվեց անգամ ֆիլմը եզրափակող «Արի իմ սոխակ» օրորոցայինը լսելուց հետո:

Հաջորդիվ ցուցադրվեց երիտասարդ ռեժիսոր Վարդան Դանիելյանի 12 րոպե տևողությամբ «Կարճ հաղորդագրություն» վավերագրական ֆիլմը: Այն պատմում էր Ուջան սահմանամերձ գյուղի մասին, որի բնակիչներն ամեն տարի՝ ապրիլի 24-ին, տասնյակ անվադողեր են բարձրացնում մոտակա բլուրը՝ դրանցով գրելու այն թիվը, որը խորհրդանշում է այդ տարի Հայոց ցեղասպանության տարելիցը: 2011-ին կատարված նկարահանումներում թիվն 96-ն էր, անվադողերը գիշերն այրում են, որպեսզի սահմանից այն կողմ եղած թուրքերին հիշեցնեն նախնիների գործած ոճիրի մասին: Ռեժիսորը ֆիլմը նկարահանել էր առանց որևէ հատուկ էֆեկտների, վավերագրական ֆիլմի անմիջականությամբ և այդ ամենի հետ մեկտեղ պահպանելով ֆիլմի գեղագիտական կողմը: Դահլիճը միանշանակ գերապատվությունը տվեց երկրորդ ֆիլմին, թեև ներկայացված աշխատանքները միմյանց հետ համեմատելն այնքան էլ տեղին չէր՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված էին միայն թեմատիկ և ձևաչափային առումով, մինչդեռ ժանրային տեսակետից ակնհայտ տարբեր կինոնկարներ էին:

Ի դեպ, երկու ռեժիսորներն էլ, չնայած տարիքային տարբերությանը, նախքան ներկայացված ֆիլմերը նկարահանել են ևս երեքական ֆիլմ: Արա Երնջակյանը հեղինակել է «Ժամկետը՝ 7 օր» (1991), «Արմենիկում UPSA» (1999) և «Հոբելյանական հաճախորդ» (2012), իսկ Վարդան Դանիելյանը՝ «Ձկնորսները» (2008), «Էսքիզներ Ոսկեվազյան դաշտերից» (2009) և «Ջազ, ծիրան, Երևան» (2011) կինոնկարները: Ընդ որում՝ թե՛ «Խավարում»-ը, թե՛ «Կարճ հաղորդագրություն»-ը ներկայացված են եղել «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: ՆՓԱԿ-ի 2013-ի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Կարճ հաղորդագրություն»-ն արժանացել է «Հեղինակների ձայն» մրցանակին՝ որպես լավագույն հայկական ֆիլմ:

Այս թեմայով