29 Հուլիս 2013, 17:36
130 |

Ֆելիքսի արտասովոր աշխարհում

Աուտիզմը հիվանդություն չէ։ Նման բնութագրմամբ մարդիկ պարզապես կարիք ունեն ինչ-որ մեկի, նրանց հետ պետք է անընդհատ աշխատել, ուղղորդել, բացահայտել նրանց բացառիկ ընդունակությունները։

Ռոմանոս Մելիքյան-1, Մանկական զարգացման հիմնադրամ։ Գունեղ ու լուսավոր սենյակներում հատուկ կարիքով երեխաները տարբեր դասեր էին անցնում, միջանցքում ծնողները սպասում էին դասընթացի ավարտին։ Դռան վրա գրված է՝ «Հոգեբանի սենյակ»։ Ներսում երկու երեխա էին, նրանց մեջտեղում՝ ենթադրաբար՝ հոգեբանը։ Մեկը Արմանն է, մյուսը՝ Ֆելիքսը, հոգեբանը՝ Ալինա Մանուկյանը։ Տղաներն ակնդետ նայում էին համակարգչի էկրանին, պատասխանում Ալինայի հարցերին։ Թեև նկատեցին ներս մտնելս, բայց չկտրվեցին պարապմունքից։ Հոգեբանը դարձավ Ֆելիքսին. «Քեզ մոտ լրագրող է եկել, կզրուցե՞ս նրա հետ, ուզում է ծանոթանալ»։ Ծանոթացանք։ Խնդրեցի առաջնորդել խաղասենյակ, որտեղ նրա լուսանկարներն էին փակցված։ Ֆելիքսն անմիջապես գործի անցավ. «Սրանք իմ աշխատանքները չեն, չշփոթեք, խնդրում եմ։ Այս նկարներում մեր կենտրոնի երեխաներն են՝ իմ ընկերները՝ Արմանը, Սուրենը, Դավիթը, Հայկը, Նարեկը։ Մենք ներկում ենք, զրուցում, պլաստիլինով աշխատում»։
Ֆելիքսն 8 տարեկան է, խոսում է գրական հայերեն՝ գրագետ ու անսխալ։ Հասանք խաղասենյակ. պատերին լուսանկարներ էին՝ Թամանյանի, Սայաթ-Նովայի, Վիլյամ Սարոյանի և այլ անվանի մարդկանց արձանները։ Կողքներին Ֆելիքսն էր՝ դեմքի նույն արտահայտությամբ ու նույն կեցվածքով, ինչ մեր մեծերը՝ քանդակներում։ Ֆելիքսը նմանակել էր նրանց։ Նրա հետ աշխատող մասնագետներն էին նկատել, որ երեխան առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր քաղաքի արձանների նկատմամբ։ Զրույցներից պարզել էին, որ ահագին բան գիտի անվանի մարդկանց մասին։ Կենտրոնի գործավար Քրիստինե Բաղդասարյանը մտահղացել է Ֆելիքսի հետ շրջել Երևանում, նրան հնարավորություն տալ պրոֆեսիոնալ սարքով լուսանկարել նախընտրած արձաններն ու եկեղեցիները, կոլաժներ ստեղծել իր ու քանդակների համադրությամբ։ «Նա ամբողջովին տարերքի մեջ էր, կադրը որսում էր անմիջապես։ Եվ ի՞նչն էր ամենահետաքրքիրը. Ֆելիքսը կադրին նկատելի թեքություն էր տալիս։ Սկզբում կարծեցի՝ պատահականություն է, հետո հասկացա, որ միտումնավոր է անում։ Արձանը, եկեղեցին թեք նկարելով՝ բոլորովին այլ պատկեր էր ստանում, այլ իմաստ հաղորդում լուսանկարին։ Ասես երկինք էր հանում կոթողը, պոկում հողից։ Անբացատրելի, վերերկրային զգացողություն էին պարգևում նրա լուսանկարները»,- պատմում է Քրիստինեն։
Ֆելիքսին հետաքրքրում է ամեն ինչ։ Միտքը կենտրոնացնելով երևույթի կամ առարկայի վրա՝ նա խորազնին ուսումնասիրում է այն, ձգտում առավելագույն տեղեկություն ստանալ։ «Կոմիտասը Սողոմոն Սողոմոնյանն է, նա սովորել է Գևորգյան ճեմարանում, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն ավստրիացի կոմպոզիտոր էր, նվագում էր կլավիսին։ Յոհան Սեբաստիան Բախը հիանալի դասական երաժշտություն է գրել։ Սայաթ-Նովան բազմաթիվ երգերի հեղինակ է, ի դեպ, գրել է և՛ բառերը, և՛ երաժշտությունը։ Նրան ամենաշատն եմ սիրում։ Վիլյամ Սարոյանի հերոսներից մեկը՝ փոքրիկ Ջոնին, կարծում եմ, ինձ նման է եղել։ Ալեքսանդր Թամանյանը տաղանդավոր ճարտարապետ է։ Իմիջիայլոց, ես մոռացա ներկայանալ՝ Ֆելիքս Ղավալյան, մասնագիտությամբ՝ ճարտարապետ»,- ավարտեց Ֆելիքսը։ Նրա գիտելիքներն անսպառ են ու բազմաշերտ, կարող է զրուցել ամեն ինչի մասին, ունի վառ երևակայություն, պայծառ միտք։ Նրա հետ աշխատող հոգեբանը պատմեց. «Երբ Ֆելիքսը մեր կենտրոն եկավ, 3 ու կես տարեկան էր։ Երեխան խոսքի զարգացման, հաղորդակցման, ճանաչողական լուրջ խնդիրներ ուներ, դժվարանում էր սեփական ցանկություններն ու մտքերն արտահայտել, ուներ ինքնամփոփ վարք, վախի ու տագնապի մեջ էր, մի խոսքով՝ բժիշկների ախտանիշը՝ աուտիզմ»։ Պարբերական աշխատանքի արդյունքում, ինչպես նաև ծնողների հետևողականության շնորհիվ Ֆելիքսը բավականին առաջընթաց գրանցեց։
Մասնագետները միակարծիք են՝ աուտիզմը հիվանդություն չէ։ Նման բնութագրմամբ մարդիկ պարզապես կարիք ունեն ինչ-որ մեկի, նրանց հետ պետք է անընդհատ աշխատել, ուղղորդել, բացահայտել նրանց բացառիկ ընդունակությունները։ Արտասահմանում այդ մարդիկ ներգրավված են տարբեր ոլորտներում՝ մշակույթ, գիտություն, արդյունաբերություն, անգամ՝ քաղաքականություն։ Հայաստանում բացակայում են նրանց մասնագիտական որակները բացահայտելու, թրծելու և կիրառելու մոտեցումները։ Մեր երկրում նրանք անորոշ ու անհույս ապագա ունեն։ Զրույցի ընթացքում Ֆելիքսը վերցրեց ֆորմուլա-1 խաղալիքը, սեղմեց կոճակն ու անգլերեն հնչող խոսքը սկսեց տեղում թարգմանել՝ նմանակելով մուլտֆիլմերին։ Բառացի չէր թարգմանում, այլ երևակայում էր, որ զրուցում է ոմն Մաքուինի հետ՝ նրան առաջարկելով մինչև կյանքի վերջ իր ընկերը լինել։

Այս թեմայով