11 Հուլիս 2013, 22:51
2045 |

Վավերագրական արվեստ

«Ինչպե՞ս վարվել, եթե իրական մարդու մասին ֆիլմ ես նկարահանում, նրա հետ կապ հաստատում, գուցե նկարահանումների ժամանակ օգնում ես նրան, եթե, օրինակ, թմրամոլի կամ հիվանդ մարդու մասին է ֆիլմդ: Ինչպե՞ վարվել ֆիլմի ավարտից հետո. մնա՞լ ռեժիսոր, թե դառնալ նաև սոցաշխատող»:

Դոսյե
Վավերագրական կինոյի մասնագետ, «Վավերագրողների եվրոպական ցանցի» հիմնադիր Թուե Սթին Մյուլլերը ծնվել է 1947-ին: Նա հանրահայտ դանիացի կինոգետ է, աշխատում է վավերագրական կինոյի ժանրում: Դանիական և միջազգային պարբերականների համար կինոգիտական բազմաթիվ հոդվածներ է գրել, ավելի քան քսան տարի աշխատել Կինոմատոգրաֆի դանիական կոմիտեում՝ որպես մամլո խոսնակ, տեղեկատվական բաժնի պետ ու թողարկող խմբագիր:

 

«Վավերագրական կինոն արվեստի տեսակ է: Արվեստագիտական, ստեղծագործական, կրեատիվ վավերագրական ֆիլմ. սա՝ որպես տերմին արդեն ընդունված է, հատկապես, երբ խոսում ենք ԵՄ ֆինանսավորմամբ նկարահանվող ֆիլմերի մասին: Սրանց կողքին կան նաև լրագրողական, հետաքննական վավերագրական ֆիլմեր: Իրականում սահմանները լղոզված են: Վավերագրական ֆիլմերն այսօր շատ տարածված են: Դրանք ցուցադրվում են փառատոներում, վերջիններս էլ աճում են սնկի նման: Վավերագրական ֆիլմերը պատմություն են ներկայացնում: Դա կարելի է անել շատ տարբեր եղանակներով: Եվ վավերագիրներն առանց վարանելու, խորշելու օգտագործում են այն հիասքանչ ժանրը, որը կոչվում է դիտարկումային վավերագրություն. մտնում ես սենյակ ու փորձում նկարել՝ ինչ է կատարվում: Փորձում ես աննկատ մնալ, կարծես դու պատի ճանճն ես, թեև դա անհնար է: Կամ մյուս տարբերակը՝ մտնում ես նույն սենյակն ու ասում՝ ով ինչ անի: Կարծում եք՝ դա պակաս ճշմարտացի՞ է: Ըստ իս՝ ոչ. սա պարզապես պատմություն պատմելու մեկ այլ տարբերակ է:

Ժամանակակից հանրամատչելի վավերագրական ֆիլմերը ծնվում են հերոսներով: Նրանք պարտադիր հերոս ունեն: Անցյալում, երբ նկարահանում էին 35 մմ-ով, հետո էլ առանձին ձայն էին գրում, շատ բարդ էր վավերագրական ֆիլմ նկարահանելը: Հետո ինչ, որ խելացի ամերիկացիները հորինեցին՝ ինչպես ձայնն ու պատկերը միաժամանակ ձայնագրել՝ սինքրոն: Հետո տեխնիկան էլ ավելի զարգացավ. ցտեսություն ժապավենին, հայտնվեցին վիդեո ու թվային տեսախցիկները, և բոլորը դարձան վավերագրողներ: Այս ամենը վավերագրական կինոն դարձրեց ավելի ինտիմ, անձնական մի բան: Ժամանակակից վավերագրական ֆիլմերում կարող ես տեսնել հերոսի զգացումներն ու ապրումները անգամ ավելի լավ, քան գեղարվեստական ֆիլմերում: Հիմա, երբ աշխարհի տարբեր ծայրերում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, հակամարտություններ են, մարդիկ անընդհատ նկարահանում են: Բայց դա չի նշանակում՝ վավերագրական կինո են ստանում: Սիրիայում մեկին հարցրեցի՝ վավերագրական ֆի՞լմ եք նկարում, ասաց՝ չէ, մենք վավերագրում ենք:

Վավերագրական կինոյի մեջ կարևոր հարցերից մեկը էթիկայի խնդիրն է: Ինչպե՞ս կապ հաստատել նկարահանվողի ու նկարահանողի միջև: Հարգալից ես արդյոք վարվում ֆիլմի հերոսի հետ, ինքը համաձա՞յն է, որ իր հետ այդպես վարվես: Ինչպե՞ս վարվել, եթե իրական մարդու մասին ֆիլմ ես նկարահանում, նրա հետ կապ հաստատում, միգուցե նաև նկարահանումների ժամանակ օգնում նրան, եթե, օրինակ, թմրամոլի կամ հիվանդ մարդու մասին է ֆիլմդ: Ինչպե՞ս վարվել ֆիլմի ավարտից հետո. մնա՞լ ռեժիսոր, թե դառնալ նաև սոցիալական աշխատող: Այս մասին, կարծում եմ, պետք է նախորոք մտածել ու խոսել նաև հերոսների հետ: Սա ամենակարևոր հարցերից է ժամանակակակից վավերագրական ֆիլմերի աշխարհում»:

Այս թեմայով