22 Օգոստոս 2013, 14:27
1390 |

Կոնդասերները

Երևանը 2000-ամյա պատմություն ունեցող այն սակավաթիվ քաղաքներից է, որի ճարտարապետական ափռ-ցփռությունը քաղաքական ու հասարակական քննարկումների, բողոքների ու դժգոհությունների առիթ է տալիս միշտ և բոլորին: Հիմա եկել է այն շրջանը, երբ բարձրահարկ բազալտային շինությունների ֆոնին լուսանկարված կիսավեր հողաշեն տնակը ոգեշնչում ու ստեղծագործելու ցանկություն է արթնացնում:

Անկախությունից հետո Երևանը ստիպված եղավ կրել բազմաթիվ կոսմետիկ, միջանցիկ, վերջում էլ եվրո-վերանորոգումներ: Այս ամենի արդյունքում, վարդագույն քաղաքի սրտում բացվեց հյուսիսային բետոնե սպին, որն էլ իր հերթին, ինչպես կարգն է, իր բետոնախտով արագ վարակեց քաղաքի սրտամկանին հարակից հյուսվածքները: Ու նորարար ճարտարապետական ճաշակը, հարբուխով հիվանդի փռշտոցի նման, սկսեց կլանել հայկականն ու փոխարենը կառուցվեց եսիմ ինչ:

Սակայն, ինչպես յուրաքանչյուր օրգանիզմ, քաղաքն էլ իր կույր աղիքն ունի: Երևանի դեպքում դա Կոնդն է: Հին Երևանից մնացած ու միայն որոշ պատուհաններով եվրոն ճանաչած այդ թաղամասը երկար տարիներ զրկված է եղել երևանցիների ուշադությունից ու համարվել է քաղաքի ամենաանշուք հատվածներից մեկը: Իհարկե, այն տուրիստական կենտրոն չես համարի, սակայն Կոնդն իր կարևորությունը քաղաքի ներբակային քաղաքականության մեջ վաղուց է ապացուցել:

Այսօր էլ այդ թաղամասն իր ճկունությունը չի կորցրել: Այստեղ կողք-կողքի անձրևաջրերով լվացվում են Երևանի պատմության աքսորյալ տները: Ուրբանլաբ Երևանի հիմնադիրները արդեն տասը տարի է՝ ինչ հետաքրքրություն են ցուցաբերում Կոնդի հանդեպ, վերջին երկու տարիներին համապարփակ ուսումնասիրություններ են կատարվել Երևանի համար պատմական կարևորություն ունեցող այդ թաղամասում: Այս հետազոտությունները ոչ միայն թույլ են տվել բացահայտելու Կոնդի յուրահատկությունները, այլև մի շարք արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր են դարձել:

Կոնդի հինն ու ավելի հինը հավաքել ու օգոստոսի 20-ին ՆՓԱԿ-ում ցուցադրության մեջ են մեկտեղել ուրբանլաբ երևանցիներ Լիա Սուրենյանը, Արա Կյուրողլյանը և այլոք: Կիսախավար սրահների սպիտակ պատերի իրար հաջորդող կոնդապատկերները, գունավոր սավանի հայտնվող, անհետացող կոնդագրաֆիտիները բացում են ակնհայտ անտեսանելիի դուռը: Ուստի թե կա ցանկություն մտորելու քաղաքի մասնիկների ամբողջության ու դրանց արժևորման մասին, լավագույն վայրը հիմա ՆՓԱԿ-ն է: «Մանրուք ամբողջությունից, ամբողջությունը մանրուքի մեջ» ցուցադրությունը բաց է օգոստոսի 20-ից 24-ը: 

 

Այս թեմայով