15 Օգոստոս 2013, 13:04
2389 |

Հիշողություններ այլ մոլորակից

Աննան ծնվել է Երևանում, 20 տարեկան է, սովորում է Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետում: 2012-ին Մյունխենում Unica միջազգային փառատոնի ժամանակ իր առաջին կարճամետրաժ «Ուղեղաղաց» ֆիլմը նվաճեց առաջին մրցանակը: Փառատոնին մասնակցելու հրավերը ստացել էր անհատական ցուցահանդեսի ժամանակ: Հենց այդ նույն ցուցահանդեսից պարզ դարձավ, որ Աննան իրեն համարում է սյուրռեալիստ:

Ինչու՞ սյուրռեալիզմ:
- Կյանքն էլ ինքնին աբսուրդ է: Իրականում ինձ համար միևնույն է՝ ինչպես են անվանում իմ  ստեղծագործությունները:

Ի՞նչ եք կարծում, գոյություն ունի՞ հայկական սյուրռեալիզմ:
- Հայկական սյուրռեալիզմ չկա: Այն, ինչ անում են մեր լուսանկարիչները, դեռևս միմիայն կրկնօրինակում է:

Ինչի՞ց է ծնվում գաղափարը:
- Ինձ ոգեշնչել կարող են նույնիսկ աննշան մանրուքները՝  անծանոթի հայացքը, աչքերը, քայլվածքը, մազերի երկարությունը:

Ձեր հոգևոր հայրը նույնպես Դալի՞ն է:
-Ո՛չ,: Ես նրան ընդունում եմ որպես կերպար: Ավելին, իմ կարծիքով, նա տաղանդավոր չի եղել: Կան ավելի տաղանդավոր նկարիչներ, օրինակ՝ Ֆրիդա Կալոն:

Որտեղի՞ց եք գտնում լուսանկարների հերոսներին: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նրանց:
- Երկար ժամանակ նկարում էի միայն  մտերիմներիս, որովհետև բոլորը չէին կարող ընկալել  մտքերս:  Հետո սկսեցի նկարել այն մարդկանց, ովքեր իմ մեջ հիշողություններ էին արթնացնում: Ես կարծում եմ, որ գոյություն ունի մի մոլորակ, որտեղ ես ապրել եմ նախկինում: Հենց այդտեղից էլ ծնվում են իմ հիշողությունները:

Լավ կադր ստանալու համար  ո՞րն է ամենակարևոր պայմանը:
- Ես բեմադրող եմ և երբեք չեմ լուսանկարի առանց պատրաստվելու: Լավ կադրեր ստանալու համար մանրակրկիտ աշխատում եմ յուրաքանչյուր դետալի վրա: Շուտով էլ չեմ զբաղվի լուսանկարչությամբ:  Իմ առաջին կարճամետրաժ «Ուղեղաղաց» ֆիլմը դարձավ ինձ համար ռուբիկոն:

Ինչո՞վ էր պայմանավորված այդ ծանր հոգեվիճակը, որում գտնվում էիք մեկ տարի շարունակ:
- Ցանկանում էի փակվել, կորչել և նույնիսկ մահանալ: Ինֆորմացիայի կտրուկ ավելացում. սա էր պատճառը: Միակ պատճառը:

Ձեր լուսանկարներին անուններ տալի՞ս եք:
- Ո՛չ, երբեք: Ինչ-որ մեկն իմ դրած անվան փոխարեն կարմիր աթոռ է տեսնում, մյուսը՝ լուսին, իսկ մեկ ուրիշը՝ ոչինչ:

Ի՞նչ չասված խոսք կա սյուրռեալիզմի մեջ, որը պատրաստվում եք դուք ասել:
- Ես գտնում եմ, որ սյուրռեալիզմը լուսանկարչության և ֆիլմարտադրության մեջ տեղ չունի, փոխարենն իր ուրույն տեղն ունի գեղանկարչության մեջ:

Դեպրեսիան և սյուրռեալիզմը կողք կողքի՞ են:
- Այո: Շատ սյուրռեալիստներ դեպրեսիայից սկսում են ալկոհոլ օգտագործել, դեղեր խմել: Դրանից խուսափել գրեթե անհնար է:

Իսկ ինչո՞վ է տարբերվում սյուրռեալիստը խելագարից:
- Ոչնչով... Պետք է առնվազն խելագար լինել, որպեսզի դիմացինիդ ընդունի արածդ... Բանական մարդը չի կարող այդպիսի բաներ անել:

Այս թեմայով