22 Հուլիս 2013, 16:22
2941 |

Անբան Հուռուն գործի են դրել

Մոտ 8 մլն դրամ՝ ամսական աշխատավարձի տեսքով. սա է անհրաժեշտ, որ հայկական անիմացիոն ֆիլմադարանում հայտնվի կարճամետրաժ մուլտ-մյուզիքլ «Անբան Հուռին»:

Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթների ու հայկական անիմացիոն ֆիլմի սիրահարները արդեն քանի ամիս է՝ սպասում են, թե ի վերջո երբ է Անբան Հուռին կարճամետրաժ մուլտի տեսքով իրականություն դառնալու: Ռեժիսոր Արթուր Միքայելյանի համար անիմացիոն ֆիլմն ամբողջական տեսքով մեծ էկրան բարձրացնելը արդեն սկզբունքի հարց է: Ռեժիսորը Անբան Հուռին դարձրել է ոչ սովորական կարճամետրաժ մուլտ, այն մուլտ-մյուզիքլ է, իսկ մյուզիքլներ առհասարակ կինոարտադրության մեջ քիչ ունենք. «Այսպես Անբան Հուռին կսիրվի ոչ միայն որպես մուլտ, այլև որպես մյուզիքլ, որովհետև կերպարները հիշվող ու տիպական երգերով են ներկայացված: Թումանյանի բնօրինակից մեր Անբան Հուռին տարբերվում է, որովհետև վերջաբանի մեր տարբերակում գլխավոր հերոսուհին սկսում է աշխատել»:

Անբան Հուռի անիմացիոն ֆիլմը հեքիաթից տարբերվում է նաև նրանով, որ այստեղ առաջին դերում Հուռիի մայրն է, Արթուրի ու ստեղծագործական խմբի մյուս անդամների կարծիքով նա ավելի կոլորիտային կերպար է. «Մեզ մոտ Անբան Հուռիի մայրը ամենաշատ է երևալու կադրում, ուզում ենք շեշտել, որ հենց նա է մեղավոր, որ աղջիկն անբան է դարձել»:

Պատրաստ է անիմացիոն ֆիլմի միայն 5-6 րոպեն, դրա 3 րոպեն հասանելի է համացանցում: Տվյալ պահին ստեղծագործական աշխատանքը չի շարունակվում: Այն, ինչ արել են, հովանավորել են սեփական միջոցներով, որոնք արդեն ավարտվել են: Հովանավոր գտնելու տարբերակը չի գործում, քանի որ դրա համար մենեջմենթական լուրջ աշխատանք է պետք, իսկ նման մասնագետ «Անբան Հուռու» ստեղծագործական խմբում չկա: Ժամանակ առ ժամանակ Արթուրն արտասահմանից նամակներ է ստանում, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է պետք անել, որ իրենց երեխաների սիրած մուլտֆիլմը ամբողջական դառնա: Արթուրը խոստովանում է՝ ֆինանսական հարցերում ճարպիկ չէ, հովանավոր գտնել չի հաջողացնում. «Ես անկեղծ գրում եմ, թե ինչքան գումար է պետք, ինչ աշխատանք դեռ կա անելու: Որպես կանոն իմ պատասխանից հետո ֆիլմով հետաքրքրված մարդիկ անհետանում են: Չգիտեմ՝ երևի պետք է նման հարցերում հատուկ հմտություններ ունենալ»:

Արթուրն «Անբան Հուռու» վրա աշխատելիս նկատել է՝ հայկական անիմացիոն դպրոցն այսօր կարևոր խնդիր ունի: Մենք չունենք մուլտ-նկարիչներ, անիմացիոն ֆիլմի վրա մեծ հաշվով աշխատում են կինոնկարիչներ, իսկ մուլտն իր նրբություններն ու գաղտնիքներն ունի: Արթուրը համոզված է՝ այսօր մենք ունենք 2-3 լավ մասնագետ, ովքեր կարող են գործնական աշխատանքը կրճատել ու ժամանակը տրամադրել նոր սերնդին տեսական գիտելիքներ փոխանցելու գործին. «Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ թատերական ինստիտուտում մուլտ-նկարիչների խումբ ստեղծվեց, բայց առաջին խմբի ավարտելուց հետո դասընթացները դադարեցին: Ճիշտ կլինի գոնե մասնավոր դասեր կազմակերպել, ցանկացողներ շատ կան»:

Անբան Հուռու ստեղծագործական խումբը բաց է առաջարկների ու օգնության համար: Մոտ 8 մլն դրամ՝ ամսական աշխատավարձի տեսքով. սա է անհրաժեշտ, որ հայկական անիմացիոն ֆիլմադարանում հայտնվի կարճամետրաժ մուլտ-մյուզիքլ «Անբան Հուռին»:  

Այս թեմայով