08 Հուլիս 2013, 23:56
3121 |

Հայ արվեստը՝ օնլայն աճուրդում

Համացանցում շուտով կգործարկվի hi-artonline.com նախագիծը՝ հայ արվեստի վաճառքի առանջին առցանց հարթակը: Այն միտված է ոչ միայն վաճառելու, այլև միջազգային շուկայում տարածելու և ճանաչելի դարձնելու հայ 20-21-րդ դարերի արվեստը: Նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանում հնարավոր է զարգացնել «արվեստի աճուրդ» գաղափարը:

Ինչպե՞ս եք հայտնվել արվեստի ոլորտում:
- Իմ ծնողները հավաքորդներ են, միշտ հետաքրքրված են եղել հայ արվեստով, 2005-ին Երևանում հիմնել են «Բարձր արվեստ» կենտրոնը, որի գլխավոր նպատակը հայ արվեստի ցուցադրումն էր արտասահմանում: Ես էլ, թեև բոլորովին այլ կրթություն ունեմ, ի սկզբանե այդ ոլորտում ներգրավված եմ եղել, սկզբում՝ որպես դիտող, հետո՝ արդեն մասնակից: Զանազան գործերում օգնում էի կենտրոնին, զբաղվում կազմակերպչական հարցերով: Այնպես որ արվեստի ոլորտը երբևէ օտար չի եղել ինձ համար, ես արվեստի նվիրյալների ընտանիքում եմ մեծացել:

Ո՞ւմն էր hi-artonline.com նախագծի գաղափարը:
- Գաղափարի հեղինակը հայրս է: Երբ հասկացանք, որ միայն ցուցահանդեսներով հայ արվեստը համաշխարհային շուկայում ներկայացնելը բավարար չէ, նա առաջարկեց բացել օնլայն աճուրդի կայք: Ես էլ, ինքս գիտակցելով խնդրի ու ծնողներիս կուտակած հավաքածուի կարևորությունը, սիրով համաձայնեցի զբաղվել այդ կայքի գործարկմամբ: Գնացի այդ ռիսկին, թեև նախկինում արտ-բիզնեսով երբևէ չէի զբաղվել: Սկզբում դա www.aaauction.am կայքն էր, որը գործեց շուրջ մեկ տարի, բայց այդ ընթացքում ունեցանք ընդամենը մեկ հաջողված գործարք: Դա ցույց տվեց, որ Հայաստանում արվեստի շուկան գրեթե զարգացած չէ, չկա հանրային իրազեկվածություն և, հետևաբար, հետաքրքրություն: Մյուս էական պատճառներից էր .am դոմեյնը, որը սահմանափակում էր կայքի՝ համացանցում լայնորեն տարածվելու գործընթացը: Եվ ընդամենը 2 ամիս առաջ ձեռնարկվեց hi-artonline.com նախագիծը, որի բացման մասին ի սկզբանե որոշվեց լայնորեն իրազեկել հանրությանը, շահագրգռել բոլոր հնարավոր կողմերին, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք տեղից շարժել հայ արվեստի շուկան:

Ի՞նչ միջոցներ եք կիրառելու այդ նպատակով:
- Առաջին և ամենակարևոր միջոցառումը ցուցահանդեսն է, որը տեղի կունենա հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում: Այն կրում է «Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից՝ պոստմոդեռն» խորագիրը, որն արդեն հուշում է, թե ինչ կարելի է տեսնել այդ ցուցադրության մեջ: Ներկայացնելու ենք 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարում մեր կողքին ստեղծագործող հայաստանյան և սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները՝ հիմնականում նկար, քանդակ, նաև վիդեո-արտ և մեկ ինստալյացիա, որը փակցվելու է ցուցասրահի արտաքին պատին, ընդհանուր հաշվով՝ 85-90 աշխատանք: Ընդ որում, անպայման որոշել էինք, որպեսզի ցուցահանդեսը բացվի հուլիսի 7-14 տեղի ունեցող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Նման պարագայում հայ արվեստի գործերը տեսնելու հնարավորություն կունենան նաև բազմաթիվ արտասահմանյան հյուրեր. սա մեր արվեստը խրախուսելու, տարածելու ճանապարհին մեր առաջին կարևոր քայլն է լինելու: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի այդ օրը՝ ժամը 16:00-ից մինչև հուլիսի 16-ը:

Ե՞րբ կմեկնարկեն օնլայն աճուրդները hi-artonline.com-ում:
- Կայքն արդեն գործում է, բայց առայժմ միայն որպես օնլայն պատկերասրահ, որտեղ կարելի է տեսնել և՛ ծնողներիս հավաքածուն, և՛ մի շարք ժամանակակից արվեստագետների աշխատանքներ: Վարդան Մախոխյանից ու Գառզուից մինչև Մինաս Ավետիսյան ու Սերգեյ Փարաջանով, արդեն ժամանակակիցներ Սահակ Պողոսյան, Տիգրան Խաչատրյան, Արփա Հակոբյան և շատ այլ արվեստագետներ, որոնց մի մասի հետ հենց նախագծի առիթով եմ վերջապես ծանոթացել և ճանաչել նրանց արվեստը: Իսկ աճուրդը, հուսով ենք, կգործի հուլիսի 16-ից, ամեն ինչ կախված է տեխնիկական խնդիրների լուծումից. բանը նրանում է, որ ոչ մի միջազգային վճարային համակարգ Հայաստանի հետ չի համագործակցում, իսկ դա լուրջ խնդիր է, երբ պատրաստվում ենք ինտեգրվել միջազգային շուկայում:

Իսկ միջազգային շուկայում ինտեգրվելու ճանապարհին միջազգային փորձը հաշվի առնելո՞ւ եք:
- Անպայման: Հայաստանում դեռևս ո՛չ արվեստի շուկան է ձևավորված, ո՛չ էլ առավել ևս օնլայն և կենդանի աճուրդների կազմակերպման մշակույթ կա: Այնպես որ օգտվելու ենք միջազգային փորձից, աշխատելու ենք հավասարվել լավագույն աճուրդի տներին, որոնք արվեստի գործերի հսկայական մասշտաբների օնլայն վաճառք են իրականացնում: Դա մեզ համար էլ է մեծ փորձառություն, քանի որ ամեն ինչ ձեռնարկվել է լավագույն նպատակներով և մեծ ոգևորությամբ:

Ո՞վ է գնահատելու արվեստի գործերը:
- Ես ինձ իրավունք չեմ վերապահում զբաղվել այդ հարցով, քանի որ դա շատ լուրջ մասնագիտական մոտեցում է պահանջում: Արվեստի գործերի գնահատման նպատակով ունենք փորձագիտական հանձնաժողով, համագործակցում ենք մի շարք հեղինակավոր արվեստաբանների հետ, այդ թվում՝ Մարինա Ստեփանյանի, Վարդան Վարդանյանի, ովքեր յուրաքանչյուր աշխատանք դիտարկում են հայ և համաշխարհային արվեստի համատեքստում, հաշվի առնում տվյալ հեղինակի ներդրած ավանդը արվեստի մեջ, նրա ստեղծագործության կարևորությունն ու դերը և մի շարք այլ գործոններ, որոնցով պայմանավորվում է աշխատանքի արժեքը:

Ինչպիսի՞ն էր հայ արվեստագետների արձագանքը Ձեր նախաձեռնությանը:
- Ես մեծ ոգևորություն եմ տեսնում, որն էլ ավելի է խրախուսում՝ լավ աշխատանք կատարելու: Բոլորը միաձայն ողջունում են մեր նախաձեռնությունը և հույս հայտնում, որ, գուցե, դրա միջոցով, վերջապես ոչ միայն Սարյանն ու Քոչարը համարվեն անվիճելի մեծություններ հայ և համաշխարհային համատեքստում, այլև շատ այլ արվեստագետներ, ում մասին աշխարհը դեռ նոր պետք է իմանա:

Ի՞նչ կասեք կենդանի աճուրդ կազմակերպելու մասին:
- Դա իսկապես լուրջ և կարևոր հարց է: Բայց նախ պետք է հետևենք և հասկանանք, թե որքանով իրեն կարդարացնի նախագծի օնլայն ձևաչափը: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Եթե նկատենք, որ հետաքրքրությունն աճում է, զգանք, որ ունենք իրական գնորդների ձևավորվող զանգված, ապա հաջորդ քայլը, անշուշտ, կենդանի աճուրդն է լինելու: Իսկ երբ Հայաստանում անցկացվի կենդանի աճուրդ, կարող ենք ասել, որ արդեն արվեստի շուկա ունենք: 

Այս թեմայով