18 Հուլիս 2013, 18:18
2235 |

Նրանց անհավանական արկածները Հնդկաստանում

12-օրյա ճանապարհորդություն Մումբայից մինչև Չենայ հնդկական ռիքշոյով՝ արկածային վավերագրական ֆիլմ, որի գլխավոր հերոսները երկուսն են՝ ամերիկացի Ռիքն ու կանադացի Քիթը: Գոռ Բաղդասարյանը կինոյով զբաղվում է 13 տարեկանից: «Մանանա» կինոստուդիայի հիմնադիրն է, մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ: «Ոսկե Ծիրանի» շրջանակում ցուցադրված «Hit the road:India» ֆիլմի վրա աշխատել են 2 տարի:

Ինչպե՞ս ծագեց արկածային վավերագրական ֆիլմի գաղափարն ու ինչո՞ւ Հնդկաստան…
- Աշխարհում պարբերաբար մրցարշավներ են կազմակերպվում: Մի անգամ հայ-վրացական սահմանին հանդիպեցի դրանցից մեկի՝ Caucasian Challenge-ի մասնակիցներին, ովքեր Բուդապեշտից ուղևորվել էին Երևան: Մտածեցի, որ նման ճամփորդության մասին վավերագրական ֆիլմը հետաքրքիր կլինի, կապվեցի ամերիկաբնակ ընկերոջս՝ Ռիքի հետ, որը մի անգամ արդեն մասնակցել էր Caucasian Challenge-ին: Հենց նա էլ առաջարկեց առաջիկայում Հնդկաստանում սպասվող մրցարշավին մասնակցել: Ինձ սկզբում դա մի քիչ անհանգստացրեց, որովհետև Բուդապեշտ - Երևանն ինձ ավելի իրագործելի էր թվում: Հետո հասկացա՝ Հնդկաստանով ճամփորդությունը շատ ավելի հետաքրքիր նյութ կարող է դառնալ: Ռիքը ֆիլմի հերոսը լինելուց զատ նաև մեր գործընկերը դարձավ, գտավ կանադացի Քիթ Քինգին, որը ոգևորվեց գաղափարով ու համաձայնեց մասնակցել: Քիթը վառ ու էմոցիոնալ անձնավորություն էր, ով լցրեց ֆիլմը:

Արկածային վավերագրության ժանրում առաջին ֆիլմդ էր: Ինչո՞վ էր առանձնահատուկ այս ժանրը:
- Արկածային վավերագրության ժանրը ֆիզիկապես բարդ տարբերակ է, ու հենց այդ պատճառով էլ ուզում էինք անպայման փորձել այն: Դժվարությունները տաբեր են թե՛ կազմակերպչական, թե՛ նկարահանման գործընթացներում, բայց գլխավորը՝ «արկածային» ածականը վերաբերում է ոչ միայն ֆիլմի բովանդակությանը. նման ֆիլմ նկարահանելն ինքնին մի մեծ արկած է՝ անկանխատեսելի ելքով: Բարդ էր դրան պատրաստվելը թե՛ հոգեբանորեն, թե՛ լոգիստիկ առումներով: Պետք է շատ բան նախօրոք հաշվարկել ռիսկերը մաքսիմալ նվազեցնելու համար ու պատրաստ լինել, որ չնայած դրան՝ լուրջ վտանգի ու ռիսկերի մեջ ես հայտնվելու:

Փաստորեն, մի ամբողջ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար ընդամենը 12 օ՞ր…
- Այո, ստացվում է՝ մի տարի պատրաստվում ես 12 օրում դա անելու համար: Այնինչ, վավերագրության մեջ հիմնականում հակառակն է. նախապատրաստական փուլից հետո սկսվում են նկարահանումները, որոնք տևում են հաճախ շատ երկար: Այս դեպքում մենք գիտեինք, թե երբ է սկսվելու ու ավարտվելու մրցարշավը: Եթե մենք ինչ-որ բան չնկատենք, այլևս երբեք այդ կադրը չենք կրկնի: Թվում է՝ Հնդկաստանը ինքնին հետաքրքիր է, բայց մեր հիմնական մտավախությունն այն էր, որ կնստեն իրենց ռիքշոն, կհասնեն վերջնակետին, ու ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենա ճանապարհին, արդյունքում՝ ֆիլմ չենք ունենա: Բայց մենք ակնհայտորեն թերագնահատել էինք Հնդկաստանը, որովհետև գրեթե ամեն օր ճանապարհին մի բան պատահում էր, ու, կարելի է ասել, ամեն օր մենք բառի բուն իմաստով մահվան աչքերի մեջ էինք նայում:

Ռիսկեր, արկածներ… Դրանցից ո՞րն ես հիշում՝ որպես մի բան, որ երբեք չես մոռանա:
- Թերևս ամենատպավորիչն այն էր, երբ մեզ ձերբակալեցին ահաբեկչության մեղադրանքով: Փյունե քաղաք հասանք գիշերով, հոգնած գնացիք McDonalds-ը, հաց կերանք ու առավոտյան վաղ նորից դուրս եկանք քաղաքից: Հետո իմացանք, որ հենց այդ առավոտ McDonalds-ը պայթեցրել են՝ Պակիստանի հետ պատերազմական իրադրություն է: 2 օր հետո մեզ գտան մի գյուղում, տարան տեղի ոստիկանական բաժանմունք: Ամենաահավորն այն էր, որ մենք անգամ չէինք հասկանում, թե ինչ են ուզում մեզնից, քանի որ առհասարակ տեղյակ էլ չէինք, որ McDonalds-ը պայթեցրել են: Մեր բախտը բերեց, քանի որ մեզ 2 օր հետո էին հայտնաբերել, այդ օրերի ընթացքում Պակիստանի ահաբեկչական խմբավորումն իր վրա վերցրեց հանցագործությունը, ու մեզ բաց թողեցին: Համենայն դեպս, մի ամբողջ օր անցկացրինք ոստիկանական բաժանմունքում: Ու թեև արգելված էր նկարահանել, բայց այնուամենայնիվ որոշ տեսարաններ հաջողացրինք, ու հետագայում դրանք ընդգրկեցինք ֆիլմում:

Կարելի է ասել, որ Հնդկաստանում գլխավոր բացահայտումը մշակո՞ւյթն էր…
- Մեր այցն այդ երկիր իսկական մշակութային շոկ էր: Մումբայ քաղաքն ինձ ցնցեց: Ես երբեք չէի տեսել նման զարգացած քաղաք, որն իր նշանակությամբ համազոր էր Հոնգ-Կոնգին կամ Տոկիոյին, ու միևնույն ժամանակ նման կենսակերպ ուներ: Կյանքի ձևաչափը՝ թե՛ մաքրության, թե՛ կարգապահության իմաստով, ինչ-որ անկառավարելի քաոս է, որում շատ հեշտ կարող է ցնդել համակարգվածության սովոր մարդը: Իհարկե, Հայաստանը ամենաեվրոպական երկիրը չէ, բայց հայերն ավելի շատ արևմտյան կենսափիլիսոփայություն ու կյանքի կազմակերպվածություն ունենք, մեր վարքն ու բարքը արևմտյան է: Մումբայ Մարիոթ հյուրանոցը իմ տեսած ամենաշքեղ հյուրանոցներից էր, միևնույն ժամանակ հենց դրա դարպասների տակ մշտապես աղբ, կեղտ, իրենց կարիքները հոգացող մարդիկ ու առնետներ էին: Այսինքն՝ անձնական տարածության, մաքրության ու կանոնի պատկերացումները միանգամայն այլ մակարդակի վրա են: Հայաստանում, օրինակ, կա լավ և վատ թաղամաս, մաքուր և կեղտոտ տեղեր, ու ամբողջ Եվրոպայում այդպես է: Ինձ համար մինչև վերջ էլ մութ մնաց, թե այնտեղ որն է համարվում լավ թաղամաս, որը՝ վատ, որովհետև ամենուր անկառավարելի քաոս է, ամեն մեկն ինչ ուզում՝ անում է: Պարզ է, որ դա այդպես չէր ու անկառավարելի էր միայն իմ տեսանկյունից, քանի որ իրենց պատկերացմամբ, այդ ամենը լավ էլ վերահսկվում էր:

Մշակութային ահռելի տարբերությունը ֆիլմը դիտելուց հետո հայ հանդիսատեսը կարո՞ղ է իր վրա ինչ-որ կերպ պրոյեկտել:
- Ֆիլմն անգլերեն է ու ի սկզբանե հաշվարկված անգլախոս լսարանի համար: Թերևս գլխավոր թիրախային խումբը ճանապարհորդել սիրողներն են, ու գաղտնիք չէ, որ այդ հատվածը առավելապես արևմտյան երկրներից է, որտեղ ճամփորդելը հաճախ կյանքի փիլիսոփայություն է: Բայց, այդ ամենով հանդերձ, ֆիլմը շատ դինամիկ է՝ իր տեսակով հետաքրքիր դառնալով յուրաքանչյուրին: Բովանդակային գծերից մեկը, որ իմ կարծիքով շատ հետաքրքիր է ստացվել, հենց մշակութային տարբերությունն է՝ կենցաղային, թեթև, կատակերգական մակարդակի վրա: Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են տիպիկ արևմտյան մշակույթի կրող կանադացի և ամերիկացի հերոսները «յոլա գնում» Հնդկաստանում: Դա լավ երևում է տեսարանում, երբ հնդկական ուտելիքներից հոգնած հերոսները գնում են McDonalds, որ վերջապես մարդավարի հաց ուտեն ու դժգոհում են, որ տավարի միս չկա:
Այս առումով, ըստ իս՝ ցանկացած միջին վիճակագրական երևանցի, այնտեղ հայտնվելով, իր վարքով ոչնչով չի տարբերվի, ասենք, Ֆրանսիացի տուրիստից, որովհետև երկուսն էլ միանման շոկ են ապրելու:

Քո կարիերայում այս ֆիլմի դերն ու տեղը ո՞րն է լինելու:
- Մենք մի չգրված սկզբունք ունենք, ըստ որի՝ յուրաքանչյուր նոր նախագիծ պետք է նախորդից 1 կամ 2 աստիճան ավելի բարդ ու դժվար իրագործելի լինի թե՛ տեխնիկական, թե՛ հոգեբանական, թե՛ բովանդակային առումներով, որպեսզի ստիպված չլինենք ևս 2 տարի տեղում դոփել՝ անելով մի բան, որը ոչնչով չի տարբերվի նախորդից: Երբ դեռ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները չսկսած խորհրդակցում էինք այդ ժանրում աշխատող ռեժիսորների հետ, առաջին ռեակցիան միշտ նույնն էր՝ դա ուղղակի ծիծաղելի է, պետք չի անել, լավագույն դեպքում պիտի գնաք BBC-ին ու National Geographic-ին խառնեք իրար, եթե իհարկե երբևէ ձեզ կլսեն, միայնակ գնալն անիմաստ է, որովհետև ամեն ինչ ուղղակի կձախողվի: Ու երևի հենց դա էլ մեզ ստիպեց գործը ավարտին հասցնել, որովհետև մենք վստահ էինք, որ կարող ենք այդ ֆիլմն անել, թեկուզ և մեծ դժվարությամբ: Ու հենց միայն այդ իմաստով այս նախագիծը շատ եմ կարևորում. նույնիսկ եթե ֆիլմը ձախողվի, մենք ուրախ ենք, որ սա արեցինք՝ ձեռք բերելով ավելի շատ գիտելիքներ ու փորձ: Աշխարհում շատ չեն նման օրինակները, երբ փոքր միջոցներով ու անհավատալի փոքր թիմով նկարահանվում է արկածային վավերագրական ֆիլմ, որն այս ժանրում պատերազմականից հետո երևի ամենադժվար իրագործելին՝ ամենածախսատարն ու ռիսկայինը: Հետևաբար՝ սա մեզ համար մեծ նվաճում է:

 

Այս թեմայով