25 Հունիս 2013, 17:07
1493 |

Հին ու բարի ֆիլմեր. մաս առաջին. աղվեսագիրք

6 մեծանուն մարդիկ, 6 երևույթ մուլտիպլիկացիայի պատմության մեջ, 6 հոգի՝ մեր մանկությունն անմոռանալի ու վառ դարձրած:

Դոսյե
Ռոբերտ Արշավիրի Սահակյանցը ծնվել է 1950-ին Բաքվում: 1964-ից ապրել է Երևանում, 1970-ից աշատել «Արմենֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր: Ռեժիսորական դեբյուտը տեղի ունեցել է 1972-ին «Լիլիթ» ֆիլմով: Ստեղծել է ավելի քան 150 տարբեր ձևաչափի մուլտիպլիկացիոն կինոնկար («Աղվեսագիրք», «Որսորդները», «Բարեկենդանը», «Կապույտ ծովում՝ սպիտակ փրփուրի մեջ», «Կիկոս», «Քաջ Նազար», «Խոսացող ձուկը», «Սեղմակոճակ», «Քե՛զ, Հայաստան», «Պանդոկ» և այլն), որոնք մրցանակների են արժանացել համամիութենական ու միջազգային կինոփառատոններում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ճապոնիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Էստոնիայում ու Հայաստանում: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ: Հանդիսանում է «Արմենֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմերի միության գեղարվեստական ղեկավարը:

Աղվեսագիրք
Տանել չեմ կարողանում հոբելյաններ. դրանք մեծ մասամբ շատ պայմանական են: Բայց հայ մուլտիպլիկացիայի յոթանասունամյակն ինձ համար հավասարարժեք է Լև Ատամանովի ծննդյան տարեդարձին՝ այն մեծ մարդու, որի հասցեին երբեք քննադատություն չեմ լսել: 1968-ին Ատամանովի պատանի աշխատակից Վալենտին Պոդպոմոգովը վերականգնեց մեր երկրում մուլտֆիլմների արտադրությունը՝ հենց նրա ստուդիայում սկիզբ առավ մեր գործը: Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հանգիստ պատկերացնել, թե ինչպես էր Խիտրուկը (նա նույնպես աշխատում էր Ատամանովի հետ) Տերյան փողոցով գնում գործի, որտեղ ուշանալու համար երևի նրա վրա էլ էին այնպես խոսում, ինչպես տարիներ հետո մեզ վրա: Կարճ ասած՝ ինձ ու մեր հյուրերից շատերի համար այս հանդիպումն առաջին հերթին կապված է այն մարդկանց անունների հետ, որոնց շնորհիվ երկրում մուլտիպլիկացիա կա:

Ռոլան Բիկովի հայկական ֆոնդին հաջողվեց հոբելյանին հիասքանչ մարդկանց բերել. այնպիսիներին, որոնց Մոսկվայում նույնիսկ դժվար է մի տեղում հավաքել: Ֆոնդի նախագահ Նունե Մանուկյանն էլ այնքան էր տարվել, որ ամբողջ ժամանակ մեծացնում էր հրավիրվածների ցուցակը: Հյուրերն իրենք էլ էին խոստովանում, որ 15 տարի էր, ինչ այդքան լավ ժամանակ չէին անցկացրել: Կար ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում մուլտիպլիկատորները տարեկան առնվազն երեք անգամ հավաքվում էին ու միմյանց հաշիվ տալիս իրենց նկարած ֆիլմերի մասին: Շատ բան է փոխվել այս ընթացքում, այնպես որ երևանյան հանդիպումն արտասովոր դեպք է: Սովետական միության անհեռատես քաղաքականության արդյունքում առաջացավ պատմությանը, սահմանները ու էլ ինչին ասես պահանջներ ներկայացնող պետությունների մի խումբ: Մյուս կողմից էլ, հենց այն տարիներին բոլոր հանրապետություններում հայտնվեցին կինոն, պատկերասրահները, գիտությունների ակադեմիաները: Արվեստի ու մշակույթի զարգացման համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ:

Առաջին ֆիլմս պատահաբար ստացվեց. ռեժիսոր Արա Վահունին որոշել էր հայկական մանրավեպի ու Տիգրան Մանսուրյանի չքնաղ երաժշտության հիման վրա «Լիլիթ» անունով ֆիլմ նկարել: Բայց նա բոհեմային նկարիչներից էր՝ այդպես էլ գործը չսկսեց: Շուտով նրան հեռացրին աշխատանքից, նախագիծն էլ ինձ տվեցին:

Մի անգամ գուշակն ասել էր կնոջս, որ մեր ամբողջ բնակարանը լի է թուղթուգիրով: Բայց ըստ նրա, անհանգստանալ պետք չէր, քանի որ ինձ պաշտպանում էր նախնիներիցս մեկը: Եվ ես դրանում մի անգամ չէ, որ համոզվեցի (աչքով չտա՛մ): Հայաստանի պետկինոյի նախագահ Ռաֆայել Սամսոնովը «Քաջ Նազարը» դիտելուց հետո ասաց, որ ես ընդհանրապես զուրկ եմ հումորի զգացումից, ու որ պետք է անցնեմ հանգստի: Դա նշանակում էր՝ նկարելու իրավունք չունեմ: Երևի այստեղ էլ այն նախահայրս խառնվեց գործին. հենց այս խոսկացությունից հետո եկա ստուդիա, որտեղ ինձ ասացին, որ Կենտրոնական հեռուստատեսությունն առաջարկում է միութենական հանրապետությունների ժողովրդական հեքիաթների ցիկլին նվիրված մուլտիպլիկացիոն ֆիլմեր նկարել: Հաջորդ հինգ ֆիլմերս ստեղծեցի հայկական հեքիաթների հիմա վրա:

Ամենահայտնի գործերս Ռուսաստանում «Բարեկենդան»-ն ու «Կապույտ ծովում՝ սպիտակ փրփուրի մեջ»-ն են: Ինձ ասում էին, որ ամբողջ սեզոնի ընթացքում հեռուստատեսությամբ «Բարեկենդան»-ը ցույց էին տալիս այնպես, ինչպես նոր տարուն «Ճակատագրի հեգնանք»-ը: Իսկ ամենաշատ աղմուկը բարձրացրեց «Աղվեսագիրքը». ասում էին, որ այն սովետական մուլտիպլիկացիայի մեջ նոր էջ էր բացել: «Որսորդներ»-ն էլ կարող էին արժանանալ նույն ճակատագրին: Այն դիտելուց հետո Խիտրուկը Մոսկվայում կինեմատոգրաֆիստների միության վարչության ժողովին ասաց, որ տարվա վերջում Հայաստանից մի հատ էլ ցնցող ֆիլմ կբերեն: Բայց այն այդպես էլ չհայտնվեց շուկայում: Կար երկու պատճառ՝ մոսկվամետությունն ու հայկական կինեմատոգրաֆիստների բացարձակ արհամարհական վերաբերմունքը:

Իսկ երբ ուզում էի սկսել աշխատել «Աղվեսագրքի» վրա, իմ դեմ մի ամբողջ արշավ սկսեցին: Նույնիսկ փորձում էին սցենարն առնել ձեռքիցս: Բայց վերադարձրին, քանի որ մնացած բոլորը դրանից հրաժարվեցին: Այդպես էլ նկարիչ Հովիկ Դիլաքյանի ու կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի հետ որոշեցինք ազդեցիկ հրաժեշտ կազմակերպել՝ ռոք օպերա ստեղծել: Ուշադրությո՛ւն դարձրեք՝ 1975 թիվ, ԽՍՀՄ: Ի դեպ, ղեկավարության անփութությունը շատ օգնեց մեզ. նրանք աշխատանքային փուլերի ժամանակ ոչ մի ստուգում չանցկացրեցին: Արդյունքում' մենք ամեն ինչ արեցինք մեր ուզածի պես: Հետո իրադարձությունները շատ անսպասելի զարգացան՝ ղեկավարությունը ֆիլմը շատ չհասկացավ, բայց ընդունեց, իսկ հետո այն դիտեց Հայաստանի Պետկինոյի նախագահ Գևորգ Այրյանը: Նա ներկաներին հարցրեց, թե արդյոք ինչ-որ մեկը նայածից բան հասկացավ: Ստուդիայի տնօրեն Կարեն Քալանթարը պատասխանեց, «Ես ոչինչ չհասկացա, բայց հեղինակներին հարցրի: Ասում են՝ հանճարեղ բան է»: Այրյանի պատասխանը հիասքանչ էր. «Ես ժամանակին «Նռան գույնը» չէի հասկացել: Հետո պարզվեց, որ Փարաջանով է: Հիմա եթե չընդունեմ, հետո կպարզվի, որ սխալվել էի, ու խայտառակված կմնամ մինչև կյանքիս վերջ»:

Ինչում վստահ եմ, ագրեսիվ եմ: Ագրեսիվ կերպով չեմ հավատում այն կարծիքին, որ նկարիչն «այս աշխարհից չէ»: Այդպիսիներին ուղղակի չեմ հարգում: Համենայն դեպս հայկական իրականության մեջ մի կողմ քաշվելու իրավունք չունեի: Ուղղակի չէի կարող ապրել պատերազմող, բազմաթիվ ողբերգություններ տեսնող երկրում ու չարձագանքել: ԶԼՄ-ներով էլ եմ հաճախ տարբեր առիթներով ելույթ ունեցել: Մի անգամ էլ հեռուստատեսությամբ հերթական ելույթիցս հետո, որի ընթացքում բավականին անհամակրելի մտքեր էի հայտնել, հեռուստաընկերությունը սկսեց ստանալ սպառնալիքներով նամակներ ու զանգեր: Ու սպառնում էին ոչ թե ինձ, այլ հեռուստաալիքին: Ինձ չէին պատրաստվում վնասել, բայց սպառնում էին սպանել ինձ արտահայտվելու հնարավորություն տվողներին: Ֆանտաստիկ ազգ, որ առաձին գորովանքով է վերաբերվում արվեստին ու արվեստի մարդկանց: Այս պատճառով էր երևի, որ հենց այդ «արգելքներով լի» ժամանակներում ունեինք և՛ ռոք, և՛ ջազ…

Մի անգամ Ալեքսանդր Ցեկալովը զանգահարեց ու ասաց, որ վաղուց է ինձ փնտրում: Հանդիպեցինք, խոսեցինք… Այդպես առաջացավ «Փոքրիկ»-ի տեսահոլովակը: Հետո արդեն նրա «ցուցումով» հետս կապվեց Լյոնյա Ագուտինն ու ստեղծվեց «Լուսին» տեսահոլովակը: Հետաքրքիր է, որ սրանք հենց այն կատարողներն էին, որոնց հետ ինքս էի ուզում համագործակցել: Իսկ թե ինչպես էր ինձ Բորյա Մոյիսեևը գտել, չգիտեմ: Հրաժարվեցի նրա հետ աշխատել: Այսպես ասեմ՝ գաղափարային նկատառումներով:

Ժան Փոլ Սարտրն ասել է, որ եթե «Ջոկոնդային» ու մի կատվի ձագի ջուրն ընկած տեսնի, առանց վարանելու կշտապի կատվին փրկել: Առաջ սրանից վրդովվում էի, իսկ հիմա կարծում եմ, որ չէի էլ շրջվի դեպի «Ջոկոնդան»: Պատմությունը դեռ չի ապացուցել, որ վսեմ ու ոգեշնչված նկարիչները համաշխարհային մշակույթի մեջ հարբեցողներից, կռվարարներից, խուլիգաններից ու կնամոլներից ավելի մեծ ավանդ ունեն:

Շարքը` շարունակելի

«Ереван» ամսագիր, N1-2, 2009

Այս թեմայով