28 Հունիս 2013, 15:50
121 |

Գունապնակի հակառակ կողմը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը միակ միջոցառումը չէր, որի միջոցով կենտրոնը նպատակ է հետապնդում վարպետին և նրա ստեղծագործությունը ճանաչելի դարձնել հանրությանը: Ցուցահանդեսի բացումից մեկ շաբաթ անց կազմակերպվեց «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» խորագրով բանախոսություն՝ նվիրված արվեստագետի կյանքին և ստեղծագործությանը:

Նախքան բանախոսությունը, շրջեցինք «Արծիվ» ցուցասրահով, որտեղ ներկայացված էին Կալենցի աշխատանքները. գույներ' վառ, անկրկնելի, զարմանալի ու անսպասելի համադրությամբ: Նկարչի մասին կարճ ֆիլմի դիտումից հետո բանախոսությամբ հանդես եկավ Արմեն Եսայանցը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնականը, որի թեկնածուական թեզը, ի դեպ, նվիրված է եղել Կալենցի արվեստում տեղ գտած գույներին:

«Գունապնակի հակառակ կողմը» խորագիրը պատահական չէր: Ներկայացնելով օտար երկրում ծնված, Եղեռնը վերապրած, Լիբանանում մեծ համբավ ու ճանաչում ստացած և ապա հայրենադարձված ու շուրջ 10 տարի մերժված արվեստագետին, որի ստեղծագործությունը սկսեց գնահատվել միայն նրա կյանքի վերջին 10-12 տարիներին՝ Եսայանցը հանդիսատեսին հասկանալի էր դարձնում նաև այն գունային լեզուն, որով արտահայտվում էր վարպետը: Մեկընդմիշտ հրաժարվելով նկարել Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխատանքներ՝ Կալենցն իր բողոքն էր արտահայտում այդ ողբերգության մասին արվեստի միջոցով բարձրաձայնողների դեմ: «Եթե փորձես գրել ցեղասպանության մասին, ձեռքերդ պետք է այրվեն»,- ասում էր նա: Իսկ նկարում էր դիմանկարներ, երբեմն՝ բնանկարներ, կենցաղային տեսարաններ, թեև դրանք էլ էր մատուցում որպես դիմանկար՝ անհատականացված, դիտողի համար փոքր-ինչ անհայտ ու, միևնույն ժամանակ, անմիջական:

Հարություն Կալենցը պատկերները գծերով չէր ստանում, այլ' գույնով. գույնով էր փոխանցում ձևերը, ուրվագծերը, անգամ' իրերի նյութական որակները: Դիմանկարներում միմյանց լրացնող գույներ հակադրելով՝ հերոսների դեմքերին եռաչափության պատրանք էր հաղորդում: «Գույնը նկարչության գագաթն է»,- վստահ էր վարպետը:

Իր հուշերում նա պատմում էր վաղ մանկությունից մնացած դրվագներ, որտեղ գլխավոր դերում գույնն էր՝ իրեն նվիրված ձիուկի սպիտակը, տատիկի շալի վառ գունավոր զոլերը: Մարտիրոս Սարյանը և Մինաս Ավետիսյանը, Կալենցի հետ միասին, գույնի բոլորովին տարբեր, միևնույն ժամանակ' անկրկնելի և հետագա սերունդների համար օրինակելի կիրառություն գտան՝ կերտելով իրենց ձեռագիրն ու հսկայական քայլերով առաջ մղելով գեղանկարչության զարգացումը:

Իր կյանքի վերջին տասնամյակում ճանաչման ու փառքի արժանանալով նաև հայրենիքում՝ Հարություն Կալենցը երբևէ չդավաճանեց իր նկարչական սկզբունքներին, չընդունեց սոցռեալիզմն ու չսովորեց ռուսերեն՝ հավատարիմ մնալով իր ֆովիստական գունապաշտությանն ու ֆրանսալեզու ստորագրությանը: «Արվեստն իմ դրոշն է»,- պնդում էր նկարիչը' իր արվեստով հարթելով փառքի ճամփան:

Այս թեմայով