06 Հուլիս 2013, 12:01
120 |

Հաղթանակի մասին

Հարգելով մեր ժամանակների բոլոր արվեստագետներին` պետք է անկեղծ լինել ու խոստովանել, որ երկար-բարակ հարցազրույցները արվեստագետների հետ` նրանց մուսայի մասին, անհավանական երկար են ձգվում ու որպես կանոն` լինում ձանձրալի: Այս զրույցը բացառություն էր․ խոսքը չսկսվեց ու ավարտվեց գույների մոգականության մասին ռոմանտիկ մտքերով:

Հաղթանակ Շահումյանը նոր ժամանակների գեղանկարիչն է, ում հաջողվել է ազգային խորհրդանիշներն օգտագործել ու չդառնալ պաթետիկ, լինել ժամանակակից ու չհասնել աբսուրդի: Լավ իմաստով տարօրինակ անունը որտեղից է եկել ու իրեն գտել` նկարիչը մինչև այսօր էլ չգիտի: Գիտի միայն, որ անունը հայրն է դրել, նա էլ այնքան խիստ էր, որ անվան ծագման մասին ավելորդ հարցեր տալն անտեղի էր: Հիմա միայն նկարիչը փաստերն իրար է միացնում ու ենթադրում` մեծ քրոջ անունն էլ Վիկտորյա է, 37 թիվը կաշվի վրա զգալուց հետո հայրը հաղթանակը երևի շատ էր կարևորում:

Անունը սկզբում իսկական գլխացավանք էր դարձել, դժվարությունների մասին նկարիչը կես-կատակ, կես-լուրջ է հիշում, փոխարենը անվանափոխության մասին խոսելիս հուզվում է. «Մի անգամ որոշեցի գնալ անունս փոխելու: Անձնագիրը  գրպանս դրեցի ու տնից դուրս եկա։ Ճանապարհին Լևոն Ներսիսյանին հանդիպեցի: Խորհուրդ հարցրի` ինչ նոր անուն ընտրեմ: Սկզբում զարամացավ, հետո ջղայնացավ` եթե անունդ հայրդ է դրել, ուրեմն փոխելուց էլ նրա թույլտվությունը պիտի հարցնես: Իսկ հայրս մահացել էր արդեն: Ասաց` մենք Հաղթանակ Շահումյանին ենք ճանաչում, եթե անունդ փոխես, մենք քեզ այլևս չենք ճանաչի»:

Հաղթանակը Հաղթանակ մնաց, ու այդ անունով էլ ստորագրեց բոլոր իր նկարների տակ, որոնք դրսում հաճախ է ցուցադրում, Հայաստանում` ոչ այնքան: Ծեծված բողոք է, բայց փաստ` Հայաստանում արվեստը աչքաթող են արել, որովհետև երկիրը սոցիալական խնդիր ունի, արվեստագետներն էլ հեռանկար չեն տեսնում: Խոստովանում է՝ փակ երկրի կոմպլեքսով չի տառապում, ավելին՝ շատ երկրներում է աշխատել ու կողքից դիտել։ «Դրսում նկարիչների խնդիրը միայն նկարելն է, իսկ հատուկ մասնագետները այդ նկարների վաճառքով են զբաղվում: Հայաստանում նկարելն էլ, վաճառելն էլ դրված է նկարչի ուսերին։ Ու հիմա ես չգիտեմ` գործազո՞ւրկ եմ, թե պորտաբույծ: Գործազուրկ չեմ, որովհետև աշխատում եմ, բայց մյուս կողմից` եկամուտ չունեմ: Ոչ ոք մի անգամ չմտածեց Հայաստանից մի քանի երիտասարդ ուղարկել արտասահման, որ սովորեն արվեստ վաճառելու գործը, վերադառնան ու օգնեն արվեստագետին իրենց  աշխատանքով գումար վաստակել»:

Հաղթանակ Շահումյանի մասին ինֆորմացիա փնտրելիս` առաջին հորիզոնականում «ազգային խորհրդանիշներ գումարած գեղանկարչություն»  շահումյանական բանաձևն է: Նկարիչը խոստովանում է` հայրենասիրությունից չէ, որ իր նկարներում օգտագործում է դրոշը, զինանշանը. «Առհասարակ չեմ հասկանում, երբ ասում են հայրենիք սիրել, սիրել կարելի է կնոջը: Հայրենիքի հանդեպ պարտավորություն է պետք առաջին հերթին զգալ` ինչ-որ բանով օգտակար լինելու պարտավորություն»: Հաղթանակ Շահումյանը ռոմանտիզմով չի տառապում ու խոստովանում է` մեր ազգային խորհրդանիշներն իր համար լոկ էսթետիկական արժեք չեն, դրանք արժեքավոր են դարձել հայերի համար. «Ամբողջ նկարում դրանք կարող են մի փոքրիկ մաս կազմել: Իսկ առհասարակ ազգային խորհրդանիշները որպես էսթետիկ արժեքներ` ինձ համար շատ արխայիկ են: Զինանշանն ընդհանրապես մեզ հարիր չէ, ավելի շատ հիշեցնում է շոտլանդական ասպետների նշանը»:

Ըստ Շահումյանի՝ որքան արխաիկ են ազգային խորհրդանիշները, այնքան առաջադեմ` հայ գեղանկարչությունը: Իմ համոզմունքին, թե մեր նկարիչները ոչնչով չեն զարմացնում, հակառակվեց` Եվրոպայում հայ արվեստի մաքուր շնչի կարիքը շատ կա. «Հայը ինչ-որ բանի կհասնի միայն այն ժամանակ, երբ գիտակցի, որ մի ընտանիքում մեկը մյուսի գրպանը չի մտնում»:

Հաղթանակ Շահումյանի արվեստանոցից հեռանալուց առաջ բուռն ցանկություն է առաջանում լուսանկարել այն տեսարանը, որ բացվում է պատշգամբից: Սա եզակի  արվեստանոց է, որը գտնվում է ոչ թե նկուղում է, այլ շենքի վերնահարկում: «Սա էլ է խորհրդային նկուղային մտածելակերպի արդյունք, Եվրոպայում նկարիչները մանսարդներում են աշխատում։ Իմ նկարներն էլ վերևում են ստեղծվում»: Նա գիտի հստակ՝ մուսան չի սողում, այլ թռչում է։

Այս թեմայով