20 Օգոստոս 2013, 13:49
3631 |

Պատմություն կերտող արվեստ

«Ականաթ» ցուցասրահ-սրճարանում բացված անհատական ցուցահանդեսում հայկական փոփ-արտի գոյությունը փաստող նկարները մեկտեղված էին ոչ պակաս փոփ-արտային` «Արմենիկյան հեղափոխություն» խորագրի ներքո:

Արվեստն ընկալելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե երբ և ինչ հանգամանքներում է այն ստեղծվել: Արման Գրիգորյանը վստահ է, որ արվեստի մասին խոսելիս հաճախ են անդրադառնում քաղաքականությանը: Արվեստն առաջացել է բուրժուական կարգերի հաստատմանը զուգահեռ, այսինքն` այն համեմատաբար նոր երևույթ է: Նա համոզված է, որ մինչև այդ նկարչությունն ու քանդակագործությունն արվեստ չեն եղել: «Երբ արվեստն անջատվեց եկեղեցուց, այն ձերբազատվեց պետական պատվեր կրելու «պարտականությունից»: Առաջին արվեստագետը, ով նկարում էր ինքն իր համար, Ռեմբրանտն էր, որովհետև պատվիրատուները չէին վերցնում նրա աշխատանքները: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ գրավվեցին թագավորական պալատները, հարց ծագեց` ի՞նչ անել անցյալը: Բուրժուազիան առաջին դասակարգն էր, որն ուրիշ հայացք ուներ անցյալի նկատմամբ: Նրանք չոչնչացրին այդ անցյալը, պահպանեցին այն իբրև պատմություն: Ներկայիս թանգարանների մեծամասնությունը հարուստների կամ թագավորների տներ են եղել: Սովետական միությունից հետո ունեցանք երկու թանգարան` Պետական պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էր սոցիալիզմ և 1972-ին բացված Ժամանակակից արվեստի թանգարանը` իբրև այլընտրանքային հնարավորություն դիսիդենտական մոդեռնիզմ ցուցադրելու համար: Անկախությունից հետո բացվեց Գաֆեսճյան թանգարանը: Եվ այդ ժամանակ արվեստը ձեռք բերեց ինքն իրեն տեսնելու հնարավորություն: Սա կարելի է կոչել «ֆորմալիզմ»:

Արման Գրիգորյանին չի հետաքրքրում անհատականը: Արվեստի վերաբերյալ նրա ընկալումներն ինստիտուցիոնալ են: Գրականության, կինոյի և թատրոնի համակարգերը, նրա կարծիքով, պետք է վերանայվեն: «Գեղանկարչության մեջ կտավը և յուղաներկը Վերածննդի դարաշրջանի համար նոր նյութեր էին, և դրանց իմաստը նկարը պատից անջատելը և այն տեղաշարժվող դարձնելն էր, նաև` ապասրբականացնելը: Այս առումով նկարչության, այսպես ասած, բուրժուականությունն ավարտվեց մոդեռնիզմի հետ, և հետմոդեռն շրջանում նկարիչները նկարելու համար սկսեցին յուղաներկից և կտավից բացի ուրիշ նյութեր կիրառել: Դա կարող էր լինել նրանց մարմինը կամ ցանկացած այլ օբյեկտ, հիմա նաև` տեսանյութերը: «Ուրեմն կարելի է ենթադրել, որ ժամանակակից կինոն, գրականությունը և թատրոնն այս առումով նահանջում են»,- նշում է արվեստագետը:

Անդրադառնալով հարցին, թե երբ է արվեստը պատմություն դառնում, քննադատն ասաց. «Արվեստը սկսվում է, երբ պատմություն է ունենում: Արվեստը խոսում է պատմությունից և պատմության համար է ստեղծում, այսինքն արվեստագետը ստեղծագործում է, որպեսզի իր արվեստը մտնի պատմության մեջ և հայտնվի թանգարանում, որովհետև թանգարանը հենց այդ պատմության տեղն է: Ստալինի ժամանակ էլ թանգարաններից հանել էին իմպրեսիոնիստների գործերը, և Ռենուարի ու Պիկասոյի մասին գրվում էին միայն բացասական տողեր: Այստեղից հետևություն. արվեստի գործը դառնում է արվեստի պատմության մաս, երբ այն հայտնվում է թանգարանում, նրա մասին գրում են և պատմականորեն դառնում է քննարկման առարկա անցյալի մեջ: Արդիական հիմայի մեջ դժվար է որոշել` որը կմնա, իսկ որը` ոչ»:

Նա նշում է, որ փոփ-արտն ավելի բարձր է, քան փոփ մշակույթը: Ժամանակին կային ամսագրեր, որոնք տարածվում էին աշխարհում: Մարդիկ դրանց միջից կտրատում էին լուսանկարներ, շրջանակի մեջ դնում, և նրանց բոլորովին չէր հուզում այն հարցը` դա բնօրինակն է, թե` ոչ: Զանգվածային վերատպությունների դարաշրջան էր: Եվ հարց ծագեց` արդյոք ժողովրդավարական է, երբ յուրաքանչյուր ոք խոհանոցում ճաշ եփելու ժամանակ ռադիոյով Բախ կամ Մոցարտ է լսում, երբ պետք չէ հատուկ գնալ եկեղեցի կամ ֆիլհարմոնիա այդպիսի երաժշտություն ունկնդրելու համար: Հիմա երաժշտություն ենք լսում ամենուր` սուպերմարկետում, մեքենայում, վերելակում: Այդքան երաժշտություն աշխարհում դեռ երբեք չի լսվել: Աշխարհը լուռ է եղել: Իսկ հեռուստատեսության և համակարգչի ստեղծումից հետո ի հայտ եկավ զանգվածային պատկերների մի ամբողջ հեղեղ, որի հետ բախվում ես նույնիսկ փողոցով քայլելիս: «Բայց դա ցածր արվեստ է, սուբկուլտուրա` ենթամշակույթ: Ի վերջո, արվեստը չի կարող կայուն լինել: Արվեստը գործունեություն է, որը տալիս է հնարավորություն, օրինակ՝կուբիստ նկարիչը, որը ստեղծում է ընկալման նոր օբյեկտ: Նա չի կրկնում աթոռի ձևը»:

Արման Գրիգորյանը հիշեց Մալևիչի հայտնի «Սև քառակուսին»: «Այս նկարի օրինակը կառավարությունը որոշեց գնել 1 մլն դոլարով: Ցուցադրության ժամանակ լրագրողներից մեկի հարցին մի արվեստաբան պատասխանել է. «Գիտե՞ք ինչ, եթե դուք նայում եք այս գործին ու ձեզ ապուշ եք զգում, ուրեմն նկարիչը հասել է իր նպատակին: Բավ է` դուք ամեն ինչ հասկանաք»: Այսինքն` նա ծայրահեղ դեմ գնաց այդ ժամանակի ընդունված «կանոններին»: Արվեստը տարբերվում է գիտությունից սուբյեկտիվությամբ: Օրինակ` Լեոնարդո դա Վինչիին ժամանակակից գիտնականների գործերը քեզ այնքան միամիտ կթվան, բայց Լեոնարդոյի նկարչությունը` երբեք: Այսօր մենք նայում ենք քարե դարի մարդու նկարած բիզոնին և հիանում: Այդ բիզոնը չի նկարվել արվեստի, պատմության կամ հավերժության համար, այլ միստիկ նշանակությամբ` որպես մարդու հարաբերություն բնության հետ: Արվեստի հիմնական հատկանիշը երկխոսությունն է: Իսկ գիտությունն այդպիսին չէ: Նյուտոն կամ Էյնշտեյն կարդալիս երբեք չես մտածի, որ այդ գործը դու ես գրել, բայց արվեստի որևէ գործի նայելիս, ընկալում ես այն` որպես սեփական աշխատանք, և քեզ թվում է` եթե դու լինեիր նկարիչը, հենց այդպես էլ կնկարեիր: Քո Ես-ը քո արթուն ժամանակվա Ես-ն է: Երբ դու քնած ես, դա դու չես, դա քո մի մասն է, որին անծանոթ է քո միջավայրը: Եթե մարդկանց պատմես քո երազը, նրանք վստահ չեն լինի, որ դու ճիշտ ես պատմում, որովհետև երազի դեպքում կա անգիտակցական գրաքննություն: Ինչ-որ առումով երազն արվեստ է` քո սուբյեկտիվ արվեստը: Արվեստն ինձ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ, որպեսզի այնտեղ փոփոխություններ կատարեմ` ի նպաստ ապագայի: Անկախ ամեն ինչից, ինձ համար ամենաբարձր արժեքը ապրող կյանքն է»:

Այս թեմայով