30 Մայիս 2013, 19:05
2213 |

Ինքնաթիռներում բնակվողը

Երբ նա հաղթեց Չայկովսկու անվան մրցույթում, տեղական ու արտասահմանյան մամուլը հեղեղվեց հայազգի նորահայտ թավջութակահարի մասին հոդվածներով։ Իսկ 2 տարի անց Նարեկ Հախնազարյանն արդեն կայացած երաժիշտ է:

Ծանոթ ու հարազատ դարձած նրա կերպարը. ավելի բարձրահասակ, քան առաջ, հսկա թավջութակը մեջքին՝ շտապում է ֆիլհարմոնիայի համերգասրահ՝ փորձի։ Մինչև այդ՝ զրույց-հանդիպում՝ պարզելու՝ ինչ է փոխվել Նարեկի կյանքում 2011-ից ի վեր։

Երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը տարվա մեջ մեկ-երկու անգամ է հայրենիք գալիս։ 2011-ին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակը ռուբիկոն էր, որին հաջորդեցին միջազգային հրավերներն ու մեծ բեմերը։ Համերգային շրջագայություններն ու խիտ ժամանակացույցը դարձել են Նարեկի ապրելակերպը։

Գարնան վերջին տասնօրյակը Նարեկը նվիրեց Երևանին. մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացավ մենահամերգով, ծրագրում՝ Շուման, Գրիգ, Չայկովսկի, Ռախմանինով։ Նարեկին նվագակցում էր վիեննաբնակ դաշնակահարուհի, միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր Նարե Արղամանյանը։ Իսկ մայիսի 29-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թավջութակահարը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգն ունկնդրեց նաև առաջին անգամ մեր երկիր այցելած Ուելսի արքայազն Չարլզը։

Որտե՞ղ ես ապրում, հիմնական բնակավայր ունե՞ս։
-
Ինքնաթիռներում, իսկ պաշտոնապես՝ Մոսկվայում ու Վիեննայում։ Նախապես կազմված համերգային ծրագրի համաձայն՝ ամբողջ տարին ճանապարհորդում եմ։

Ի՞նչ նշանակալի համերգներ են եղել, ո՞ր բեմերում, ո՞ւմ հետ։
- Նվագել եմ Ամստերդամի Կոնցերտգեբաուում, Լա Սկալայի դահլիճում՝ հենց օպերային թատրոնի նվագախմբի հետ։ Համատեղ ելույթ եմ ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ ու սիմֆոնիկ նվագախմբերի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկի հետ։ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ համերգ եմ ունեցել, որը 2014-ին կկրկնենք Լա Սկալայում։

Այդ ամենն ամենօրյա եռանդուն աշխատանքի արդյո՞ւնք է, թե նաև հաջողության, ճիշտ մենեջմենթի։
- Ես այն երաժիշտներից չեմ, որոնք 7-8 ժամ անընդմեջ պարապում են ու երաժշտությունից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։ Պարապում եմ քիչ, բայց արդյունավետ, հասցնում հագեցած կյանքով ապրել։ Ունեմ երկու մենեջեր, մեկը ՝ Լոնդոնում, մյուսը՝ Նյու Յորքում։ Գոհ եմ նրանց աշխատանքից, բայց բախտի գործոնն էլ էական դեր ունի երաժշտի համար։ Շատ կարևոր է` որտեղ ու երբ ես նվագում, նաև՝ ով է քեզ լսում։

Օրինակ՝ ո՞վ կուզեիր` քեզ լսեր։
- Կլաուդիո Կարադոն. կուզեի միասին նվագելու առաջարկ ստանալ։ Նաև`Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Երաժշտության ասպարեզում մեծ նվաճումների հասնելու համար միայն տաղանդն ու հաջողությունը բավարար չեն։ Փորձ է պետք։ Որպես կանոն՝ ավելի շատ վստահում ու հրավիրում են ոչ թե երիտասարդ, այլ փորձառու երաժիշտների։ Սա էլ այս բնագավառի նրբությունն ու առանձնահատկությունն է։ Թեկուզ շնորհաշատ, բայց երիտասարդ երաժիշտներին հրավիրելը մեծ ռիսկ է

Հանդիսատեսը երբևէ դժգոհե՞լ է։
- Չեմ զգացել նման վերաբերմունք, որտեղ էլ նվագել եմ, դահլիճից ջերմություն եմ ստացել։ Բայց կան երկրներ, որոնք առհասարակ սառն են, օրինակ՝ Անգլիան։ Լոնդոնում առաջին ելույթիս ժամանակ, ինչպես միշտ, սպասում էի տաք արձագանքի, բայց հանդիսատեսը մի տեսակ անհաղորդ էր. զարմացա։ Հետո իմացա, որ լոնդոնցիները երաժշտության գիտակ են ու շատ զուսպ են իրենց գնահատականներում։ Կա մի նշաձող, որից այն կողմ չեն անցնում, ինչքան էլ հիացած լինեն ելույթով։ Ամերիկայում, օրինակ, այդպես չէ։ Ամերիկացիները շատ զգացմունքային են։

Իսկ ինչպիսի՞ն է հայաստանյան հանդիսատեսը։
- Մերոնք պահանջկոտ են։ Օտարազգի երաժիշտներին շատ ջերմ են ընդունում, իսկ հայերի հանդեպ խիստ ու խանդոտ են։ Տեսեք` իմ մենահամերգի ազդագրերն այնքան աննկատ տեղերում են դրված, իսկ «Երևանյան հեռանկարներ» փառատոնինը՝ արտասահմանցի երաժիշտների հսկայական նկարներով, փակցված է հենց Օպերայի թատրոնի շենքին՝ վերից վար։ Իմ համերգը բարեգործական է. գոնե դա հաշվի առնելով՝ չարժե՞ր ճիշտ ու հետևողական PR անել, որպեսզի շատ տոմսեր վաճառվեին ու ավելի մեծ հասույթ փոխանցվեր «Նվիրիր կյանք» հիմնադրամին։ Ես դժգոհելու պատճառ չունեմ. թե՛ օտար, թե՛հայ հանդիսատեսն ինձ շատ ջերմ է ընդունում։ Խոսքս ընդհանուր միտումների մասին է։

Քո երկացանկում հայ հեղինակներ կա՞ն։
- Այո, նվագում եմ Ադամ Խուդոյանի սոնատը։ «Բիսսի» դեպքում ներկայացնում եմ Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմտը», Կոմիտասի «Կռունկը»։ Միշտ ներկայանում եմ որպես Նարեկ Հախնազարյան՝ թավջութակահար, Հայաստան: Ի դեպ, միակ երկիրը, որտեղ չեմ նվագի, Ադրբեջանն է։ Թուրքիայում, օրինակ, կնվագեմ, որպեսզի ցույց տամ, թե ինչքան մեծահոգի ենք մենք՝ հայերս, թուրքերի նկատմամբ։

Սիրո՞վ ես այցելում Հայաստան։
- Հայաստան գալիս եմ Հայաստանը կարոտած։ Բայց այստեղ մշտապես հաստատվել չեմ կարող։ Իմ ստեղծագործական ճանապարհներն անցնում են տարբեր մայրցամաքներով։  Երևանյան այցերս իրենց ավանդույթներն ունեն։ Հանդիպում եմ ընկերներիս. ցավով եմ արձանագրում, որ ամեն գալուց նրանց թիվը պակասում է։ Ովքեր մնացել են Հայաստանում, նրանց հետ գնում եմ մեր տան դիմացի քյաբաբնոցը։ Աշխարհում ոչ մի տեղ այդքան համով քյաբաբ չեն պատրաստում, ինչպես այդտեղ: Մյուս անխախտ ավանդույթն իմ ընտանիքի վաղեմի բարեկամ ռեժիսոր Մուշեղ Մինասյանի հետ խորոված անելն է։ Երրորդը` համերգիս հաջորդ առավոտ գերեզմանոց այցելելն է։ Ստացածս ծաղիկները խոնարհում եմ առաջին ուսուցչիս՝ Զարեհ Սարգսյանի շիրմին, որի վաստակն իմ կայացման գործում շատ մեծ է։

Նարեկին արդեն սպասում են Կորեայում։ Երևանյան համերգներին հաջորդելու է Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրա դեբյուտը: Սեուլից անմիջապես Պեկին՝ տեղի սիմֆոնիկի հետ համատեղ համերգի։ Սպասվում է նաև հայազգի երկու երաժիշտների համատեղ համերգ. երկու տաղանդավոր անուններ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Այս թեմայով