22 Հուլիս 2013, 15:47
1958 |

Հին ու բարի ֆիլմեր. մաս չորրորդ. Ծիծաղելի մարդու երազը

26 տարվա ընդմիջումից հետո Երևան վերադարձա ու լրիվ ուրիշ քաղաք տեսա: Առաջին երկու օրվա ընթացքում ես ու կինս մեր աչքին ծանոթ ոչինչ չէինք գտնում: Բայց, չնայած կենտրոնը լրիվ փոխվել է, ծայրամասերը նույնն են մնացել: Այնպես որ` շուտով գտանք մեր երիտասարդության Հայաստանը` հարազատ ու մոտիկ մարդկանցով, որոնց, փա՜ռք Աստծո, լավ վիճակում տեսանք:

Դոսյե
Ալեքսնադր Կոնստանտինովիչ Պետրովը ծնվել է 1957թ. Յարոսլավլում: 1976-ին ավարտել է Յարոսլավլի գեղարվեստի ուսումնարանը:

1982-ին ավարտել է ԿՀՊԻ գեղարվեստի ֆակուլտետը (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոցը): 1981-1982թթ. աշխատել է «Արմենֆիլմ» ստուդիայում որպես անիմացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ, 1982-1992թթ. ՝Եկատերինբուրգի Սվերդլովսկի կինոստուդիայում: Ստեղծել է 5 անիմացիոն ֆիլմ («Կովը», «Ծիծաղելի մարդու երազը», «Ջրահարսը», «Ծերունին ու ծովը», «Իմ սերը»), որոնք իրենց «կենդանացած գեղանկարչության» մեթոդի շնորհիվ լայն ճանաչում են գտել:

Չորս անգամ ներկայացվել է «Օսկար» -ի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, իսկ 1999-ին արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, անիմատորների միջազգային ասոցիացիայի, ամերիկյան կինոակադեմիայի անդամ է:

Ծիծաղելի մարդու երազը
Ես էլ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, հաճույքով էի մուլտֆիլմեր նայում: Բայց իմ սերն անիմացիայի հանդեպ մանկությանս հետ չանցավ: Մի անգամ, երբ արդեն գեղարվեստի ուսումնարանի ուսանող էի, հայտնվեցի դիտման ստուդիայում. Յուրի Նորշտայնն էր «Աղվեսն ու նապաստակը» ֆիլմի վրա աշխատում: Մեզ տարան սենյակ, նստեցրին, հետո ներս մտավ երիտասարդ, շիկահեր ռեժիսորը, որն ամբողջ ժամանակ կատակում էր ապագա ֆիլմի նյութի մասին ու հռհռում ընկերների հետ: Ես պարզապես ցնցված էի՝ տեսնելով նկարված, բայց դեռ նույնիսկ չհնչյունավորված նյութը: Զարմանալի չէ, որ այն հիմա դասականների շարքում է: Կրթությամբ ես բեմադրող նկարիչ եմ, մոտ տասը ֆիլմ եմ ստեղծել տարբեր ռեժիսորների համար, որոնցից յուրաքանչյուրն իր պահանջներն ուներ: Հաճույքով հարմարվում էի նրանց ցանկություններին՝ ստուգելով սեփական ուժերս, ու ամեն անգամ ինքս ինձնից տարբեր լինելու խնդիր էի դնում: Երբ սկսեցի սեփական ֆիլմեր ստեղծել, արտահայտչական լեզվի ընտրության մեջ խնդիր, կարծես, չկար: Ես բավական արագ հասկացա, որ կարող եմ գաղափարներս գեղարվեստի լեզվով արտահայտել. այն դարձավ իմ ամենահամահունչ գործիքը՝ պարզ ու բնական:

«Կենդանացած գեղանկարչության» ոճն առաջացավ, երբ դադարեցի հոգալ ոճի մասին: Գրեթե յուրաքանչյուր ֆիլմի համար ունեմ իրական նախատիպեր, որոնք ապրում են կողքիս ու որոնց շատ եմ սիրում: Այս ավանդույթն առաջացավ ինքն իրեն, դեռ առաջին ֆիլմում՝ «Կով»-ում: Կարիք չունեի ինչ-որ բան հնարելու. հերոսը որդուս տարիքին էր, ու քանի որ ես նրան հաճախ էի նկարում, այդ կերպարը շատ համահունչ մտավ ֆիլմի մեջ:

«Ծիծաղելի մարդու երազ»-ում երկար ժամանակ չէի կարողանում գտնել Դոստոևսկու հերոսի մասին ունեցած պատկերացումներիս համապատասխանող կերպար: Մոտ երեք ամիս նա բառացիորեն մնաց անդեմ, մինչև մի օր հասկացա, որ օպերատորիս՝ Սերգեյ Ռեշետնիկովի դեմքն այն է, ինչ փնտրում եմ: Նա' որպես շատ համեստ մարդ, փորձում էր հրաժարվել, բայց վերջիվերջո ստիպված էր համաձայնել: Ավելին՝ հագուստը փոխելուց հետո նա կերպարանափոխվեց, նույնիսկ քայլվածքն այլ դարձավ: Թեև ես վատ նկարող չեմ, չէի կարողանա նման դեմք ստեղծել:

Երբ «Ծերունին ու ծովը» դուրս եկավ, ինքս ինձ խոստացա, որ հաջորդ ֆիլմերումս էլ ոչինչ չի կաթի, չի ճողփա, ու ընդհանրապես՝ ջուր հնարավորինս քիչ կլինի: Մուլտիպլիկացիայում ջուր պատկերելու համար պահանջվում է ահռելի աշխատանք ու ժամանակ. չարչարանք է: Մյուս կողմից էլ ջրի գեղանկարչական անիմացիան շատ է զարդարում ֆիլմը: Հանդիսատեսներից շատերն ինձ հետո ասում էին, որ ծովը նրանց այնքան էր հիացրել, որ մոռացել էին բուն պատմությունը:

Երբ «Օսկար» ստացա, հասկացա, որ նկարիչներին, բանաստեղծներին ու երաժիշտներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար պատասխանատու պաշտոնյաների համար նման խաղալիքները բավականին կարևոր են: Բացի դրանից, այս ոսկե մարդուկի շնորհիվ կարողացա իրականացնել վաղեմի երազանքս. հարազատ Յարոսլավլում ստեղծեցի տեխնիկապես զինված ստուդիա:

Մեկ-մեկ ուզում եմ հնարավորինս շուտ արդյունք ստանալ, բայց ստիպված եմ լինում ամիսներով տքնել: Սրանք մասնագիտության վատ կողմերն են, որոնց հետ պետք է հաշտվել: Բայց երբ կադր առ կադր ֆիլմ ես ստեղծում ու հիանում այդ դանդաղ գործընթացով, հասկանում ես, որ նման հիացմունք աշխարհում էլ ոչնչից չես ապրի: Շարժվում ես ինչ-որ հատուկ ռիթմով՝ վայելելով աշխատանքդ: Եվ չնայած հոգով ես շատ անհամբեր եմ, այդ հեռավորությունը դեպի վերջնարդյունք լրիվ համահունչ է իմ կյանքի ռիթմին: Շատ անիմատորներ ստիպված են առանց շունչ քաշելու ֆիլմեր նկարել, որ ապրուստ վաստակեն: Իսկ ես, բարեբախտաբար, ընտրություն կատարելու ունիկալ հնարավորություն ունեմ: Շատ հաճելի վիճակ է. կարող ես առանց շտապելու կշռադատել քայլերդ՝ գիտակցաբար ընդառաջ գնալով դեպի նոր նախագիծը:

Առնվազն ամեն շաբաթ երազումս տեսնում եմ Հայաստանը: Դրանք կոնկրետ դեմքեր, տեսարաններ, խաչքարեր կամ ցայտաղբյուրներ չեն, բայց ես հստակ գիտեմ, որ գտնվում եմ մի տեղ, որն այսպես թե այնպես կապված է Հայաստանի հետ: Այն ապրում է իմ մեջ, ու ես դա վայելում եմ: Առաջին անգամ Երևան եկա 1980-ին, որ «Արմենֆիլմում» Ռոբերտ Սահակյանցի մոտ երկամսյա պրակտիկա անցնեմ: Այդ «հարկադրական» պրակտիկան մեջս այնպիսի զգացմունքներ առաջացրեց, որ մի բան հասկացա. չեմ կարող առանց կինո ապրել ու պետք է աշխատեմ հենց Հայաստանում: Պրակտիկայից հետո ընտանիքիս հետ վերադարձա այստեղ: Աշխատանքի մեկ տարին Հայաստանում ոչ միայն մասնագիտական, այլև հոգեբանական մեծ փորձ էր: Հասկացա, որ չես կարող ապրել կինոյում՝ առանց դրան կատարելապես նվիրվելու: Սկսեցինք նույնիսկ մտածել՝ միգուցե արժի՞ ազգանունս Պետրոսյան փոխել: Հնարավոր է՝ լավ էլ աշխատեի Հայաստանում, բայց դա արդեն ես չէի լինի: Լիարժեք աշխատել կարող եմ միայն ռուսական հողի վրա՝ հենվելով հարազատ պատմության, լեզվի ու մշակույթի վրա: Եվ ես գնացի: Ռուսաստանում շատ տեղեր եղա ու արդյունքում վերադարձա հարազատ Յարոսլավլ: Ինչպես ասում են, «ծնվածս վայրում պետք եկա»: Իսկ Ռոբերտ Սահակյանցը, Յուրի Մուրադյանը, Ստյոպա Գալստյանը, որոնց հետ ես այստեղ աշխատում էի, մինչ օրս չափանիշ են ինձ համար:

Շարքը' շարունակելի

«Ереван» ամսագիր, N1-2, 2009

Այս թեմայով