30 Հունիս 2013, 18:33
2900 |

Պինգ-պոնգ խաղացողները

Ֆիլմը պատմում է մի աղջկա և երկու տղաների մասին, որոնք փորձում են բեմադրել Վիլյամ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը:

Ֆիլմը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» մեկ գործողությամբ պիեսի հիման վրա: «Երբ 13 տարեկանում կարդացի Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները, մտածեցի, որ անպայման պիտի էկրանավորեմ նրա պիեսնեից որևէ մեկը: Բայց քանի որ հենց պիեսը էկրանավորելու իրավունք ձեռք բերելը երկարատև ու ծախսատար գործընթաց էր, որոշեցի այնպես անել, որ իմ ֆիլմի հերոսները բեմադրեն այդ պիեսը: Այդպես հեշտացրեցի գործս և միաժամանակ իրականացրեցի մեծ ցանկությունս»,- խոստովանում է ռեժիսորը:

Ֆիլմը պատմում է մի աղջկա և երկու տղաների մասին, որոնք փորձում են բեմադրել Վիլյամ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը: Ամբողջ կինոնկարը ծավալվում է այդ պիեսի խոսակցության տեքստի հիման վրա, որը հերոսների առօրյա լեզուն է դառնում՝ պահպանելով իր ձևը, բայց փոխելով բովանդակությունը: Ֆիլմում պարբերաբար խաղարկվում են QR կոդեր, որոնց միջոցով այդ թվում պատմական հուշարձանների մասին տեղեկություններ են հաղորդվում: Իսկ այդ ընթացքում հերոսները կռվում են, հաշտվում, սիրում, դավաճանում, ուրախանում ու լալիս. ասելիքն այն է, որ անկախ տեխնիկական առաջընթացից, երբ երաժշտությունը կենդանի կատարման փոխարեն թվային ձայնագրությամբ ենք լսում, ֆիլմը՝ կինոժապավենի փոխարեն թվային տարբերակով դիտում և այլն, մարդկային հարաբերություններն իրենց բոլոր լավ ու վատ կողմերով մնում են նույնը: «Երբ Սարոյանը գրել է այդ պիեսը, իր հերոսները նույնպիսի խնդիրներ են ունեցել, ինչ այսօր կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը, դրանք չեն փոխվել, որովհետև մարդիկ էլ չեն փոխվում,- ասում է Լիլիթը:- Ես պատկերացնում էի, որ հերոսները, ով էլ լինեն, որտեղ էլ լինեն, կարող են այդ պիեսի խոսակցության մասնակիցները դառնալ, որովհետև այն ինքնին ունիվերսալ էր: Այդպես որոշեցի մեկի փոխարեն մի քանի տեսարանների միջոցով մի ամբողջ պատմություն կառուցել այդ խոսակցության հիման վրա»:

Ի դեպ՝ սկզբում նախատեսվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարել, բայց նկարահանման 2-րդ օրը ռեժիսորը հասկացավ, որ 18-20 րոպեում անհնար կլինի փոխանցել այն ապրումների, հույզերի ու հոգեվիճակների ամբողջությունը, որոնց միջով անցնում են հերոսները: Նկարահանումները տևեցին 10 օր, իսկ ստացված 2 ժամվա հում նյութը մոնտաժի արդյունքում 1 ժամ 25 րոպե տևողությամբ լիամետրաժ ֆիլմի վերածվեց:

Պինգ-պոնգ խաղի շուրջ ծավալված խոսակցությունը ֆիլմում պրոյեկտվում է երեք հերոսների կյանքի վրա, կյանքը խաղի է վերածվում, որը երբեք չի ավարտվում: «Նրանք երեքով իրենց ամբողջական ու երջանիկ էին զգում, իսկ ես սովորեցրեցի, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա միայնակ էլ լիարժեք ու երջանիկ զգալ իրեն»,- մեկնաբանում է ռեժիսորը:

Ֆիլմի դերասանների ընտրությունը միանգամից չի կատարվել: Արսեն Գրիգորյանի պարագայում, ռեժիսորի խոսքով, ունենալով նրա հետ աշխատելու նախկին փորձը, ավելի հեշտ էր կռահել, որ հենց նա է այդ դերի ամենահարմար թեկնածուն: «Լիլիթը երբեք ուղղակիորեն չի առաջարկում դերը: Բայց եթե քեզ է ընտրում այդ դերի համար, սկսում է պարբերաբար քեզ հետ խոսել այդ կերպարի մասին, այնպես է անում, որ սիրես այդ հերոսին: Իմ հերոսի դեպքում էլ այդպես ստացվեց. նրա մասին ինձ պատմելուց հետո այն արդեն իմ ուղեղում, իմ ներսում էր, ու հասկացա, որ պետք է խաղամ այդ դերը, այն այլևս ինձնից զատ չէի պատկերացնում»,- պատմում է Արսենը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը ստանձնել էր Լյուսի Աբդալյանը: Լիլիթի խոսքով՝ նա որպես դերասանուհի՝ ենթարկվում էր տարբեր փոփոխությունների, բայց մնում էր իր ձևի մեջ, ինչով էլ հետաքրքրել էր նրան: Լյուսին ինքը պատմում է, որ ֆիլմի նկարահանման ժամանակ նույնացել էր իր հերոսուհու հետ: «Ես ինձ էի խաղում: Երբ նայում էի հայելու մեջ, իմ հերոսուհուն էի տեսնում, բայց նա ինձնից զատ չէր, մենք նույնն էինք: Լիլիթը մեզ՝ դերասաններիս այնպես էր տրամադրել, որ մենք մեր հերոսների կյանքով էինք ապրում, մենք իրական կյանք էինք ապրում էկրանին»,- նշում է դերասանուհին:

Երրորդ գլխավոր դերակատարը Մանվել Խաչատրյանն էր, որի ընտրությունը շատ պատահական էր ստացվել: «Գնացել էի Ստանիսլավսկու թատրոն՝ բոլորովին ուրիշ դերասանի խաղը տեսնելու համար: Բայց այդ ներկայացման ժամանակ տեսա Մանվելի խաղն ու հասկացա, որ հենց նա է ինձ պետք այդ դերի համար»,- ասում է Լիլիթը: «Ես վաղուց էի հետևում Լիլիթի ստեղծագործությանը և ծածուկ երազում նրա որևէ ֆիլմում խաղալ: Այդ ներկայացումից հետո նա սկսեց պարբերաբար ինձ հետ հանդիպել, զրուցել, և սկզբում ես անգամ չէի էլ գիտակցում, որ ֆիլմում ներգրավվելու իմ գործընթացն արդեն սկսվել է: Նա ինձ աստիճանաբար ծանոթացնում էր այն հերոսի հետ, որին մարմնավորելու էի: Դա իսկապես մեծ փորձառություն էր ինձ համար: Ես իմ հերոսի փոխարեն շատ իրավիճակներում այլ կերպ կվարվեի, բայց դա խնդիր չէր, որպեսզի ամբողջովին ընկղմվեի իմ խաղի մեջ»,- անկեղծանում է դերասանը:

Կոմպոզիտոր Կառլոս Պրոտեուսը ֆիլմի երաժշտությունը գրելու համար սկզբից ևեթ ներգրավված էր նկարահանումների մեջ: «Ես պատրաստի ֆիլմի համար չէի գրում երաժշտությունը, առաջին իսկ րոպեից ներկա էի ֆիլմի ստեղծման գործընթացին, և դա օգնեց ավելի լավ ընկալելու ու կռահելու, թե ինչ երաժշտություն կկարողանա փոխանցել կինոնկարի բովանդակությունն ու տրամադրությունը: Այն ֆիլմի ստեղծմանը զուգընթաց էր հասունանում»,- պատմում է Կառլոսը: 

Լիլիթ Մովսիսյանի նոր ֆիլմը, կինոգետ Սիրանույշ Գալստյանի խոսքով, ցույց է տալիս նրա աճը՝ որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր: «Համեմատած Լիլիթի առաջին ֆիլմի՝ «Մոխրաման»-ի հետ՝ «Կաուչո»-ն շատ ավելի ամբողջական է, ավելի պրոֆեսիոնալ է լուծված: Սյուժեն կտրատված չի, ժամանակի հետուառաջ լինելը չի խանգարում, որպեսզի թելը չկորցնես և մի շնչով կարողանաս դիտել ֆիլմը: Երիտասարդ ռեժիսորի համար սա պրոֆեսիոնալ կատարված աշխատանք է, փորձարարական կինեմատոգրաֆիայի ևս մեկ հաջողված փորձ»,- վստահ է կինոգետը՝ հավելելով, որ արդեն ռեժիսորի հաջորդ աշխատանքներին է սպասում:

«Կաուչո» իսպաներենից նշանակում է ռետին: Պինգ-պոնգի գնդակը ռետինից է պատրաստված, այստեղից էլ ֆիլմի վերնագիրը: Իսկ իսպաներեն այն վերնագրվել է մի պարզ պատճառով. ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի սիրելի գրողը իսպանացի Ֆեդերիկո Գարսիա Լորկան է: 

Այս թեմայով